Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նորածիններին «բարուրելը» երեխաների մոտ խնդիրներ է առաջացնում (Տեսանյութ)

Փետրվար 12,2013 16:46

Հայաստանում իրականացվող 5 սկրինինգային ծրագրերի շնորհիվ մեր պետությունը հետագայում միլիոններ է խնայում. Այսօր առողջապահության նախարարությունում հրավիրված կլոր սեղան քննարկման ժամանակ ներկայացնելով սկրինինգային ծրագրերը, ոլորտի պատասխանատուները նշեցին, որ սկրինինգի միջոցով վաղ շրջանում հայտնաբերվում են այնպիսի հիվանդություններ, որոնք ժամանակին բուժման դեպքում կանխում են հետագա հաշմանդամությունները եւ պետության ու ընտանիքի համար առողջ մարդ են «պատրաստում»:

2005 թվականից Հայաստանում ներդրվել է բնածին հիպոթիրեոզի սկրինինգը` մինչ օրս հետազոտվել է 199,764 նորածին, որից 60 երեխայի մոտ հայտնաբերվել է տվյալ հիվանդությունը, սա, ինչպես նշեց, նորածնային սկրինինգ կենտրոնի պատասխանատու Իրինա Թովմասյանը, վահանաձեւ գեղձի խանգարում է, որը հանգեցնում է մտավոր զարգացման եւ ֆիզիկական աճի դանդաղման, եթե այն կյանքի առաջին օրերին չհայտնաբերվի եւ չբուժվի: Բուժումն անվճար է եւ շատ հեշտ:

Ֆենիլկետոնուրիայի սկրինինգը իրականացվում 2008 թվականից, հետազոտվել է 90,931 նորածին, եւ հայտնաբերվել 17 հիվանդ երեխա: Իրինա Թովմասյանի խոսքերով` սա նյութափոխանակման խանգարման հիվանդություն է եւ նույնպես մտավոր զարգացման խնդիրների կարող է հանգեցնել, եթե այն վաղ շրջանում չհայտնաբերվի եւ չբուժվի: Բժշկուհու խոսքերով` մյուս կարեւոր սկրինինգը լսողության սկրինինգն է, որը եւս նորածինների կյանքի առաջին օրերին պարտադիր հետազոտության արդյունքում հայտնաբերվում է եւ կանխվում հետագայում լսողության խնդիրները:

Թե ինչպե՞ս են ծնողներն ընդունել նորամուծությունը, մեր այս հարցին, Իրինա Թովմասյանն ասաց, որ առաջին անգամ շատ մեծ դժվարություններ կային, հատկապես մարզերում այս նորամուծությունը խորթ էր, նույնիսկ մեկ դատական գործ է եղել:

Մանրամասները` տեսանյութում:

Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն ասաց, որ սկրինինգների ծախսարդյունավետությունը բավականին բարձր է, քանի որ, եթե այս հետազոտությունները չարվեն եւ ժամանակին չբուժվեն երեխաները, ապա հետագայում պետությունը ստիպված է լինելու մի քանի անգամ ավել ծախսեր անել` հաշմանդամության նպաստ եւ այլն. «Մեր հաշվարկներով պետության ծախսերը կկազմեն 1 միլիարդ 219 միլիոն դրամ, իսկ այսօր հետազոտության համար ծախսվում է ընդամենը 129 միլիոն դրամ, ներառյալ սկրինինգը, դեղերն ու բուժումը»:

Տիկին Սարիբեկյանը նաեւ խորհուրդ տվեց նորածիններին չբարուրել, քանի որ դա կարող է հանգեցնել հոդային մի շարք խնդիրների:

Մանրամասները` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728