Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ պատգամավորնե՛րը չեն պատմություն կերտում»

Փետրվար 12,2013 14:46

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը՝ ընտրությունների, թեկնածուների ու մշակույթի մասին

Ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը մասնագիտության բերումով ամեն ինչ դիտարկում է գեղեցիկի տեսանկյունից, հիշում է Գյոթեի այն խոսքը, թե ամեն բարոյական արժեք արդեն գեղեցիկ է:

Նա մտավախություն չունենալով, թե իրեն կքննադատեն Խորհրդային կայսրության հանդեպ կարոտախտի համար, ասում է. «Ավելի հանգիստ կյանքով էինք ապրում, մշակույթն էլ ծաղկում էր: Ասում են՝ սովետական երկիրը տոտալիտար էր, իսկ ո՞ր երկիրը տոտալիտար չէր, Հռոմը տոտալիտար չի՞ կամ Ֆրանսիայում գիլյոտինով ինչո՞ւ էին գլուխները կտրում…Եվ հետո լավի դեպքում են մարդիկ կարոտախտ ունենում, վատի դեպքում կարոտախտ կլինի՞»: «Առավոտի» ռեպլիկին՝ չէ՞ որ խորհրդային ռեժիմի ժամանակ արվեստը գրաքննվում էր, Ֆերդինանտ Առաքելյանը պատասխանեց. «Բայց լավ ստեղծագործություններ էլ են, չէ,՞ ծնվել: Ենթադրենք՝ գրաքննվում էր, իսկ Սարյանի արած նկարչությո՞ւնը, դրա մեջ չկա՞ն գլուխգործոցներ: Կամ, օրինակ, գլուխգործոց չէ՞, ասենք, Շոլոխովի «Խաղաղ Դոնը»: Սովետական արվեստը հասարակություն էր դաստիարակում, իսկ այսօր շփոթել են մարդ եւ հասարակություն, ազատություն եւ ազատականացում հասկացությունները: Ազատականը պետական ինստիտուտի ամենակարեւոր հատկությունն է, ազատությունն էլ անարխիան չէ, որ ով ինչ շենք ուզի ծախի, կամ ինչ ուզի՝ անի»:

Արվեստագետը կարծում է, որ ունենալով հզոր միջնադար՝ այնուհետեւ էվոլյուցիոն խզում ենք ունեցել, եւ ի տարբերություն Եվրոպայի, ներկայումս պատկերավոր ասած՝ սայլի մեջ ենք մնացել տրեխներով. «Տաքից միանգամից սառը եկանք, դա հակաբնական է, հետեւաբար նաեւ հակադիալեկտիկական»:

Ֆերդինանտ Առաքելյանը կարծիք հայտնեց, թե Հայաստանին այսօր ավելի քան անհրաժեշտ է օրենքի գերիշխանություն ու Ֆրանկլին Ռուզվելտի նման մի անհատ, որը երկիրը դուրս կբերի այս վիճակից: Ու մեկ էլ, ըստ մեր զրուցակցի, նախագահը պիտի իր «ներսում» մշակութային լինի:

Խոսելով թեկնածուների մասին՝ նա նշեց. «Այսօր Բագրատյանը քննադատում է այն, ինչ ժամանակին իրենք են արել… Բագրատյանը գուցե խելոք տնտեսագետ է, բայց չունի մշակութային կուլտուրա, իսկ միայն տնտեսագիտությամբ երկիր չի կառուցվի, Մարքսն, օրինակ, մենակ տնտեսագետ չէր, նա Շոպեն էր լսում…»:

Ինչ վերաբերում է թեկնածուներից Արամ Հարությունյանին, քանդակագործը չի հավատում նրան, ասում է. «Նա միշտ դնում է իր թեկնածությունը, նախորդ ընտրությունների ժամանակ էլ կարծիք հայտնեց, թե ամեն ինչ այնքան խառն է, ասես Պիկասոյի նկարչությունը լինի՝ նայում ես բան չես հասկանում: Եղբա՛յր, 20-րդ դարի համաշխարհային մշակույթի խոշոր դեմքերից մեկը՝ Պիկասոն ի՞նչ մեղավոր է, որ դու չես հասկանում»:

Այս պահին Ֆերդինանտ Առաքելյանի համար ֆավորիտներ են Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը. «Սերժ Սարգսյանը ճանապարհ է անցել, հինգ տարի աշխատել է, լավ կլինի, որ ավարտի իր ծրագրերը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մշակութային մարդ է, եւ այս կյանքում դեռ չի արատավորվել: Ես կուզենայի, որ ժողովուրդը գնար եւ գեղեցիկ ընտրություն կատարեր, ով ում ուզեր, ընտրեր»: Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին էլ խոսեց քանդակագործը. «Պարզ չէր՝ կատարվածը դե՞պք էր, թե՞ ծաղրանկար: Պարույր Հայրիկյանն իրեն միշտ էլ տգեղ է պահել: Նա ժամանակին չար լեզվով էր խոսում Կարեն Դեմիրճյանի մասին, հետո անցավ Անդրանիկին, ֆիդայիներին, հետո վերջերս էլ վուլգար արտահայտվեց Ադիբեկյանի ասածի հետ կապված: Հիմա Հայրիկյանը շարունակում է նույն երգը երգել ռուսական ԿԳԲ-ի մասին: Ախր, որ էդ ԿԳԲ-ին պետք լիներ իրեն վերացնել, դա ի՞նչ էր որ՝ ՐՈջ տսþվցՑՖ: Ինքը ԿԳԲ-ին ու ոչ մեկին էլ պետք չէ…»:

Ֆերդինանտ Առաքելյանը շեշտում է, որ պատմությունը կերտվում է մշակույթի գործիչների շնորհիվ. «Հանկարծ չմտածեն, թե պատգամավորներն են պատմություն կերտում, քանի՞ պատգամավոր ու պառլամենտ է գնացել-եկել, բայց Թումանյանի «Հառաչանքը» մնացել է»: Քանդակագործն ափսոսում է, Հայաստանում մշակույթի մարդիկ հիմնականում ողորմելի վիճակում են, մի մասն էլ, նրա ձեւակերպմամբ, քծնում է կամ վախկոտ է, մինչդեռ իրական մշակույթ ստեղծողները լուռումունջ իրենց գործն են անում՝ առանց կոչումների եւ պարգեւների ակնկալիքի:

«Ես էլ ոչ մի բան չունեմ, բայց հպարտ եմ, որ լավ ստեղծագործություններ եմ տվել իմ ազգին: Վերջերս էլ ավարտեցի «Բարերարների ճեմուղին», ու շնորհակալ եմ սփյուռքի նախարարությանը, որ կարողացավ դա կազմակերպել: Աշխարհում երկու բառ կա, որ շատ թանկ է ու համամարդկային է, դա բարերարն է եւ երախտագիտությունը»,- ասում է արվեստագետը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    քանդակագործը խոսում է իր քանդակների անունից,՝ չոր, անզգայուն, անհոգի: Թումանյանի
    ,,Հառաչանքը,, ու՞մ մասին է, եթե ոչ այսօրվա խուժանի, որը զավթել է երկիրը, կամ էլ նրանց
    կողմից զավթվածների մասին: Ի՞նչ՝ Մարքս, Շոպեն, Պիկասո: Խելքի եկեք, տեսեք երկրում ինչ է
    կատարվում: Պատմությունը կերտում են,՝ նաև պատգամավորները: Մեր երկրում նրանց դերը՝ միայն
    երկիրը կործանելն է: Աֆրիկական հետամնաց երկրներում էլ գուցե կա ,,եթե իհարկե կա,, լավ արվեստ, բայց ո՞վ այդ մասին գիտի, առավել ևս չգիտի իր ժողովուրդը: Մեր ազգի, ո՞ր մասն է
    օգտվում ձեր նշած բարձր արվեստից: Հանցագործ, մարդասպան, ոխերիմ, դավադիր, վարչախմբին
    գովերգելով երկիր չեք կառուցի: Եվս հինգ տարի, և գործող ռեժիմը ազգին ցույց կտա անդունդի
    հատակը: Տեսնենք այն ժամանակ ինչ՝ Մարքս, Շոպեն, Պիկասո ես երգելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728