ՀՀ Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` 12.02.2013 թ. դրությամբ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 22 դեպք, որից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 15 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, որոնցից 3 դեպքով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, իսկ 1 դեպքով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, 4 դեպքերով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են տարածքային դատախազություններ քննարկման:
Մասնավորապես.
Ըստ «ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սուսաննա Բարխուդարյանի 24.01.2013 թ. ահազանգի՝ Րաֆֆու փողոցի թիվ 33 շենքի մոտ խոչընդոտում են և չեն թողնում բաժանել «Ժառանգություն» կուսակցության նախընտրական բուկլետները:
Ս. Բարխուդարյանը հրավիրվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, սակայն հրաժարվել է ներկայանալ և հաղորդում տալ, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
Կատարվում է հետաքննություն:
***
Ըստ «ժառանգություն» կուսակցության շտաբի իրավաբան Հայարփի Նարեյանի 24.01.2013 թ. ահազանգի՝ Արարատի մարզի Վանաշեն գյուղում գյուղապետ Գրիգորյանը խոչընդոտում է իրենց քարոզարշավին:
Հայարփի Նարեյանը նույն օրը կրկին ահազանգել է և հայտնել, որ ցանկանում են Վանաշեն գյուղում պաստառ փակցնեն, սակայն գյուղապետը գումար է պահանջում:
31.01.2013 թ. քրեական գործի հարուցումը մերժվել է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` հանցագործության դեպքի բացակայութան պատճառաբանությամբ:
Ոստիկանության Արարատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
***
31.01.2013 թ. ժամը 16.10-ին ՀՀ ոստիկանության «Թեժ գիծ» ծառայություն է ահազանգել «Ժառանգություն» կուսակցության Էրեբունի և Նուբարաշեն համայնքների տեղամասի պատասխանատու Սեդա Մելիքյանը և հայտնել, որ Սասունցի Դավթի փողոցի 70/1, 70/2 և 70/3 շենքերի մոտ մի խումբ տղաներ խոչընդոտել են իրենց քարոզարշավը և թույլ չեն տվել հիշյալ շենքերի բնակիչներին բաժանել նախընտրական բուկլետները:
Ահազանգը 31.01.2013 թ. ժամը 16:30-ին փոխանցվել է ոստիկանության էրեբունու բաժին:
Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
***
2013 թ. հունվարի 31-ին www.lragir.am էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Արարատի մարզում 10 հազարական դրամ են բաժանում» վերտառությամբ հոդվածը, որում մասնավորապես, նշվել է. «Արարատի մարզի ՀՀԿ մարզային շտաբն իր աշխատողներին ուղարկում է տնետուն, հատկապես` սոցիալապես անապահով ընտանիքների մոտ, 10 հազար դրամ տալիս, ցուցակագրում, ինչպես նաև վերցնում են բջջային հեռախոսահամարները և ուղղորդում, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին: Նրանք սպառնում են, որ ընտրատարածքներում գրիչների վրա, ինչպես նաև ընտրատարածքներում հատուկ սարքավորումներ են դրված, որոնք ստուգելու են, թե ում օգտին են քվեարկել:
Մասիսից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանն էլ բնակիչներին խոստանում է ջրատարներ անցկացնել, սոցիալական օգնություն ցույց տալ ուսանողներին, եթե ընտրեն Սերժ Սարգսյանին»:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն նյութեր նախապատրաստելու համար:
***
31.01.2013 թ. ժամը 23:30-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Ամալյա Խաչատրյանը և հայտնել, որ Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի բակում կրակել են Պարույր Հայրիկյանի վրա: Մեկնած օպերատիվ խմբի կողմից պարզվել է, որ նույն օրը, ժամը 23:20-ի սահմաններում, անհայտ անձը Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի բակում անհայտ տիպի հրազենից 2 անգամ կրակել է ՀՀ Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա` աջ անրակի շրջանում պատճառելով հրազենային վնասվածք:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305 հոդվածի հատկանիշներով /պետական, քաղաքական կամ հասարական գործչի սպանության փորձ/:
ԱԱԾ կողմից ձերբակալվել են Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը: 10.02.2013 թ. որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:
***
04.02.2013 թ. ժամը 13:30-ին ՀՀ ոստիկանության հերթապահ մաս է զանգահարել ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի քարոզարշավի աշխատանքների համակարգող Մանյա Այվազյանը և հայտնել, որ պոկել են վերջինիս նախընտրական քարոզարշավի բոլոր պաստառները, որոնք փակցված են եղել Էջմիածնի եկեղեցու պատերին /ցանկապատին/:
Ահազանգը 04.02.2013 թ. ժամը 13:45-ին փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
***
05.02.2013 թ. Երևան քաղաքի դատախազությունից ստացվել է գրություն այն մասին, որ համացանցի www.iditord.org էլեկտրոնային կայքում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից տեղադրել են տեղեկատվություն այն մասին, որ Գոռ Թամազյանի “Մեկ ազգ” կազմակերպությունն անարգել շարունակում է հակաքարոզչություն իրականացնել նախագահի թեկնածու Ր. Հովհաննիսյանի նկատմամբ, Երևանի շենքերին ու էլեկտրասյուներին “Ոչ ասեք արևմտամետ Լևոնին և Րաֆֆուն” վերտառությամբ պաստառներ փակցնելով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կատարվում է հետաքննություն:
***
Ըստ ՀՀ Նախագահի թեկնածու Արման Մելիքյանի կողմից 2013 թ. փետրվարի 5-ին մամուլի ասուլիսում արված հայտարարության՝ ՀՀ վարչական շրջանների վարչակազմերը շենքերի լիազոր ներկայացուցիչների միջոցով տնից տուն են գնում և տեղեկություններ հավաքում, այցելել են նաև Աջափնյակում բնակվող իր մոր տուն և տվյալներ հավաքել, թե տան անդամներից ովքեր են Հայաստանում, ովքեր են մեկնել, նրանց կողմից բաժանված ձևաթղթերում հարց կա նաև, թե արդյոք ընտրողը ձայնը տալու է ՀՀ Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին: Արման Մելիքյանը հայտնել է նաև, որ իր մորն ընտրակաշառք են առաջարկել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
***
02.02.2013 թ. համացանցում զետեղված «Ճնշումներ կամ հարկադրանք» հոդվածում խոսք էր գնում, որ քաղաքացի Հեղինե Սիմոնյանը ահազանգել է ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ և հայտնել, որ գազի տեսուչը իրենից պահանջել է անձնագրային տվյալները՝ նշելով, որ իրենց կընդգրկեն Սերժ Սարգսյանի ընտրողների ցուցակում, սակայն քաղաքացին հրաժարվել է, ինչի արդյունքում տեսուչը անջատել է իրենց տան գազը՝ պատճառաբանելով պարտքի առկայությունը:
Նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
***
Ըստ համացանցում 05.02.2013 թ. հրապարակված «Քարոզչությանը խոչընդոտում են» հոդվածի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պաշտոնական կայքի վրա (www.raffi4president.am) փետրվարի 5-ին իրականացվել է հակերային հարձակում: Եթե առաջին անգամ` փետրվարի 21-ին իրագործված հարձակման աղբյուրը հնարավոր չի եղել պարզելու, ապա այս անգամ մասնագետները պարզել են, որ հարձակումը տեղի է ունեցել ֆիննական պրոքսի-սերվերների միջոցով Հայաստանից:
Նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
***
Ըստ համացանցում 02.02.2013 թ. տեղադրված «Ճնշումներ կամ հարկադրանք» հոդվածի` Կարճաղբյուրի գյուղապետի կարգադրությամբ գյուղի դպրոցի տնօրենը պարտադրել է բոլոր ուսուցիչներին՝ հավաքել անձնագրերը եւ միեւնույն ժամանակ ամեն մեկին պարտադիր հրահանգ է իջեցրել, որ ով որքան կարող է՝ ցուցակով անձնագրեր հավաքի եւ բերի իրեն ներկայացնի, եթե չի ուզում, որ տհաճ իրավիճակում հայտնվի: Ահազանգը փոխանցողը ցանկացել է անանուն մնալ:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն:
***
Փետրվարի 8-ին, ժամը 11:00-ի սահմաններում, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի 1-ին կուրսի ուսանողներ Գրիգորի Ս.-ն և Կարեն Հ.-ն թքել են Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու փողոցում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու զբոսայգու պարսպին հարակից էլեկտրասյուներին փակցված` ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի քարոզչական պաստառների վրա, որը նկատել են նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողները և նրանց բերման ենթարկել ոստիկանություն:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
***
Փետրվարի 8-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի նախկին սան, Էջմիածին քաղաքի բնակիչ Սերոբ Ա.-ն պատռել է Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու անվան փողոցում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու զբոսայգու պարսպին հարակից էլեկտրասյուներին փակցված` ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի թվով 1 քարոզչական պաստառ, որը նկատել են նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողները և նրան բերման ենթարկել ոստիկանություն:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
***
Փետրվարի 9-ին, ժամը 12:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված, անչափահաս Արթուր Ա.-ն պատռել է Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու փողոցում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկեղեցու պարսպին հարակից էլեկտրասյուներին փակցված` ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի թվով 1 քարոզչական պաստառ, որը նկատել են նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանության ծառայողները և նրան բերման ենթարկել ոստիկանություն:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
***
Փետրվարի 9-ին, ժամը 11:45-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ-կառավարման կենտրոն է զանգահարել Արմեն Զ.-ն և հայտնել, որ Երևանի Մուրացանի փողոցի թիվ 184 հասցեում գտնվող` ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի պաստառները անհայտ անձի կողմից պատռվել և գողացվել են:
Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
***
Ըստ փետրվարի 10-ին համացանցում տեղադրված «Կաշառք և արտոնություններ» հոդվածի՝ Աջափնյակ համայնքում ՀՀԿ-ականները անձնագրային տվյալները տրամադրելու դիմաց առաջարկում են 20 հազար ՀՀ դրամ ընտրակաշառք:
Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար:
***
Ըստ փետրվարի 9-ին համացանցում զետեղված «Ճնշումներ կամ հարկադրանք» վերնագրով հոդվածի՝ Գյումրիի «Գալա» լրահավաք հեռախոսահամարին են զանգահարում քաղաքացիներ, մշակույթի կենտրոնների, նախակրթարանների, երաժշտական, սպորտ դպրոցների մանկավարժներ և բողոքում, որ իրենց ստիպում են ներկա գտնվել ՀՀԿ թեկնածուի հետ հանդիպմանը` սպառնալով, որ ներկայություն չապահովելու դեպքում ստիպված կլինեն աշխատանքից հեռանալու դիմում գրել:
Հոդվածը ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
ՀՀ ոստիկանություն