Հատված ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ հարցազրույցից
-Թեեւ շատերի կարծիքով այս քարոզարշավն առավել զուսպ եւ կոռեկտ է ընթանում, սակայն առողջ մթնոլորտը սկսում է կամաց-կամաց տեղի տալ։ Գուցե պատճառը ընտրությունների մոտալուտ լինե՞լն է, որ լարվածությունից որոշ թեկնածուներ «ակամա» դուրս են գալիս կոռեկտության սահմաններից:
-Այս քարոզարշավն, իրոք, շահեկանորեն տարբերվում է մյուսներից, սակայն որոշ թեկնածուներ սկսում են տրվել քարոզչական գայթակղությանն ու անցնել չգրված սահմանը: Կարծես ոմանց մոտ ներքին «զսպանակը» սկսում է բացվել:
-Օրերս Սերժ Սարգսյանը անհանգստացած արձանագրեց այդ փաստը, թե ոմանք սկսել են կրկին ամեն ինչ «մերոնք-ձերոնքի» բաժանելը։ Անուն չտվեց, սակայն պարզ էր` խոսքը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մասին էր:
-Անթույլատրելի է, երբ փորձ է արվում ամեն ինչ մղել «բարու եւ չարի», «լավի ու վատի», «սեւի ու սպիտակի» դաշտ: Շատ կարեւոր էր Սերժ Սարգսյանի խոսքը, այն կոչ էր՝ ուղղված յուրաքանչյուրին: Մերժելի է նման վարքագիծը, երբ տրվելով պահի ազդեցությանը, փորձ է արվում մարդկանց «համախմբել»` ատելություն սերմանելով:
Նման քայլերը սարսափելի բացասական էներգիա են պարունակում, մենք արդեն առիթ ունեցել ենք տեսնելու, թե ինչ է լինում, երբ ջինը շշից դուրս է գալիս: Իսկ մեզ համար շատ կարեւոր է, որ հասարակությունը, քաղաքական դաշտը նախագահական ընտրություններից դուրս գան միավորված եւ ոչ թե ինչպես եղել է տարիներ շարունակ, բաժան-բաժան եղած: Նման պահվածքը, հավատացեք, «դեպի տաճար չի տանում»:
-Երբեմն այս կամ այն թեկնածուի վարքը արդարացվում է, ասելով` ընտրապայքար է, որին հատուկ է նաեւ պոպուլիզմը: Սակայն չե՞ք կարծում, որ կան հարցեր, որոնց դեպքում, անկախ իրավիճակից, պետք է խիստ զգուշավոր լինել, մասնավորապես երկրի արտաքին քաղաքականության, ԼՂ հիմնախնդրին առնչվող հարցերում: Այս առումով ինչպե՞ս եք գնահատում նույն թեկնածուի հայտարարությունները:
-Նման հարցերում ոչ միայն պետք է զգուշավոր լինել, այլեւ հավասարակշռված եւ գիտակցել՝ ինչ հետեւանքներ կարող է այն ունենալ, ի վերջո, ասածիդ համար նաեւ պետք է հաշիվ տաս:
Օրինակ, ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին «Ժառանգությունը» նոր չէ, որ բարձրաձայնում է, պարզապես այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավն է օգտագործում այդ մասին խոսելու համար: Չի կարելի այդչափ պարզունակացնել մեզ համար ճակատագրական հարցերի լուծումները:
-Եթե նախագահի թեկնածուն խոսում է աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման մասին, հասկանալի է, թե ում է ուղղված նրա ժողովրդահաճո խոսքը: Բայց հաստատ հայ ընտրողին չի ուղղված այն միտքը, թե սահմանապահ ռուսական զորքը պետք է ՆԱՏՕ-ականով փոխարինել:
-Չեմ բացառում, որ դրանք նաեւ մեսիջներ են` որոշակի ուժերի ուղղված: Մյուս կողմից էլ Արեւմուտքը, առավելապես ԱՄՆ-ը, լինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր, հազիվ թե հիացած լինի ԼՂՀ անկախության ճանաչման մասին հայտարարություններով: Իհարկե, կրկնում եմ, չեմ բացառում նաեւ որոշակի մեսիջների առկայությունը, մասնավորապես, երբ խոսվում է ՀԱՊԿ, ՆԱՏՕ հարաբերությունների, մեկը մյուսով փոխարինելու մասին:
Կարծում եմ, առնվազն տարօրինակ է, որ նման «մանկական չարաճճիություն» հիշեցնող հայտարարություններ է անում Հայաստանի ԱԳ նախարար աշխատած թեկնածուն, մինչդեռ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերում նրա խոսքը շատ ավելի լուրջ ու պատասխանատու պետք է լիներ:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»