Այսօր հայ անվանի արձակագիր Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 78-ամյակի առթիվ Կոմիտասի անվան զբոսայգու հայոց մեծերի պանթեոնում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ, որի ընթացքում Մաթեւոսյանի ստեղծագործությունների ասմունքով հանդես եկան Հրանտ Մաթեւոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտները:
Դպրոցի տնօրեն Լարիսա Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դպրոցում հայտարարվել է մաթեւոսյանական շաբաթ. «Երեկ քննարկել ենք «Հացը» ստեղծագործությունը, իսկ վաղը ռեժիսոր Արտաշ Հովհաննիսյանը կբեմադրի «Աշնան արեւ» ներկայացումը: Խաղացողներն աշակերտները չեն, այլ պրոֆեսիոնալ դերասաններ, որովհետեւ Մաթեւոսյանի գործերը դժվար է խաղալ, բացի այդ` այդպես երեխաների համար առավել հետաքրքիր կլինի: Կկազմակերպվի նաեւ երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես` մաթեւոսյանական թեմաներով: Այնպես որ` դպրոցն այս օրերին շնչելու է Մաթեւոսյանով»:
Տնօրենի խոսքով. «Դժվար է Մաթեւոսյանի ստեղծագործությունները հասկանալ, մանավանդ` միջին տարիքի աշակերտների համար: Դպրոցի ծրագրային նյութում ներառված են միայն «Հացը» եւ «Դաշտը», բայց ուսուցիչներն աշխատում են փոքր- ինչ «շեղվել» նյութից` երեխաների համար Մաթեւոսյանին առավել մատչելի դարձնելու նպատակով»:
Հրանտ Մաթեւոսյանի անվան հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Բաբայանն ասաց, որ դպրոցում ձեռք է բերել Մաթեւոսյանի մասին գիտելիքներ եւ ընթերցել նրա ստեղծագործությունները` «Հացը», «Աշնան արեւը», «Կանաչ դաշտը»: «Ամենաշատը սիրում եմ «Աշնան արեւը»: Հատկապես տպավորվել է աղքատ հերոսների պարզությունը»,-հավելեց աշակերտը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ