Ըստ Անուշ Հովհաննիսյանի` Թուրքիան ցանկանում է ճնշել հայկական համայնքը
«Թուրքիայի ռազմական կառույցներում գործում են գաղտնի կառույցներ, որոնց անվանումները պաշտոնապես չեն նշվում: Շրջանառվող վարկանիշի համաձայն` դրանցից մեկը գործում է 1993թ-ից եւ բաժանված է երկու խմբի` «սպիտակ շապիկավորներ» եւ «սեւ շապիկավորներ»: Վերջիններս զբաղվում են զինված ռազմական գործողություններով, իսկ «սպիտակ շապիկավորները»` գաղտնի օպերացիաներ են անում առանց զենքի կիրառման: Բացի այդ, կառույցն ունի մոտ հարյուր հազար համակիր, որոնք կամավոր կերպով մասնակցում են նրանց գործողություններին: Կարծիք կա, որ Թուրքիայում հայ կանանց նկատմամբ վերջին շրջանում կիրառված բռնությունները այդ կառույցի գործողությունների հետեւանք են: Այս տեսակետն իր հետազոտության մեջ հրապարակել է Մարդու իրավունքների պաշտպաններից մեկը, ով ժամանակին ներկա է գտնվել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությանը»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով` Թուրքիան փորձում է ահաբեկել տեղի հայկական համայնքին, որպեսզի վերջինս Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ չփորձի գործողություններ ձեռնարկել. «Հայկական համայնքը վերջին շրջանում բարձրաձայնում է իր խնդիրների մասին, նրանց աջակցում են Թուրքիայի ձախակողմյան որոշ կուսակցություններ եւ քրդական կուսակցությունը:
Ճիշտ է, քաղաքացիական գիտակցության արթնացումը մեծ ծավալներ չի ընդգրկում, բայց առիթ է, որպեսզի Թուրքիան փորձի լռեցնել հայերին: Բռնությունների օրինակով Թուրքիան կարծես ուզում է ասել Հայաստանին, որ հայերն իր ձեռքին «պատանդ» են»:
Կարդացեք նաև
Հովհաննիսյանի խոսքով. «Քանի որ մենք Թուրքիայի հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, այստեղ եւ Թուրքիայում գործող հասարակական կազմակերպությունների միջոցով խնդիրը պետք է բարձրաձայնել միջազգային կառույցներում, մանավանդ, երբ վերջիններս նպատակադրված են Ստամբուլում գրասենյակներ բացել»: Թուրքագետը մտահոգություն հայտնեց, որ ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիան գուցե չսահմանափակվի հայերի հանդեպ բռնություններ իրականացնելով. «Ուստի ուշադիր պետք է հետեւել, թե ինչ է կատարվում Թուրքիայում եւ խուսափել մամուլում Թուրքիայում կատարված գործողությունների վերաբերյալ չճշտված տեղեկություններ տարածելուց»:
Տիկին Հովհաննիսյանի դիտարկմամբ` հայերի հանդեպ բռնությունները տեղի են ունենում քրիստոնեական փոքրամասնություն կազմողների հանդեպ ընդհանուր ճնշումների ֆոնին. «Միաժամանակ քարկոծվում է նաեւ Թուրքիայի հունական եկեղեցին, իսկ Իզմիրում բողոքական եկեղեցին սպառնալից նամակներ է ստանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ