Սամվել Բալասանյանը շարունակում է դժգոհել նախորդ քաղաքապետից
Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը, որի ժամանակ քննարկվեցին տարբեր հարցեր` քաղաքապետարանի վարչական շենքի առաջին հարկը վարձակալությամբ տրամադրելու ու ճաշարան հիմնելու, Արտավազդ Փելեշյանին, որպես կինոմատոգրաֆիայի ոլորտում հեղինակավոր մարդու, հանդիսավոր կերպով պարգևատրելու, ավագանու կազմից տարբեր տեսակի հանձնաժողովներ ստեղծելու և այլնի մասին:
Նշենք, որ ի տարբերություն նախորդ տարվա նիստերի, երբ նորընտիր քաղաքապետը նախորդի ատկատներից էր խոսում, ոգեշնչված նրա թերացումներն էր բացահայտում ու բարձրաձայնում, այսօրվանը բավականին ձանձրալի էր: Չնայած Սամվել Բալասանյանը բավական զուսպ էր, աշխատում էր ոչինչ չխոսել Վարդան Ղուկասյանի հասցեին, այդուհանդերձ մի երկու տեղ չկարողացավ զսպել իր զայրույթը ու նրա արած գործերը ջրի երես հանեց :
Քաղաքապետը հատկապես հուզվեց, երբ ավագանին սկսեց քննարկել տարբեր ոլորտներոմ հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտությունը: Որպեսզի ցույց տա, թե ինչքան անհրաժեշտ են հանձնաժողովները, Սամվել Բալասանյանը մեջբերեց քաղաքապետարանի արխիվը, որտեղ մտնողը, քաղաքապետի նկարագրելով, ուղղակի կապշի: «Եթե դուք մտնենք, տեսնեք ինչ վիճակում է արխիվը, ուղղակի կապշեք: Չի կարող էդպես լինել, նախ արխիվացում այս տարիների ընթացքում չի եղել, վերջերս 93-96 թվականներինը եկան, էստեղ արխիվացրեցին, տարան: Հիմա ես էստեղ հատուկ խորհրդականներով հանձնաժողով եմ կազմել, ընդգրկել ենք մարդկանց, որպեսզի կարողանանք արխիվացման խնդիրները լուծենք, կարողանանք մենք հասկանաք` ինչ արխիվ ունենք, ինչ չունենք: Փաստաթղթերը այն բոլոր հիմքն են, եթե մարդու հետ կապված խնդիր կա, պիտի արխիվից իր փաստաթուղթը վերցնի: Հիմա նայում ենք 2008 թվականի մեջ մի հատ փաթեթ չկա, ուղղակի վերցրած ու հանված է միջից», -դժգոհեց քաղաքապետը:
Կարդացեք նաև
Պարոն Բալասանյանը, որպես խորհրդարանում աշխատած մարդ, նաև ասաց, որ գիտության, կրթության , ճարտարապետության հետ կապված հարցերում ավագանու անդամները ևս պետք է ընգրկվեն հանձնաժողովներում և իր խոսքը մի երևակայական օրինակով հիմնավորեց. «Ավագանու ներկայությունը պարտադիր է, որպեսզի մենք հասկանանք` ի՞նչ ունենք: Մենք ունենք, չգիտեմ, ընկուզենու այգի, գնում ենք ընկուզենու այգի, ընկույզի ծառ չկա, ընկույզի ծառի տեղը խնձորի ծառ է: Հիմա գրենք չէ, էստեղ խնձոր է աճում կամ խնձորի ծառ ունենք, էսքան բերք ենք ստացել,և այլն, և այլն: Այսինքն անհրաժեշտ է, որ հանձնաժողովները գործառույթներին ակտիվ մասնակցություն ունենան: Ես որպես քաղաքապետ` լրիվ տալիս եմ իրավունք, որպեսզի բոլորը կարողանան մասնակցություն ունենալ, և եթե բաժինները խոչընդոտեն, չկարողանաք ինչ-որ ինֆորմացիա ստանալ կամ աշխատել իրենց հետ, ձեր մուտքն է ազատ է իմ մոտ»:
Նշենք, որ ավագանու նիստի ժամանակ քննարկված հետաքրքիր թեմաներից մեկը քաղաքապետարանի առաջին հարկի վարչական տարածքում 54.85 քառ. մետր մակերեսը վարձակալությամբ տրամադրելը, հասարակական սննդի օբյեկտ`ճաշարան ստեղծելու հարցն էր: Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը առարկեց այն 40 հազար դրամով վարձակալության տալը, նշելով, որ նմանատիպ տարածքներում կարելի է 150 հազար դրամ վարձ սահամանել: Մինչ քաղաքապետը իր հերթին ասում էր, թե մարդ ճարի այդ գնով տանք, նաև նշում էր, որ նախկինում ևս ճաշարան է գործել, Լևոն Բարսեղյանը նկատեց, որ նմանատիպ մտադրության դեպքում անհրաժեշտ է մրցույթ հայտարարել: Նկատենք սակայն, որ նախքան ավագանու այս նիստը, ճաշարանն արդեն գործում է, և այն Գյումրու նորընտիր քաղաքապետը աշխատեցնելու է հանձնել իր քրոջ փեսային: Նշենք նաև, որ ավագանու նիստի վերջում Սամվել Բալասանյանը հորդորեց ավագանու անդամներին՝ որպես ընտրյալների, ժողովրդին ոտքի հանել ու ակտիվ մասնակցություն ցուցաբերել առաջիկա նախագահական ընտրություններին, որպեսզի դրանք պասիվ չանցնեն:
ԲՀԿ-ական քաղաքապետը, իհարկե, Սերժ Սարգսյանի անունը չհնչեցրեց, սակայն ասաց, որ Գյումրին ԱՊՀ մշակութային քաղաք է դառնում, այս քաղաքում տարբեր տեսակի ծրագերեր են իրականացվում, և այս փաստը պետք է գնահատել: Ավագանու անդամները անմիջապես գլխի ընկան, թե ում պետք է գնահատեն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ես երկար տարիներ աշխատել եմ բալասանյանաի հետ, թող ավելի լավ է ինքը նայի իր ղեկավարած գարեջրի գործարանի արխիվին ու կարգ ու կանոնին, ուրիշներին քննդատաելու փոխարեն, թող իր աշխատաոճին նայի: Ապշել եմ , որ հիմա այսքան կարողանում է խոսել ու Վարդանին քննդատել, տեղով քննադատելու բանն ինքն է:Ում ասես բերել-լցրել է քաղաքապետարան, անցյալ օրն իմացա նաև՝ մշակույթի բաժնի նախկին պետին:Բալասանյանից լուրջ աշխատանք մի սպասեք, նա շարունակելու է չհասկանալով խոսել, գործ չանել:Սա է լինելու Գյումրու ապագան