Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ինչ է տեղի ունեցել, երբ պաշտպանն առանձին «տեսակցել» է Հովակիմյանի հետ

Փետրվար 12,2013 16:24

Հունվարի 25-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Ինչպես, տեղակացրել ենք, Հովակիմյանը մեղադրվում է դատախազ Ս.Հարությունյանի նկատմամբ դատական նիստերի դահլիճում բռնություն կիրառելու համար:

Հարցաքննվել են բոլոր դատակոչված վկաները և տուժողը: Նիստի ավարտին մեղադրող Ջոն Ֆարխոյանը անակընկալ հանդես եկավ միջնորդությամբ, որով խնդրեց Ս. Հովակիմյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել կալանքը: Միջնորդության հետ կապված դիրքորոշում հայտնելու համար դատարանից պաշտպան Արամ Ճուղուրյանը խնդրեց իր պաշտպանյալի հետ առանձնատեսակցելու և խորհրդակցելու հնարավորություն:

Դատարանը տրամադրեց մեկ ժամ ժամանակ, ինչը պաշտպանի կողմից «ձևականորեն արված քայլ էր, իբր ապահովելու արդյունավետ պաշտպանություն իրականացնելու ՄԻԵԿ-ով երաշխավորված իրավունքը»: Ինչ է տեղի ունեցել:

Պաշտպանի տեղեկացմամբ.«Դատական նիստերի դահլիճից բոլորը հեռացան, սակայն մնացին ուղեկցող ոստիկանները և դատական կարգադրիչները, որոնք պատճառաբանեցին, որ մեզ առանձին թողնել չեն կարող: Մենք պահանջեցինք դատարանից ապահովել կոնֆիդենցիալությունը, սակայն մեզ մերժեցին՝ պատճառաբանությամբ, թե դատարանը նման հնարավորություն չունի: Մեկ ժամ ձևական սպասելուց հետո նիստը վերսկսվեց, չնայած, ակնհայտ էր, որ բավարար պայմաններ և ժամանակ չէր տրամադրվել պատրաստվելու համար: Ես հայտնեցի, որ իմ պաշտպանյալի իրավունքը խախտվում է և ես հնարավորություն չեմ ունեցել նրա հետ խորհրդակցելու ու միջնորդության վերաբերյալ դիրքորոշում պատրաստելու համար: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և 15 րոպե անց հրապարակեց կանխատեսվող որոշումը Ստեփան Հովակիմյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Որոշման մեջ ոչ մի հիմնավորում չկար կալանքի անհրաժեշտության մասին, իսկ պաշտպանության իրավունքի խախտումը, փորձ էր արվել հիմնավորել Ս. Հովակիմյանի ինքնավնասում կատարելու վտանգով, պատճառաբանությամբ, թե նա նախկինում կատարել էր նման արարք»:

Ա.Ճուղուրյանը նշում է, որ անձի՝ պաշտպանի հետ առանձնատեսակցություն ունենալու իրավունքը որևէ կերպ սահմանափակվել չի կարող, իսկ դատարանի պատճառաբանությունն անտրամաբանական է այն իմաստով, որ եթե Ս. Հովակիմյանը ցանկանար ինքնավնասում կատարել, ապա դա կարող էր անել նույնիսկ կարգադրիչների և ոստիկանների ներկայությամբ: Ի դեպ, նախորդ դեպքը կատարվել էր նիստերի դահլիճում՝ դատավորի, դատախազի, պաշտպանների և դահլիճում գտնվողներիս աչքի առաջ:

Ըստ պաշտպանի.«Ս. Հովակիմյանը նման արարք կատարելով փորձել էր ուշադրություն հրավիրել իր նկատմամբ տեղի ունեցող անարդարություններին, որը հաստատվեց դատավճռով: Ս. Հովակիմյանը մեղադրվում էր ավելի ծանր հանցագործության մեջ, քան մեղավոր ճանաչվեց: Իսկ նրա հետ նույն արարքի համար մեղադրվող Վ. Քերոբյանն արդարացվեց: Այսինքն, Ս. Հովակիմյանը ոչ թե հակում ունի ինքնավնասում կատարելու, այլ պետական ատյանների անարդարությունն է նրան հասցրել նման ծայրահեղ հոգեվիճակի»:

Ի դեպ, դատարանն իր որոշման մեջ նշել է, որ առկա է հանցագործության կատարման հիմնավոր կասկած և հաշվի առնելով  մեղսագրվող արարքի բնույթը, հասարակական վտանգավորությունը և ամբաստանյալի անձը` մեծ է ռիսկայնությունը, որ նա կարող է թաքնվել դատարանից, խուսափել հնարավոր պատասխանատվությունից և պատժից:

Պաշտպան Ա.Ճուղուրյանն այս կապակցությամբ ասում է.«Այս պատճառաբանությունն անհիմն է, քանի որ մեղսագրվող արարքի բնույթը չի կարող նման եզրահանգման հիմք հանդիսանալ, բացի այդ էլ արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար կարող է նշանակվել ենթադրյալ պատիժ տուգանքի ձևով: Ս. Հովակիմյանի անձի վերաբերյալ դատարանը չուներ որևէ տեղեկություն, որը կփաստեր նրա կողմից պատժից կամ պատասխանատվությունից խուսափելու մասին»:

Դատարանն իր որոշման մեջ վկայակոչել է նաև օրենքի և դատարանի առջև հավասարության սկզբունքի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի կամ ՄԻԵԴ-ի դատական ակտերի հիմնավորումների պարտադիր լինելու, սակայն ՎԴ որոշումներից արտատպվածը ներկայացվեց որպես հիմնավորում: «Վկայակոչված որոշումները բովանդակային իմաստով տրամագծորեն հակառակն են վկայում: Վճռաբեկ դատարանը Ա. Ճուղուրյանի վերաբերյալ կայացված որոշմամբ արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ «…կալանավորումը խափանման միջոցներից ամենախիստն է: Այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ խափանման մյուս միջոցները չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծը»:

Դատարանը իր որոշմամբ չի անդրադարձել նաև անազատության ժամկետին, որը, աներկբա վկայում է անմեղության կանխավարկածի խախտման և Ս. Հովակիմյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ արձակելու և նրան ազատազրկման դատապարտելու դիտավորության մասին» ասում է Ս.Հովակիմյանի պաշտպանը:

Վերջինի կարծիքով, այս դեպքը լիովին համապատասխանում է Վճռաբեկ դատարանի ձևակերպմանը. «…Բավարարվել են միայն օրենքով նախատեսված կալանավորման հիմքերի օրենսդրական ձևակերպումների շարադրանքով, և իրենց որոշումները չեն պատճառաբանել փաստական հանգամանքների հիման վրա կատարված ողջամիտ ենթադրություններով»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728