Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-վրացական հարաբերությունները պարկեշտ են՝ անկախ նրանից, թե որ կուսակցություններն են ղեկավարում

Փետրվար 12,2013 21:55

«Առավոտ»-ի զրուցակիցը՝ Վրաստանի խորհրդարանում իշխող մեծամասնության՝ «Վրացական երազանք-Հանրապետականներ» ֆրակցիայի ղեկավար Դավիթ Բերձենիշվիլին անդրադարձավ փետրվարի 11-ից մեկնարկած ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Վրաստան կատարած այցին եւ հայ-վրացական հարաբերություններին:

Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության՝ երեկ տեղի են ունեցել Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի բանակցությունները, որոնց ընթացքում շարունակվել է մեկ ամիս առաջ Երեւանում սկսված երկխոսությունը երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ ընդլայնման վերաբերյալ: «Հայ-վրացական հարաբերություններին բնորոշ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ս.թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երեւանում կայացած հանդիպմանը եւ երկու երկրների վարչապետների բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարարներն անդրադարձան հայ-վրացական օրակարգային հարցերին եւ դրանց լուծման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերին։ Որպես քաղաքական երկխոսության արդյունավետ ձեւաչափ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն կարեւորեցին վերջին տարիներին ձեւավորված երկու երկրների ԱԳ նախարարների պարբերական հանդիպումների ավանդույթի պահպանումը»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի՝ այսօր տարածած մամլո հաղորդագրությունում։

Դավիթ Բերձենիշվիլիին «Առավոտ»-ը խնդրեց գնահատել հայ-վրացական հարաբերությունների մակարդակը, եւ իհարկե հունվարին կայացած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի պաշտոնական այցը Երեւան:

«Վրաստանի եւ Հայաստանի միջեւ փոխհարաբերությունները պարկեշտ մակարդակի վրա են գտնվում՝ անկախ այն բանից, թե պետությունները որ կուսակցություններն են ղեկավարում: Այդ հարաբերությունները խորհրդային շրջանում էլ լավ էին, չնայած նրան, որ Հարավային Կովկասում գոյություն ունեն բավական խնդիրներ, այդ թվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ։ Հայ-վրացական հարաբերությունները մշտապես պահպանել են բավական բարձր մակարդակ: Որքանով տեղյակ եմ, Վրաստանի վարչապետի այցը արդյունավետ էր, եւ այդպես էլ պետք է շարունակվի, այստեղ որեւէ խնդիր առանձնապես չեմ տեսնում»,- նկատեց Վրաստանի խորհրդարանի իշխող մեծամասնության՝ «Վրացական երազանք-Հանրապետականներ» ֆրակցիայի ղեկավարը:

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հ.Գ.- Դավիթ Բերձենիշվիլիի հետ հարցազրույցը կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728