Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Սարգսյան. Մաթեւոսյանը Ֆոլքների կողքին դնելու տղա է (Տեսանյութ)

Փետրվար 12,2013 16:01

ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Aravot.am-ի խնդրանքով խոսելով անվանի գրող Հրանտ Մաթեւոսյանի մասին, ում ծննդյան օրն է այսօր, հուզմունքով նշեց. «Կան մարդիկ, որոնց մասին խոսելը դժվար է…Ինչո՞ւ, որովհետեւ էնքա՜ն լիքն եմ Հրանտով, միշտ, անընդհատ, անդադար: Երբ դեռ սովետի ժամանակ ռուսերեն հրատարակվեց Էրիխ Մարիա Ռեմարկի « Երեք ընկերներ» գիրքը, որը գեղարվեստորեն էնքան բարձր չէր, բայց ապշեցնում էր գաղափարով, ես զարմացա, ուրախացա, ասացի՝ հիմա Եվրոպայում, աշխարհում ի՜նչ ազդեցություն կունենա, ընկերություն գաղափարն է բարձրացրել մարդը: Եվ երբ Հրանտը գրեց «Տերը», ապշեցի, ուրախացա, ասացի՝ այ մարդ, էս հայերս կհասկանանք՝ մեր դժբախտությունը եղե՛լ է, կա՛ եւ կշարունակվի լինե՛լ, եթե տեր չկանգնենք ամեն ինչին : Մի 7-8 անգամ կարդացել եմ «Տերը», կարդում եմ՝ չեմ կշտանում, ինչքա՜ն մանրամասնություններ կան, նրբություններ: Ապշեցնում է ինձ էն , որ հայ մարդը իրեն զգում է տեր՝ երկրի տեր, երեխու տեր, ծառի ու անտառի տեր, տեր…

Որքան ուրախացա, էնքան էլ հիասթափվեցի, որովհետեւ ոչ ոք ակնաջալուր չեղանք, չլսեցինք Հրանտին, չազդվեցինք, չոգեւորվեցինք, ոչ ոք չասաց՝ սա ապրելու կոդեքս է, իմաստ է, էսպես ապրենք: Ընդհակառակը՝ ավերեցինք, պատառոտեցինք, կտրեցինք, անտեր դարձրինք ամեն ինչը՝ Սեւանը, գետը, անտառը, երեխեքին : Չենք ապրի էդպես, ցավը էն է, որ ազգը ունենալով, ասենք, Թումանյան, Նարեկացի, շատ շատերի անունը կարող եմ թվել, ունենալով Հրանտ Մաթեւոսյան, չի ասում՝ ականջս մի դնեմ տեսնեմ էս մարդը ի՞նչ է ասում»:

Արվեստագետի ձեւակերպմամբ, պետք է ականջալուր լինել մեծերի խոսքին՝ արմատից չկտրվելու համար. «Վերջին հաշվով Հրանտը եկավ էս աշխարհ` իր հանճարով հայությունը հաստատելու էս աշխարհքում, ազգը հաստատելու, մեր մշակույթը հզորացնելու, էկավ բարոյականություն հաստատելու, մտավ խորքերը, քանդեց ու ժողովրդի համար գոհարներ դուրս բերեց, շռայլորեն սփռեց էդ գոհարները՝ առատ, մեծահոգաբար: Մեկ-մեկ մտածում եմ՝ եթե ընդունակ չենք էդ տեսակ մարդկանց հետեւելու, եթե արժեքը չենք հասկանում, ուրեմն իզուր ենք ծնում նրանց…Ախր առանց մշակույթի ազգ չկա, իսկ Հրանտի ստեղծածը բարձր մշակույթ է ու գրականություն, ամենաբարձրը, Ֆոլքներ, բան, մեծերի կողքին դնելու տղա է: Մի խոսքով՝ մեր մեծագույն մեղքը թերությունը, սխալը, էդ մարդկանց չգնահատելն է, իսկ գնահատելը ո՞րն է ՝ սովորելը, ընդօրինակելը, խոսքերին հետեւելը, թե չէ գնահատելը հո մենակ էն չի, որ ասես Հրանտը հանճար է, հասկացանք, բայց գոնե հետեւո՞ւմ ես, մի խոսքը հիշո՞ւմ ես: Հրանտը մի պիես ունի՝ «Չեզոք գոտի», երջանկություն եմ ունեցել խաղալ, էնտեղ մի խոսք ունի ինքը, ես ամեն տեղ կրկնում եմ՝ մենք էս դարում մի բուռ արյունը բերել ենք՝ սելջուկի, մոնղոլի, թուրքի, քրդի արանքներով բերել ենք, շաղ տա՞նք հիմա: Հիմա իսկապես շաղ ենք տալիս, ո՞վ է էս բառերը հիշում… Թքած ունենա՞նք էս մեր ազգի վրա, հարստության վրա, Սեւանում իշխան չկա՝ ջհանդամ, գետը ավերում են, ծառերը կտրում են, ճղակոտոր են անում՝ ջհանդամ…Հիմա Հրանտին ի՞նչ ասեմ, ինչ պատասխան տամ»:

Վարպետի հետ այլ թեմաներով հարցազրույցը՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Սոս Սարգսյանը ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ է:

  2. ero says:

    բա քո ականջներն ինչի են խլացել էս 1Օ տարի , այ ընկեր ՀՀԿ <> արտիստ.

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728