Նախագահի թեկնածու, ինքն իրեն էպոսագետ համարող Վարդան Սեդրակյանը հայտարարել է, թե ամենայն հավանականությամբ՝ ընտրություններից հետո, փետրվարի 22-ին կամ 23-ին իրեն կձերբակալեն (Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով):
«ՉԻ»– Սա, իհարկե, պրոֆիլակտիկ կանխատեսում է, եւ դժվար է ասել՝ կիրականանա՞, թե ոչ։ Համենայն դեպս՝ էպոսագետի նախորդ կանխատեսումն այն էր, որ ինքը նախագահական ընտրություններում 81 տոկոս ձայն կստանա։ Եթե երկու կանխատեսումներն էլ իրականանան՝ անհարմար բան կստացվի. մարդը նախագահ է ընտրվում եւ անմիջապես ձերբակալվում։ Բայց մյուս կողմից էլ՝ սեփական ձերբակալության վերաբերյալ կանխատեսումը նաեւ դրական կողմ ունի, եթե ձերբակալեն՝ կասի «տեսա՞ք ինչ հանճարեղ պայծառատես եմ»։ Եվ ինչ-որ իմաստով շահած դուրս կգա։
Իսկ ընդհանրապես՝ եթե անգամ պրն Սեդրակյանին ձերբակալեն, դա սովորական ձերբակալություն չի լինի։ Համենայն դեպս նա կարող է հայտարարել, որ ինքն ընդամենը ժամանակավորապես մեկուսանում է եւ կվերադառնա միայն այն ժամանակ, երբ ցորենը դառնա մասուրի չափ, իսկ գարին՝ ընկույզի։
«Չորրորդ ինքնիշխանություն»
Կարդացեք նաև