Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովինար Նազարյանը Երեւան մեկնած վկայի մասին. «Կարո՞ղ է բանջարի է գնացել»

Փետրվար 12,2013 20:25

 Դատարանը որոշեց  վկային բերման ենթարկել

Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով  դատավարության փետրվարի 12-ի նիստում դատավոր Սամվել Մարդանյանը ընթերցեց  ոստիկանության Հրազդանի բաժանմունքից ստացված գրությունը, որտեղ նշվում է, թե որպես վկա դատակոչված  Համլետ Աղամիրյանը փետրվարի 4-ին Հրազդանից մեկնել է  Երեւան, նրա գտնվելու վայրը հարազատներին հայտնի չէ, նրա հետ  հեռախոսային կապ չկա: «Կարո՞ղ է  բանջարի է գնացել»,-հարցրեց  տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, ասելով, որ այս գործով վկաներ կան, ովքեր բանջարի են գնում ու չեն վերադառնում:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան  Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, թե դատարանը մեկ տարվա ընթացքում  չի կարողանում ապահովել Աղամիրյանի ներկայությունը, որ եթե  դատավորը փետրվարի 3-ին կամ 4-ին ծանուցագիր ուղարկեր Աղամիրյանին, վերջինիս ներկայությունը դատարանում ապահովված կլիներ: Ռուբեն Մարտիրոսյանն ասաց, որ Հ. Աղամիրյանը իր ծառայակիցների` քրեական գործով ամբաստանյալների դեմ ցուցմունքներ է տվել,  մասնակցել մի շարք դատաքննչական գործողությունների եւ միջնորդեց նրան հարցաքննության համար դատարան  բերման ենթարկել: Դատավոր  Մարդանյանը բավարարեց այդ  միջնորդությունը:

Ռ. Մարտիրոսյանը դատարանում հանդես եկավ նոր միջնորդություններով: Նա հայտարարեց, որ վկա Արման Մնացականյանը ցուցմունք է տվել,թե  կապրոնե շշի պատճառով 2010թ. հուլիսի 19-ին կապիտան Հակոբ Մանուկյանի եւ Ա. Նազարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության մասին  Հ. Մանուկյանը զեկուցել է իր անմիջական վերադասին` զորամասի հրամանատարի  անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Եղոյանին: Իրավապաշտպանն ասաց, որ  Եղոյանին որպես վկա դատարան հրավիրելով `իրենք  ցանկանում են պարզել, թե այդ միջադեպի  վերաբերյալ զեկույց ստանալուց հետո Եղոյանը ի՞նչ քայլեր է  ձեռնարկել, Եղոյանը կարող է ներկայացնել նաեւ Ա. Նազարյանի այդ ժամանակվա  հոգեբանական վիճակը,քանի որ դատարանը մերժել է  Նազարյանի հետմահու դատահոգեբանական կրկնակի, լրացուցիչ փոձաքննություններ անցկացնելու համար  ներկայացված միջնորդությունները: Դատավոր Մարդանյանը որոշեց, որ դատարանն այդ միջնորդությանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում, վերջնական դատական ակտ կայացնելու ժամանակ:

Ռ. Մարտիրոսյանը դատարանին միջնորդեց հարցում ուղարկել ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոն` պարզելու համար, թե ինչ է նշանակում Ա. Նազարյանի հետմահու դատաբժշկական փորձաքննությունն անցկացրած դատական փորձագետ Վիգեն Ադամյանի    եզրակացության մեջ առկա Ա. Նազարյանի «մահից ոչ շատ առաջ» եզրույթը: Իրավապաշտպանն ասաց, որ Նազարյանի ստացած վնասվածքները ժամանակային առումով գնահատելով` Վ. Ադամյանը դատարանում հայտարարեց` «մահից ոչ շատ առաջ» ասելով ինքը  նկատի էր ունեցել նաեւ մահից մինչեւ 3 օր առաջ:  Դատավորը մերժեց այս միջնորդությունը, նշելով, որ  դատական բժշկությունը չի կարող  պարզել ստացած վնասվածքների ստույգ ժամանակը,  փորձագետների նշած ժամկետները մոտավոր են:

Ծովինար Նազարյանը հայտարարեց, որ իր շահերը ներկայացնող  փաստաբան Մուշեղ Շուշանյանը երկու միջնորդություն պետք է ներկայացնի, սակայն Շուշանյանը նիստից բացակայում է : Քանի որ  դատավարության մյուս կողմերը միջնորդություններ չունեին ներկայացնելու, ավարտում է  դատաքննության լրացման միջնորդությունների փուլը, դատավորը որոշեց նիստը հետաձգել: Հաջորդ նիստը նշանակված է փետվարի 26-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728