Լրահոս
Օրվա լրահոսը

Անվանիները կդիմեն նոր նախագահին

Փետրվար 12,2013 15:06

Անկախ նրանից, թե ում են սատարել

Անվանի արվեստագետները տարբեր առիթներով միշտ էլ առնչվում են նախագահների հետ: Ի վերջո, նախագահները փոխվում են, իսկ անվանիները հավասարի իրավունքով շարունակում շփումը նորի հետ՝ անկախ նրանից, թե նախընտրական շրջանում որ թեկնածուին են սատարել:

«Առավոտը» մշակույթի տարբեր ոլորտների անվանիներից հետաքրքրվեց՝ եթե նորընտիր նախագահը հարկ համարի խորհուրդ հարցնել, ի՞նչ մասնագիտական ուղղորդում կտային եւ, ընդհանրապես, ի՞նչ հարց կուզենային ուղղել ՀՀ հաջորդ նախագահին:
Ջութակահար Էդուարդ Թադեւոսյանը ցանկանում է, որպեսզի Հայաստանի նորընտիր նախագահը շրջապատված լինի օրինապաշտ եւ բացառապես պրոֆեսիոնալ մասնագետներով:

ToqmajyanՔանդակագործ Լեւոն Թոքմաջյանը մինչ մշակութային հարց ուղղելը, նորընտիր նախագահի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ ընդամենը մեկ դիտարկում կանի. «Հայերս իսկապես արժանի ենք բարեկեցիկ ապրելու, ինչը, անկասկած, կախված է նախագահի ունակությունից: Խնդրում եմ կրճատել հարուստների ու աղքատների միջեւ եղած անդունդը եւ միայն միջին խավ ձեւավորելու դեպքում, հավատացեք, բոլոր ոլորտները վերընթաց կապրեն մեզանում»:

XachatryanԿինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը նշելով, թե կինոարվեստը լուրջ քաղաքական միջոց է եւ գործիք, ասաց. «Կուզեի այն, ինչ վերջին տարիներին ձեռք ենք բերել կինոարվեստում, հանկարծ չընդհատվեր, շարունակական լինի ու գնանք առաջ: Ընդհատվելու դեպքում, նորից շաղախվել միջազգային կինոոլորտ, ոչ միայն դժվար է, այլ՝ բառացիորեն անհնար: Փառք Աստծո, ստեղծել ենք կապեր եւ Աստված մի արասցե՝ ինչ-ինչ պատճառներով դրանք կորցնենք, ապա հավատացնում եմ, կորուստը կլինի անդառնալի: Այսօր արդեն հայկական կինոյի մասին խոսվում է Կաննի, Բեռլինի եւ այլ նշանավոր փառատոների կողմից: Կարճ ասած՝ կուզեի, որ ապագա նախագահը անձամբ ուշադիր լիներ կինոոլորտին: Այն, ինչը ձեռք է բերված, լավ է եւ անձամբ իր բարձր հովանավորությամբ մեր կինոն նվաճեր Օլիմպոսը, Պառնասը, Օսկարը…»:

TumanyanՕպերային երգիչ Բարսեղ Թումանյանը հայտնեց. «Նորընտիր նախագահին ընդամենը կասեի հետեւյալը. ճանաչիր ինքդ քեզ՝ կճանաչես էությունը Տիրոջ եւ ժողովրդիդ: Ի վերջո, նախագահն է տերն իր ժողովրդի ու նրա պարտականությունները չափից ավելի շատ են: Իսկ նախագահը պարզապես իրավունք չունի չապրելու սեփական ժողովրդի հոգեւոր աշխարհով եւս»:

BabaxanyanԴաշնակահար Արմեն Բաբախանյանը ցանկանում է, որ մեր երկրի ապագա առաջնորդը ընդհանուր գործի մեջ ներգրավի միայն ու միայն լավագույն մասնագետներին. «Ունենք հիանալի երիտասարդ տաղանդներ, որոնք իրենց հերթին ունեն պետական աջակցության կարիք: Խոսքը միայն ֆինանսականի մասին չէ. իհարկե Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ամեն ինչ անում է՝ երիտասարդներին գիտելիքներով զինելու, ուղղորդելու եւ այլնի համար: Ցանկալի կլիներ այս գործում իր դերակատարումն ունենար երկիրն իր նախագահի գլխավորությամբ եւ հենց նախագահն է, որ իր ուշադրությամբ ու մասնակցությամբ պետք է խթանի ընդհանուր մշակութային մթնոլորտի ստեղծմանը»:

DuryanԴերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանն էլ հայտնեց, թե երազում է այն պահը, որ դերասանների աշխատավարձը բարձրանա ու սերիալներից հեռու մնան. «Ինչու չէ, այս հարցը պետք է հուզի Հայաստանի նոր նախագահին: Այն դրական լուծում ստանալու դեպքում մեր ոլորտի պրոֆեսիոնալները կլծվեն իսկապես ստեղծագործ աշխատանքի»:

SatyanԿոմպոզիտոր Արամ Սաթյանը նշելով, թե նախագահին խորհուրդ չեն տալիս, այդուհանդերձ, ասաց. «Բարձրարվեստ մշակույթը մեր ոլորտում սկսվում է երաժշտական դպրոցից ու բարձրանում մինչեւ… Քաղաքակիրթ երկրներում բարձր վարձատրվող մանկավարժի ինստիտուտը կերազեի տեսնել Հայաստանում: Եվ հավատացնում եմ՝ սրանից է կախված կոնկրետ մեր երաժշտարվեստի պահպանումն ու առաջխաղացումը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728