Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օլիգարխների դեմ խաղ չկա՞

Փետրվար 13,2013 11:57

«Համաձայն իր զարգացման ռազմավարության, «Կարֆուրը» շարունակում է ուսումնասիրել հայկական շուկան եւ ծրագրում է բացել առաջին խանութը առաջիկա 12 ամիսների ընթացքում»,- ահա այսպիսի կարճ պատասխան ենք ստացել «Կարֆուրի» կենտրոնական գրասենյակին հղած մեր հարցերին։

Սա թերեւս, այդքան էլ տարօրինակ չէր հնչի, եթե մենք ընդամենը հարցրած լինեինք, թե ինչ կա-չկա, բա էս ո՞ւր էք, չեք երեւում։ Իսկ մեր հարցերը, մեղմ ասած, շատ ավելի ընդգրկուն պատասխաններ էին ենթադրում։ Մասնավորապես, ինչո՞ւ այդպես էլ տեղի չունեցավ «Կարֆուրի» հիպերմարկետի բացումը «Դալմա մոլում», որը նախատեսված էր դեռ 2012 թվականի նոյեմբերին։ Խախտվե՞լ են արդյոք «Կարֆուրի» պատասխանատուների եւ «Դալմա մոլի» սեփականատիրոջ միջեւ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Կարֆուրի» ներկայացուցիչները արդյոք հանդիպե՞լ են ՀՀ իշխանության ներկայացուցիչների հետ եւ քննարկել արդյոք իրենց խնդիրը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը նույնպես անդրադարձել է Երեւանում «Կարֆուրի» բացման թեմային եւ նշել, որ ինքը կուզենար Երեւանում «Կարֆուր» տեսնել։ Արդյոք սա զուտ անձնակա՞ն ցանկություն է, թե՞ որոշակի ակնարկներ է պարունակում իր մեջ…: Ահա այս բոլոր հարցերին ի պատասխան, ստացել ենք երկու տողանոց մի պարզաբանում, որը մինչ այդ էլ մի քանի անգամ հնչեցրել են «Կարֆուրի» ներկայացուցիչները։ Իսկ դա նշանակում է, որ իրավիճակը «Կարֆուրի» համար մնում է անորոշ։

Այն, որ հիպերմարկետների հանրահայտ այդ ցանցի ներկայացուցիչները հանդիպել են վարչապետի հետ, հայտնի դարձավ մեր նամակը ուղարկելուց հետո՝ հենց վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունից, որ նա արել էր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Հայաստանի Հանրապետությունը և կառավարությունը խիստ շահագրգռված են, որպեսզի «Carrefour»-ը ներկայացված լինի մեր շուկայում և մատուցի այն ծառայությունները, որ նա աշխարհով մեկ մատուցում է, քանի որ դա իր մեջ պարունակում է բազմաթիվ դրական երևույթներ՝ մեր տնտեսության համար է դա կարևոր, դա կարևոր է մրցակցային դաշտի ձևավորման առումով, դա նոր մշակույթի ներդրում է, նոր տիպի ինստիտուտների ձևավորումն է, ենթակառուցվածքների ձևավորումն է, գյուղատնտեսական ապրանքների գնումներ, փաթեթավորում, ծառայությունների մատուցում, այդ թվում՝ նաև հայկական ապրանքների արտահանում։ Դրա համար «Carrefour»-ն անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում, և մենք առաջարկել ենք մեր առաջարկները «Carrefour»ին, որպես կառավարություն, որպեսզի նա հնարավորին չափ արագ հայտնվի մեր շուկայում»,- ասել էր վարչապետը։

Բայց նույնիսկ ՀՀ վարչապետի այսպիսի ընդգծված դրական վերաբերմունքից հետո «Կարֆուրը» չի կարողանում հստակ պատասխաններ տալ՝ ի վերջո բացելո՞ւ է իր հիպերմարկետը Հայաստանում, թե ոչ։ «… «Կարֆուրը» շարունակում է ուսումնասիրել հայկական շուկան» արտահայտությունը, նկատենք, այնքան էլ համոզիչ չէ։ «Կարֆուրը» վաղուց է ուսումնասիրել շուկան եւ հանգել այն եզրակացության, որ իր հիպերմարկետը այստեղ հաջողությամբ կաշխատի ու «Դալմա մոլի» սեփականատիրոջ՝ ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի («Կալուգայի Սամո») հետ եկել համաձայնության։ Համաձայնությունը խախտվել է հետագայում՝ հենց

Ս. Կարապետյանի նախաձեռնությամբ։ Իսկ պատճառն այն է, որ առաջին անհրաժեշտության ապրանքներ Հայաստան ներկրող մեր մի քանի օլիգարխներ, մեծ վտանգ տեսնելով «Կարֆուրի» մեջ, տարբեր միջոցներով, այդ թվում նաեւ ՀՀ մի քանի բարձրաստիճան, այսպես ասած, ոչ վարչապետական թեւի պաշտոնյաների օգնությամբ կարողացել են համոզել «Դալմա մոլի» սեփականատիրոջը՝ հրաժարվել ձեռք բերված նախնական համաձայնությունից։ Ու «Կարֆուրի» խուսափողական պատասխանները խոսում են այն մասին, որ ֆրանսիական այդ հանրահայտ բրենդը իր հետ

տեղի ունեցածից հետո չի կարող լիարժեք վստահել Հայաստանի վարչապետի հավաստիացումներին։ Մեր օլիգարխների ֆոնին՝ ՀՀ վարչապետն ո՞վ է։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728