«Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես 60-ին մոտ մարդը կարող է օրվա մեջ մի քանի անգամ տրամագծորեն հակառակ կարծիքներ արտահայտել»,- «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսպես պատասխանեց Aravot.am-ի հարցին, թե որն է Պ. Հայրիկյանի քայլերի տրամաբանությունը: Ըստ քաղաքագետի՝ ժամանակը կգա և Հայրիկյանը կտա այդ պատասխանը: Ռ. Մեհրաբյանի փոխանցմամբ՝ Հայրիկյանի քայլերը քաղաքական բացատրություն չունեն: Պարոն Մեհրաբյանը չցանկացավ «իր վրա մեղք վերցնել» ու մեկնաբանել այն լուրերը, թե Հայրիկյանն այս քայլերին է դիմել պաշտոն կորզելու համար:
Վերջին օրերին շահարկվեց նաև այն փաստը, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ այցելեց Պ. Հայրիկյանին: Այս կապակցությամբ պարոն Մեհրաբյանը փոխանցեց. «Վստահ եմ, որ այդ հանդիպումների ժամանակ բացի առողջական վիճակի մասին հետաքրքրվելուց հետագա անելիքների վերաբերյալ ևս խոսակցություններ գնացել են»:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ հիվանդասենյակ հանդիպումների ընթացքում Ս. Սարգսյանը ինչ-ինչ բաներ է բացատրել ու զգուշացրել Հայրիկյանին ու մանրամասնում. «Կարող էր գործող նախագահը բացատրել, որ ընթացող թատերական գործողությանը Հայրիկյանը չփորձի ակտիվ գործոն լինել և գործոն դարձնել իր՝ ՍԴ դիմել-չդիմելու հարցը: Հայրիկյանն այն քաղաքական կշիռը չունի, որ ինչ-որ բան փորձի պոկել, քանի որ նախագահը շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի այս ողջ զավեշտը Հայրիկյանի դեմ ուղղելու համար: Ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ, որ կալանավորված թմրամոլները հարցաքննության ժամանակ չեն ասի, որ դա Հայրիկյանի կողմից է պատվիրված եղել: Ամենայն հավանականությամբ գործող նախագահը Հայրիկյանին բացատրել է, որ ինքը հույս չունենա, այս գործընթացի մեջ դիվիդենտներ ձեռք բերել: Միևնույն է՝ չի շահելու»:
Հայրիկյանի քայլերը Ա. Բադալյանը մեկնաբանում է՝ որպես «լրագրողների ուշադրության կենտրոնում լինել»: Իսկ պաշտոն ստանալու մասով նշում. «Եթե գործող նախագահը ցանկանա նրան պաշտոն տալ, դա կանի առանց որևէ այլ միջադեպի: Եթե չցանկանա, չի էլ տա: Ի վերջո, պետք է հասկանալ, որ կդիմեր Հայրիկյանը ՍԴ, թե ոչ՝ դա որևէ նշանակություն չուներ, քանի ՍԴ-ն ինքնուրույն դատական համակարգ չէ: Դա նախագահականին կից ծրագրերի իրականացման գրասենյակ է: Ընտրությունները կհետաձգվեին, թե՝ ոչ, էլի որոշվելու էր նախագահական նստավայրում: Առևտուր անում են հավասար ուժեր: Իսկ եթե մեկը նախագահ է, մյուսը կարևոր չէ, թե քանի տոկոս ձայն կունենա, նման ուժերի միջև առևտուր չի կայանում և նման ուժերի միջև պաշտոնների գնում և վաճառում տեղի չի ունենում»: Եզրափակելով՝ Ա. Բադալյանը նշեց, որ այն ուժերը, որոնք ցանկանում էին ընտրությունները վերածել զավեշտի, իրենց ուզածին հասան և արդեն ստացվում է, որ գործող նախագահը լեգիտիմ չէ:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ