Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը այսօր հրապարակեց խարդախության եւ վաշխառության համար մեղադրվող, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր Սամսոն Ղազարյանի դատավճիռը: Նա դատապարտվեց խարդախության համար 4 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման, իսկ վաշխառության հոդվածով՝ 1 տարի, ինչի կապակցությամբ, սակայն, դատարանը Սամսոն Ղազարյանի նկատմամբ կիրառեց անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը:
Սամսոն Ղազարյանը հանդես եկավ վերջին խոսքով: Նա ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում, որ այս գործով տուժող, ԳԽ պատգամավոր, Դաշնակցության խմբակցության նախկին ղեկավար Մեխակ Գաբրիելյանը, որին ինքը տվել է 120 հազար դոլար գումար, իր ցուցմունքներում ստել է, ասելով , թե ինքը իբր տոկոսով գումար է տվել: Ըստ Ս. Ղազարյանի, Գաբրիելյանի ասածները նախաքննական մարմինը հալած յուղի տեղ է դրել: Մեխակ Գաբրիելյանը շարունակ պնդել է, թե վարկ է վերցրել, մինչդեռ, ըստ Ս. Ղազարյանի՝ նա թաքցրել է իրենից վերցրած գումարները, որպեսզի բոլորին ասի, թե Ս. Ղազարյանին է տալիս:
Իր վերջին խոսքում Ս. Ղազարյանն ասաց, որ սուտ ցուցմունքներ են տվել Մեխակ Գաբրիելյանի հարազատ հանդիսացող Ազատ Արշակյանը եւ Վարդան Հարությունյանը: Նա ասաց, որ դատարանին դիմել էր, որպեսզի Աշոտ Մանուչարյանը եւ Ալիկ Արզումանյանը գային դատարան, որոնք կպնդեին, թե ինչ «սուր խոսակցություն» է եղել իր եւ Վարդան Հարությունյանի միջեւ: «Ի վերջո, ե՞րբ է Մ. Գաբրիելյանը վարկ վերցրել: Այս հարցը չպարզվեց, իսկ այս հարցը կապված է նրա հետ, որ ինձնից է գումարը վերցրել, յանըմ ձեռը գումար չկա: Իմ արարքում ոչ վաշխառություն կա, ոչ էլ խարդախություն»,- ասաց Ս. Ղազարյանը:
Ի դեպ, ռեպլիկի կարգով հանդես եկած նրա պաշտպանը՝ Վարդան Զուռնաչյանը դատարանին հայտնեց, որ իրականությանը չի համապատասխանում մեղադրանքում նշված 190.725 ԱՄՆ դոլար գումարը մինչեւ 10% հավելավճարով Ս. Ղազարյանի կողմից ստանալը: Նա խնդրեց արդարացնել Սամսոն Ղազարյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ մեղադրող Սամվել Հարությունյանը պահանջել էր 5 տարվա ազատազրկում: Ս. Ղազարյանի նկատմամբ ազատազրկումը կիրականացվի դատարանի վճիռը օրինական ուժ ստանալու պահից:
Սամսոն Ղազարյանը Aravot.am-ին հայտնեց, որ անպայման բողոքարկելու է դատավճիռը: Ի դեպ, բողոքարկման համար կա մեկամսյա ժամանակ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ