Այսօր էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ SATTO` «Աջակցություն Հայաստանի Հնարապետության էկոնոմիկայի նախարարության ԵՄ ծրագրերի բաժնին` Twinning & TAIEX գործառույթների իրականացմանը» ծրագրի արդյունքների ամփոփումը:
«Ծրագիրը տեւել է չորս տարի: Առաջին փուլը տեւել է երկու տարի, մենք ավելացրել ենք եւս երկու տարի: Ծրագրի նպատակն էր ՀՀ-ում բարձրացնել իմացությունը ԵՄ-ի կողմից ներդրված աջակցության գործիքներին, դրանց իրականացման ժամկետներին, ընդհանուր առմամբ` իմացության բարձրացման եւ կարողությունների զարգացման ճանապարհով բարելավել իրավիճակը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
Փոխնախարարի խոսքով` իրականացված ծրագրերը բարդ են եւ ունեն հստակ ընթացակարգ:
«Եթե նայում ենք վերջին տարիների մեր արդյունքներին, ապա մենք շեշտակի աճ ունենք իրականացված ծրագրերի թվաքանակի, ինչպես նաեւ ծրագրերի որակի եւ արդյունավետության մասով: Եթե 2009-2010
Կարդացեք նաև
թվականներին մենք տարեկան իրականացնում էինք մինչեւ 10-15, իսկ 2011-ին` 20 TAIEX ծրագիր, ապա 2012-ին իրականացրել ենք 30 TAIEX ծրագիր: 2012 թվականին միայն մեկնարկել է 6 Twinning ծրագիր»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ վերոնշյալ ծրագրերի միջոցով Հայաստանի օրենսդրությունը ավելի է մոտարկվում ԵՄ-ի օրենսդրությանը: Որպես հաջող իրականացված ծրագրի օրինակ` փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նշեց վերջերս ավարտված քաղաքացիական ավիացիայի անվտանգության գծով Twinning ծրագիրը, որի շրջանակներում երկու տարի իսպանացի մասնագետները վերապատրաստել են հայ մասնագետներին` ավիացիոն անվտանգությունը ապահովելու համար:
«Կարծում եմ այստեղ արդյունքերը բավական շոշափելի են, եւ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում այդ մասնագետները կունենան բավարար կարողություններ այդ անվտանգությունը պահպանելու համար»,- եզրափակեց փոխնախարարը:
Աշոտ ԱԹԱՅԱՆ