«Թող զբաղվեն, մենք էլ կփակենք մեր կլինիկաները, թող իրանց մտերիմները գան տարածքը վերցնեն՝ սաունա բացեն»:
Ստոմատոլոգիական որոշ կլինիկաներ իրենց ծառայություններն արդեն 20-40 % թանկացրել են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հաստատեցին մայրաքաղաքի մի քանի ստոմատոլոգիական կենտրոնների ղեկավարներ: Մեր հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` օրերս արած այն հայտարարությանը, թե «ով թանկացնի, նրանցով տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կզբաղվի», մեր զրուցակիցներից մեկը պատասխանեց` «թող զբաղվեն, մենք էլ կփակենք մեր կլինիկաները, թող իրանց մտերիմները գան տարածքը վերցնեն՝ սաունա բացեն»:
Aravot.am-ի հետ զրուցած կլինիկաների ղեկավարների, բժիշկների եւ նրանց կենտրոնների անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում:
Նոր հարկատեսակով ստոմատոլոգներն ընդամենը մեկ ամիս են աշխատում, բայց ինչպես իրենք են հավաստիացնում, արդեն նկատել են հաճախորդների հոսքի նվազում: Բժիշկներից մեկի խոսքերով. «Անկախ նրանից՝ ծառայությունների գները բարձրացրել ենք, թե ոչ, քաղաքացիների մեջ արդեն տարածվել է, թե թանկացրել ենք, դրա համար էլ գերադասում են չդիմել: Տեսնենք ինչ են որոշում, եթե ոչ մի փոփոխություն չանեն, իմաստ չունի այստեղ մնալ, արդեն բժիշկներ կան թքել են ամեն ինչի վրա՝ հեռանում են»:
Aravot.am-ի տեղեկություններով, «Մառստոմ» ստոմատոլոգիական կլինիկան արդեն դադարեցրել է գործունեությունը, տնօրենի հետ մեզ չհաջողվեց խոսել: Կլինիկայի հեռախոսները օրվա մինչ այս ժամը չէին պատասխանում: Ստոմատոլոգները վստահեցրին, որ «Մառստոմ»-ը միակ փակված կենտրոնը չէ, կան նաեւ որոշ անհատ ձեռներեց ստոմատոլոգներ, որոնք, հարկային բեռի ավելացումից հետո, նույնպես դադարեցրել են իրենց գործունեությունը:
Կարդացեք նաև
Մեզ հետ զրույցում որոշ կլինիկաների բժիշկներ էլ հայտնեցին, որ. «Առայժմ գին չենք բարձրացրել` տեսնենք կառավարությունն ու ազգային ժողովն ինչ են որոշում, ավելի լավ է մի որոշ ժամանակ այսպես աշխատենք, բայց հաճախորդներին չնեղացնենք, ճիշտ է, դժվար է, բայց որ գները բարձրացնենք, ավելի վատ կլինի մեր վիճակը, մենք մեր գործող գներից ենք երբեմն զեղչեր արել»:
Մեկ այլ ստոմատոլոգի խոսքերով էլ, որի վստահեցմամբ, իրենց կլինիկայում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին, թոշակառուներին, Հայրենական պատերազմի վետերաններին ու ծնողազուրկ երեխաներին մշտապես զեղչեր են արել, այսուհետ ստիպված կլինեն մարդասիրական այդ ծառայությունը չմատուցել` «Պետությունն ամեն ինչ անում է, որ իր քաղաքացիներին խեղդած պահի»,-նկատեց ստոմատոլոգ-տնօրենը:
Նշենք, որ «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններից հետո, ստոմատոլոգները պարտավոր են յուրաքանչյուր աթոռի համար վճարել 80 հազար դրամ: Մարզերում այդ գումարը մի փոքր ավելի նվազ է:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Անատամ,՝ Հայ ժողովուրդ: Ինչպես բառիսբուն, այնպես էլ փոխաբերական իմաստով: