Դեռևս հեթանոսական շրջանում, Տյառընդառաջի օրը եղել է շվոտը: Այն չար հոգի է, որին մայրերը իրենց փեշերով փորձել են հեռացնել տնից, ասելով` շվոտ դուրս, մարդ` ներս: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Տիկին Լուսիկը, լինելով նկարչուհի, փորձել է վերականգնել շվոտի կերպարը: « Մարդիկ գիտեն անունները, սակայն չեն իմանում կերպարները և ահա ես դրա վրա եմ աշխատում: Տվյալ դեպքում Տյառընդառաջի չար ուժը եղել է շվոտը»:
Ինչպես յուրաքանչյուր տոն, այնպես էլ այս տոնը ունի իրեն բնորոշ ծիսական ծառը: «Ծառն իր մեջ տոնը խորհրդանշող տարրեր է պարունակում, որտեղ եգիպտացորենը նշանակում է սիրո սկիզբը, կարմիր գույնը խորհրդանշել է կնոջը, իսկ կանաչը` տղամարդուն: Եվ անպայման պետք է լինի ցորենի գաղափարը: Յուրաքանչյուր կին կարող է տոնի կապակցությամբ տանը պատրաստել ծիսական ծառը, որը ամբողջական կդարձնի տոնի գաղափարը»:
Նկարչուհին արտաբերեց Քրիստոսի խոսքը, որը համարում է տոնի խորհուրդը. «Քրիստոսի խոսքն է. «Գնամ անեմ բարություն, հոգիս հասնի արքայություն: Եվ սա է տոնի խորհուրդը»,-ասում է նա:
Նկարչուհին կարծում է, որ նորապսակները, երբ պտտվում են կրակի շուրջը, պետք է արտաբերեն Քրիստոսի այս խոսքը: Դրանում մեծ դժվարություն չի տեսնում, պարզապես գտնում է, որ երիտասարդներին սովորեցնել է հարկավոր:
Կարդացեք նաև
Ըստ Ագուլեցու, կրակը պետք է վառի փեսան, որն արական սեռի ներկայացուցիչ է և իր սեռով կարողանում է կապ ստեղծել Աստծո հետ, ինչպես նաև քառասունօրյա Քրիստոսին ուժ փոխանցել: Կրակի վրայով առաջինը պետք է ցատկի տարեց կին, ով ճանապարհ է բացում նորապսակների համար:
Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ