Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Փետրվար 13,2013 11:09
Nikol Pashinyan

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

«ՀՀ նախագահի ընտրություններ» վերնագրված առաջիկա միջոցառումը, որ նշանակված է փետրվարի 18-ին, ոչ միայն չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված տրամաբանությանը, այլեւ հակասում է դրան։ Սահմանադրությամբ նախատեսված ընտրություններում ժողովուրդը պետք է որոշում կայացնի, թե ով լինի Հայաստանի նախագահ։

2008թ. Մարտի 1-ի արյունալի հեղաշրջման միջոցով իշխանության եկած խմբավորումը, սակայն, նաեւ մեր՝ ընդդիմության սխալների պատճառով, կարողացել է ստեղծել մի աննախադեպ վիճակ, երբ ոչ միայն ժողովուրդը չի որոշելու, թե ով լինի ՀՀ նախագահ, այլեւ նախագահի նստավայրը զավթած անձն է փաստացի ցանկանում որոշել, թե ի՞նչ անի ժողովուրդը եւ ինչպես։ Սերժ Սարգսյանն, ընդ որում, չի էլ թաքցնում մտադրությունը, թվեր խփելու իր անսահմանափակ կարողությամբ՝ տղայաբար պարծենալով։

2008 թվականի Համաժողովրդական շարժման հարթակին գտնվող մարդու համար չափազանց դժվար է, բայց ժողովրդի առաջ անկեղծ լինելու պարտավորությունս ստիպում է խոստովանել. առաջիկա ընտրությունը ոչ միայն չի լուծելու ՀՀ քաղաքացուն իշխանության իրական կրողի գործառույթով օժտելու խնդիրը, այլեւ ավելի է սրելու այն։

Ելնելով վերը նշվածից, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում՝

– 2013թ. փետրվարի 18-ին, որեւէ պարագայում եւ պայմանով, ձայն չտալ 2008թ. հեղաշրջման առանցքային կազմակերպիչներից մեկին՝ Սերժ Սարգսյանին, այդպիսով՝ ընդդեմ Հայաստանում հաստատված քոչարյանասերժական հուսահատության, արտահայտել հստակ դիրքորոշում՝ լինի դա առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից որեւէ մեկի օգտին քվեարկելով, քվեաթերթիկը փչացնելով, թե ընդհանրապես՝ ընտրական տեղամաս չգնալով։

Խոստովանելով հանդերձ, Հայաստանում հաստատված քաղաքական եւ քաղաքացիական փակուղու փաստը, Հայաստանի քաղաքացիներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին լավատեսության եմ կոչում։ Հայաստանի Հանրապետությունը ունի՛ Ապագա, քանի դեռ չենք հրաժարվել հանուն նրա պայքարելուց, քանի դեռ չենք հրաժարվել մեր երեխաներին Ազատ եւ Երջանիկ Հայաստան ժառանգելու պարտավորությունից։ Չենք հրաժարվել ու չենք հրաժարվի։ Պարտավորությունը ստանձնել ենք, պարտավորությունը ենթակա է իրագործման։

Եւ ուրեմն՝

Կեցցե Ազատությունը

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728