Եվ ինչպես է Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցել «Օպտավոյի Տիկոյի» դստեր հարսանիքին
Ինչպես տեղեկացրել էինք, կիրակի օրը գլխի վնասվածքով Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն էր տեղափոխվել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորոդին` Նիկոլայ Ղուկասյանը:
Կարդացեք նաև
Հիվանդանոցում մեկ ժամ մնալուց հետո շտապել էր դուրս գրվել` ոստիկանությանը տված ցուցմունքում հայտնելով, որ իրեն ոչ մեկը չի խփել, այլ գլխին սառույցի կտոր է ընկել, հետևաբար «գլխի գագաթային շրջանի պատռված վերք» է ստացել:
Սակայն, Գյումրիում համառորեն լուրեր էին շրջանառվում, որ նրա գլուխը սուր գործիքով պատռել է քավոր Հարութի 18 –ամյա որդին` Գևորգը, ով լողի գծով սպորտի վարպետ է: Նշենք, որ քավոր Հարութը ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի մտերիմն է, պատգամավորի մահացած հորեղբոր` Սերոբի երեխաների կնքահայրը:Նա մինչև վերջերս աշխատեցնում էր Գրիգորյաններին պատկանող գազալցակայանը, որը գտնվում էր 2-րդ գերեզմանատան մոտ: Այն վաճառել են վերջերս:
Իսկ թե ինչո՞ ւ է 18-ամյա երիտասարդը կռվել ու վնասել 31-ամյա Կոլյային, Գյումրիում հետևյալ պատմությունն է շրջանառվում. Հարութի որդին «Մերսեդես» մակնիշի իր մեքենայով անցնելիս է եղել Ղուկասյանների թաղամասով` Սլոբոդկայով: Նիկոլայն իր մեքենայով հանդիպակաց դիրքով դուրս է եկել ու վթարային վիճակ ստեղծել, այնուհետ, մեղքը բարդելով Հարութի որդու վրա,թե՝ «չհասկացանք, էս մեր մայլի մեջ «ավարիա՞» ես տալիս», սկսել է վիճաբանել ու հայհոյել նրան: 18-ամյա երիտասարդը, լսելով իր ծնողներին հասցեագրված հայհոյանքները, հարվածել է Նիկոլայի գլխին ու ձեռքերին: Ի դեպ, գլխից բացի բժիշկները տեսել են, որ սուր կտրող գործիքով վնասված են նաև Նիկոլայ Ղուկասյանի ձեռքերը, և սա առիթ է տվել առավել համոզվելու, որ ոչ մի սառցակտոր էլ նրա գլխին չի ընկել:
Նիկոլայը ծեծվելուց հետո հետո հեռացել է, նրա շրջապատի տղաները ևս անմիջապես հեռացել են: Նշենք, որ ոմանք այն համարում են խուլիգանական կռիվ տղաների միջև, ոմանք էլ շտապում են քաղաքականացնել, ինչ-որ ձեւերով կապել նախագահական ընտրությունների հետ, քանի որ քավոր Հարութը ակտիվորեն ընդգրկված է քարոզարշավի մեջ, աշխատում է հօգուտ Սերժ Սարգսյանի:
Ինչևէ, այս ամենը կպարզի ոստիկանությունը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստում: Ինչպես հաղորդում են Ոստիկանության լրատվության վարչությունից, «ձեռնարկված միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին պարզվել է, որ փետրվարի 10-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Գյումրիի Աճեմյան փողոցի թիվ 55 տան մոտ վիճաբանության ժամանակ նրան չպարզված առարկայով հարվածել և վնասվածքը պատճառել է 1995 թ. ծնված Գևորգ Խ.-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»:
Հավելենք, որ ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, Կոլյա Ղուկասյանը Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի հետ կիրակի առավոտ էր վերադարձել Ֆրանսիայից, որպեսզի մասնակցի իրենց խնամու` «Օպտավոյի Տիկոյի» դստեր հարսանիքին: Նշենք, որ այդ հարսանիքին մասնակցել է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը ` պատահաբար ներս մտնելով ու անակնկալի բերելով հյուրերին, այդ թվում նախկին քաղաքապետ Ղուկասյանին: