Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ինձ կարող են չհավատալ» (Տեսանյութ)

Փետրվար 12,2013 17:03

«Տարիներ շարունակ փորձել ենք ապահովել ընտրական ընթացակարգերը, բայց, ինչպես ասում են, ժամանակն անում է իրենը: Ներկայումս իշխանությունը, քաղաքական ուժերը եւ ժողովուրդը տրամադրված են, որպեսզի լինեն այնպիսի ընտրություններ, որ հեռու մնանք ասեկոսեներից, եւ ՀՀ-ում ձեւավորվեն նոր մոդելներ` հասկանալով, որ ժամանակներն անցել են»,-Ռամկավար Ազատական կուսակցության հանրապետական վարչության կողմից այսօր` Թեքեյան կենտրոնում մտավորականների մասնակցությամբ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Նրա դիտարկմամբ. «Նոր սերնդի համար դաշտը պետք է այնքան պարզ լինի, որպեսզի առաջանան նոր քաղաքական ուժեր եւ տեսակետներ: Վերջին հաշվով` որքան էլ տարամերժ լինեն կարծիքները, մենք արդեն ունենք բանիմաց, պատրաստված երիտասարդ գործիչներ, ովքեր տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են: Այս ընթացքում քաղաքական ուժերը փորձում են որոգայթների ճանապարհով գնալ եւ ստեղծել մի ծայրահեղական վիճակ` քննադատելով կոռուպցիան, արտագաղթը: Այդ մեղադրանքները, բնականաբար, ամբողջությամբ իր վրա պետք է վերցնեն գործող իշխանությունները: Բայց մի բան չի հասկացվում, որ ծայրահեղական մոտեցում ունեցող ցանկացած քաղաքական ուժ ունի իր համակիրները: Եթե առավոտից իրիկուն «փրկչի» դերում է հանդես գալիս եւ փորձում է ամեն ինչ սեւացնել, թե Հայաստանը ճակատագիր չունի, թե Հայաստանն արդեն փլուզման եզրին է, բնականաբար, համակիրները պետք է թողնեն երկիրը եւ հեռանան: Այսինքն` եթե արտագաղթ կա, մեղավոր են բոլորը, եւ առաջին հերթին` իշխանությունները: Մենք ունենք այդ մոտեցումը, եւ եթե չունենայինք, չէինք կարող լուծման ճանապարհ տեսնել»:

Խոսելով մտավորականներից` պարոն Սահակյանը կարծիք հայտնեց, թե նրանք դեռեւս չեն արժեւորվել. «Մենք ունենք շատ լավ, ուժեղ մտավորականներ, որոնք առաջիկա տարիներին առավել կառուցողական պետք է լինեն: Անկախության տարիներին մտավորականները խաղից դուրս մնացին եւ օտարվեցին քաղաքական պրոցեսներից: Այսօր մտավորականների համակարգ պետք է ստեղծել, որովհետեւ մտավորականները եւ ժամանակն են ստեղծում, եւ ապագան»:

Գալուստ Սահակյանի խոսքով. «Առաջիկա 5 տարում լուրջ ձեռքբերումների արդյունքում կստեղծվի դաշտ, որպեսզի մտավորականներն ազատ գործեն. նրանք են, որ գաղափար են տալիս եւ հասարակության համար ճանապարհ հարթում: Ինձ կարող են չհավատալ, բայց մտավորականին ժողովուրդն ավելի կհավատա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728