Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Մոսկվայի տանը կայացավ Նա/Նե մրցանակաբաշխությունը: Այն կազմակերպվում է արդեն հինգերորդ տարին եւ այս անգամ 143 լրագրողի ավելի քան 250 աշխատանք մրցել են 7 անվանակարգում` հեռուստատեսային նյութ, տպագիր հոդված, ռադիոնյութ, առցանց հոդված, հանրային թղթակցություն/բլոգ, ֆոտո ռեպորտաժ, առևտրային գովազդ:
Մրցույթը կազմակերպում է Երեւանում Բրիտանական խորհուրդը եւ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Մրցանակաբաշխությունից առաջ մամլո ասուլիս էր, որին ներկա էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողորդավարացման ծրագրի պատասխանատու Օլիվեր Մակքոյը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Գրահամ Սթրոնգը:
Ինչպես կազմակերպիչները նշեցին մրցույթի գլխավոր նպատակն էր վեր հանել Հայաստանում առկա գենդերային խնդիրները ու կապը մեդիայի եւ դրանց միջև: Լրագրողներն իրենց աշխատանքներում վեր էին հանել հասարակության մեջ առկա նման խնդիրներ,սակայն դրանք հազվադեպ են քննարկման արժանանում:
Ինչպես կազմակերպիչները նշեցին, մրցույթի ժյուրին մեծ դժվարությամբ էր ընտրել լավագույն նյութերը, քանի որ դրանք այս տարի բավական շատ են եղել: Յոթ անվանակարգում ընտրվել է 21 լավագույն աշխատանք: Այս տարի մրցույթի շրջանակներում նոր անվանակարգեր էին հանրային թղթակցությունը եւ բլոգները:
Կարդացեք նաև
Ի դեպ, «Առավոտ» օրաթերթի լրագրող Նելլի Բաբայանը Նա/Նե մրցանակաբաշխությունը երկու մրցանակի արժանացավ` «Տպագիր հոդված» անվանակարգում եւ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի սահմանած հատուկ մրցանակին:
Սուսաննա ՕՀԱՆՅԱՆ