Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի հաջողված նախագահ էր, քան Սերժ Սարգսյանը:
Որ Սերժ Սարգսյանը ձախողել է իր նախագահությունը՝ սրանում, իհարկե, ոչ մի կասկած լինել չի կարող, բայց որ ՀԱԿ-ի համար Ռոբերտ Քոչարյանը արդեն դարձել է հաջողված նախագահ՝ սա արդեն իսկապես հետաքրքիր նորություն է: Եվ բոլորովին էական չէ, որ Լևոն Զուրաբյանի կամ ՀԱԿ-ի համար Քոչարյանը հաջողված նախագահ է Սերժ Սարգսյանի ֆոնին, նրա համեմատությամբ: Վերջին հաշվով, եթե բանը հասել է այլևս նման համեմատության, ապա սա ինքնին արդեն շատ խոսուն փաստ է:
Մինչ այդ Քոչարյանը հանցագործ էր,և ՀԱԿ-ը ամեն ինչ անում էր նրա վերադարձը թույլ չտալու համար, հետո Քոչարյանը դարձավ քաղաքականապես մոռացվող մի բան, հետո ՀԱԿ-ը սկսեց Քոչարյանին կապիտալի լեգիտիմության երաշխիքներ տրամադրել, իսկ հիմա արդեն Սերժ Սարգսյանի հետ համեմատում և հայտարարում է ավելի հաջողված նախագահ: Վաղը երևի թե ՀԱԿ-ը արդեն այդ բանը կպնդի առանց Սերժ Սարգսյանի հետ համեմատելու: Մնում է միայն, որ Լևոն Զուրաբյանն ու ՀԱԿ-ը մատնանշեն Քոչարյանի հաջողությունները:
ՀԱԿ-ում երևի թե Ռոբերտ Քոչարյանի նախագահության հաջողություններ են սկսել համարել Հոկտեմբերի 27-ը, Պողոս Պողոսյանի սպանությունը, 2004 թվականի ապրիլի 12-ը, վերջապես՝ Մարտի 1-ը: Այսինքն՝ այն ամենը, ինչ ընդամենը մի երկու տարի առաջ Քոչարյանի հանցագործություններն էին՝ ըստ ՀԱԿ-ի և նրա առաջնորդի, այսօր երևի արդեն դարձել են Քոչարյանի հաջողությունները:
Մի նախագահ, որ պաշտոնից հեռանում է Երևանի կենտրոնում տասը զոհերի «հաշվեկշռով», իրեն դեմոկրատական ընդդիմություն հռչակող ուժի մոտ համարվում է ավելի հաջողված նախագահ, քան Սերժ Սարգսյանը: Եվ կրկնում ենք՝ այստեղ Սերժ Սարգսյանի հետ համեմատության խնդիրը չէ:
Կարդացեք նաև
Ի սկզբանե սխալ է, մոլորություն է, երբ դեմոկրատական ընդդիմությունը համեմատում է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որովհետև նրանցից որևէ մեկը չի կարող լինել որևէ առաջադիմության չափանիշ կամ չափորոշիչ: Խնդիրն այն է, որ տասը զոհերով հեռացած նախագահը կարող է հռչակվել ավելի հաջողված նախագահ: Ըստ որում, բացարձակապես կարևոր չէ Ռոբերտ Քոչարյանի անձնական պատասխանատվության աստիճանը այդ տասը զոհերի սպանության համար՝ հրամանը նա՞ է տվել, թե՞ ոչ:
Այդ զոհերը եղել են նրա նախագահության, նրա գերագույն գլխավոր հրամանատարության ժամանակ, և եղել են անմեղ զոհեր, զոհեր, որոնք ընդամենը իրենց քաղաքացիական իրավունքների համար էին պայքարում: Սակայն Մարտի 1-ը վաղուց արդեն դարձել է քաղաքական առևտրի առարկա,և այդ առևտուրը վաղուց արդեն տեղի է ունենում միանգամայն բացահայտորեն:
Այստեղ ամեն ինչ որոշում է գինը, և եթե վաղը Սերժ Սարգսյանն ավելի բարձր վճարի այդ ապրանքի համար, ապա ոչ մի կասկած լինելչի կարող, որ նույն Լևոն Զուրաբյանը Քոչարյանին վերստին կհռչակի հանցագործ նախագահ:
Մուսա Միքայելյան
«Ժամանակ»