Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ սիսիանցիներին. «Ես միակ մարդն եմ, որ եղել է իշխանության մեջ ու անարատ է»

Փետրվար 12,2013 17:38

Նախագահի թեկնածուն վստահեցնում է, որ պինդ կանգնած է ու գնալու է մինչեւ վերջ

«Սերժ Սարգսյանին ասել եմ, ախպեր, խոսք ես տվել, որ կյանքը երկու անգամ կբարելավվի: Այստեղ կա՞ մեկը, որի կյանքը երկու անգամ լավացել է: Ես կարող եմ խոսք տալ, որ երկու անգամ չէ, բայց 65%-ով կյանքը կլավանա»,-այսօր Սիսիանում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսպիսի խոստում տվեց:

Նա վստահեցրեց, որ թույլ չի տա, որ երկիրը գտնվի 10-15 մարդու ձեռքը. «Ես խրախուսում եմ փոքր բիզնեսը: Պետք է հասկանալ, թե ինչ բան է խրախուսել Սերժ Սարգսյանի տեսակետից եւ խրախուսել՝ Բագրատյանի տեսակետից: Տանջամահ արեցին տաքսիստներին, տանջամահ արեցին ստոմատոլոգներին: Ես տաքսիստից դեղին համարների համար փող չեմ վերցնելու»:

Սիսիանցիներից մեկը հարց ուղղեց՝ «չէ՞ որ էս պետության ուգլաքարերից մեկը դուք դրաք…»: Հրանտ Բագրատյանն ուղղեց՝ անկյունաքարի մասի՞ն է խոսքը. «Ես հող եմ տվել, է հետո՞, ինձանից հետո ուրիշը ձեզ բան տվե՞ց: Դուք ստացաք ինձնից բնակարանները, ստացաք գործարաններից փայ, եղավ մասնակի սեփականաշնորհում: Այո, կային դժվարություններ, չկար լույս, հետո եղավ լույս: Ես գտնում եմ, որ էսօր ես տեղ ունեմ գալու: Ես չեմ գտնում, որ ինձանից լավն են: Կա ծրագիր, կա ելք, ու ես գիտեմ ինչ եմ անելու»:

Անդրադառնալով դատական համակարգին՝ պարոն Բագրատյանն ասաց. «Ես խնդիր չեմ տեսնում էս երկրում ստեղծել ալտերնատիվ եվրոպական դատարան: Էս կաշառակեր դատարանները չեն բավարարում, կողքը կա ուրիշ դատարան: Մենք չենք կարողանում պարզել՝ իրո՞ք Սյունիքի մարզի արոտավայրերը տալիս են պարսիկներին: Էդ թղթերը չեն տալիս, որ նայենք:

Դուք ձեր երեխաներին դպրոց եք ուղարկում, հետո տալիս եք պարապելու: Էդպես չի լինի, չէ՞: Ծննդաբերությունը ո՞նց արեցինք: Դպրոցներն էլ պետք է այդպես լինեն, որ մրցակցություն լինի: Ես միակ մարդն եմ, որ եղել է իշխանության մեջ ու կարող եք ասել՝ անարատ է: Եթե ես փող եմ աշխատում, ես իմ գլխով եմ աշխատում: Ես վարչապետ եմ եղել: Հեշտ չի եղել, եղել է պատերազմ, եղել է հազար ու մի բան: Բայց ես տեսնում էի, որ խնդիր էինք դնում, կարողանում էինք լուծել, ստացվում էր: Բայց ես վստահ չեմ, որ դրանից հետո էս երկիրը կես քայլ առաջ է գնացել: Միայն այս տարի 12 հազարով պակասեց առաջին դասարանցիների թիվը: Խայտառակ բան է»:

Խոսելով սոցհարցումների մասին՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Սերժ Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր է, քան աղքատության վարկանիշը, հասկանո՞ւմ եք, ձեռ են առել իրանց: Երեկ Գյումրիում սա ասացի, իջացրին, էլ վարկանիշից չեն խոսում, դարձրին 60 տոկոս: Ես լավ, պինդ կանգնած եմ, լի եմ վճռականությամբ՝ գնալու եմ մինչեւ վերջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728