«Էս ժողովուրդը, կներեք, ոչխար է, քանի՞ տարի էս ձեւով պիտի ապրեք, չե՛մ հասկանում: Քանի՞ տարի պիտի պատերի տակ կանգնեք: Էսօր եկել ա պահը՝ առա՛ջ գնացեք: Սերժը որ ասում էր՝ առաջ, թող Բագրատյանը առաջ գնա, բայց՝ առանց Լեւոնի: Խնդրում եմ, ինձ ճիշտ հասկացեք, պարո՛ն Բագրատյան»,- երեկ Սիսիանում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հետ հանդիպման ժամանակ այսպիսի բողոքով հանդես եկավ բնակիչներից մեկը:
Հրանտ Բագրատյանն այսպես ասած տոն չտվեց, որ սիսիանցին շարունակի փնովել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպման վերջում այդ բնակիչը, սեղմելով Հրանտ Բագրատյանի ձեռքը՝ ասաց. «Ես քեզ եմ ընտրելու, ցավդ տանեեմ»: Նա շնորհակալություն հայտնեց ընտրողին:
«Ես ձեզ անկեղծ ասեմ՝ հույս ունեմ, որ ամսի 18-ին կստացվի լուրջ դիմադրություն իշխանության թեկնածուին՝ Սերժ Սարգսյանին: Լրջորեն մտածել եմ վիճակի մասին, ծրագրեր եմ կազմել, ինչ-որ լուծումներ ես գտել եմ: Այն, ինչ տեսել ենք վիճակը, պարզապես երկրում ահավոր է»,- սիսիանցիների հետ զրույցում ասաց պարոն Բագրատյանը՝ նրանց կոչ անելով կարդալ իր ծրագրերը եւ նոր որոշել՝ ուզո՞ւմ են փոփոխություն, թե՞ չեն ուզում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ