Պետական շահերի պաշտպանության ուղղությամբ կատարված ուսումնասիրություններով 2012թ. ընթացքում հայտնաբերվել է 586 իրավախախտում, հարուցվել է 91 քրեական գործ: Ինչպես նշվեց ՀՀ դատախազության կոլեգիայի այսօրվա ընդլայնված նիստում, հարուցվել է նաև 329 հայց` 4 մլրդ 483 մլն դրամի բռնագանձման պահանջով, որից քննվել և բավարարվել է 165 հայց` 2 մլրդ 091 մլն դրամ հայցագնով, մերժվել է 45 հայց, կարճվել` 26 գործի վարույթ, մյուսների դատաքննությունը դեռևս չի ավարտվել:
Դատախազության ձեռնարկած միջոցառումների արդյունքում կամովին պետբյուջե է վերականգնվել 483 մլն դրամ: Բացի այդ, բերված հայցերով դատաքննության ընթացքում փաստացի վերականգնվել է 63 մլն դրամ:
Անցյալ տարի ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազները 40 քրեական գործերով իրականացրել են դատավարական ղեկավարում, որոնք հիմնականում վերաբերել են սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին:
Վարչության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել են հիմնականում բազմադրվագ, հասարակական մեծ հնչեղություն ունեցող գործեր: Դրանց թվում նշվեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և չարաշահումներ կատարելու վերաբերյալ հարուցված քրեական գործը, որով որպես մեղադրյալ ներգրավվել է 53 անձ:
Կարդացեք նաև
Ծառայության նախկին պետ Վ.Խաչիկյանի և մյուսների (13 անձ) վերաբերյալ մասը մեղադրական եզրակացությամբ 07.02.2013թ. ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Հիշատակվեց նաև «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման և այդ իրավունքների պետական գրանցման գործընթացների իրականացման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց կողմից կեղծիքներ և չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ քրեական գործը, որը նույնպես մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ընդհանուր իրավասության դատարան:
Լուսանկարն՝ ըստ Ֆոտոլուրի