Գյումրեցիները նախագահի թեկնածուին առաջարկում են կողպել որոշ գերատեսչությունների դռներն ու կրճատել «դեպուտատների» թիվը:
Երեկ Գյումրի այցելած Հրանտ Բագրատյանին գյումրեցի մի քանի տարեցներ բավականին արտառոց առաջարկներ արեցին՝ նշելով, որ իրենք զզված են գործ չանող կառավարությունից ու դեպուտատներից: Նրանցից մեկը մոտենալով թեկնածուին՝ ասաց. «Ես առաջարկել եմ ու հիմա էլ ձեր կարծիքն եմ ուզում լսել, առաջարկում եմ նախագահական կառավարում՝ առանց անձնավորելու, թե ով կլինի. ուրեմն 5 նախարարություններ, երեք հատ մարզ, համայնքների խոշորացում, Ազգային դեպուտատների քանակն էլ՝ 51 հոգի: Առայժմ 51, որովհետեւ էս ընթացքում, որ նայում ենք Ազգային ժողովի օրենքներին, առավոտն ընդունում են, իրիկունը փոխում, դա արտադրության մեջ համարվում էր խոտան, այսինքն՝ տնտեսությունը եւ քաղաքականությունը իրար հետ չեն խոսում»: Նախագահի թեկնածուն այսպես պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Ազգային ժողովի պատգամավորների թիվը կարելի է կրճատել, ասենք՝ 100-ից ներքեւ: Ազգային ժողովը պետք է ռեպրեզենտատիվ լինի, էդ էն տեղը չէ, որ պետք է էկոնոմիա անես: Այո, մենք փոքր պետություն ենք, կարելի է ասել Ուկրաինայում կամ Ռուսաստանում 400-ական դեպուտատ կա, եւ եթե մենք Ռուսաստանից ցած ենք ու պակաս ենք 7 անգամ, ուրեմն մեր մոտ պիտի լինի 450 բաժանած 7, մեզ մոտ պիտի լինի 7 դեպուտատ, բայց էդպես չի լինի, պիտի ներկայացուցչություն ապահովենք»: Մարզերի քանակի կրճատման հետ կապված թեկնածուն ասաց, որ համաձայն չէ առաջարկի հետ, քանի որ առանց այն էլ 37 շրջանների փոխարեն ստեղծել ենք 11 մարզեր, իսկ նախարարությունների քանակի կրճատման պահով համաձայնեց իր զրուցակցի հետ՝ ասելով, որ փաստացի գոյություն ունեցող 33 նախարարությունները կարելի է տեղավորել 20-ի մեջ: «Մենք 33 նախարարություն ունենք, բայց եւս, այսպես կոչված, ոչ նախարարություններ, որոնք նախարարության դեր են տանում: Կա գների կարգավորման հանձնաժողով, ազգային վիճակագրական ծառայություն, որոնք նախարարության պես են աշխատում: Ես կարծում եմ՝ մինչեւ 20-ը ծով է. պատերազմի ծանր տարիներին 22 էր, հիմա 33 է: Այո, ես գտնում եմ, որ զգալիորեն կարելի է կրճատել այդ ապարատները, հատկապես տեղակալներին եւ այլն, եւ այլն, դրանց կարիքը չկա»,- ասաց թեկնածուն: Նա նաեւ հայտարարեց, որ իր նախագահ դառնալու դեպքում Գյումրին, Վանաձորը կունենան ինքնաբավ բյուջե, այսինքն՝ Երեւանում աշխատող գյումրեցիների եկամտահարկի ու շահութահարկի 50 տոկոսը կփոխանցվի Գյումրու բյուջե, եւ այս քաղաքները Երեւանից դոտացիա չեն ուզի: Արդյունքում, ըստ նախկին վարչապետի, քաղաքը այնքան բյուջե կունենա, որ ինքը կորոշի ինչպես զարգանալ: Մինչդեռ այսօր, ըստ Հրանտ Բագրատյանի, տեղական ինքնակառավարում ասելով հասկանում են միայն քաղաքապետի ընտրությունները: Հրանտ Բագրատյանի զրուցակիցը դարձյալ հետաքրքրվեց, թե հանգուցային կապ տեսնո՞ւմ է մարզպետարանի ու տարածքային կառավարման նախարարության միջեւ: Թեկնածուն տեղեկացրեց, որ իր առաջարկած քաղաքական փոփոխությունների համաձայն՝ ոստիկանությունը կդադարի զբաղվել պատվերով, այլ կզբաղվի հասարակական կարգի պահպանմամբ եւ տարածքային կառավարմամբ: Հետաքրքիրն այն է, որ թե հարցեր տվող գյումրեցին եւ թե նախագահի թեկնածուն եկան այն համոզման, որ տարածքային կառավարման նախարարությունը ավելորդ փողեր տանող, անիմաստ մի գերատեսչություն է:
Հաջորդ հարցը մաքսատներում դրսից ներկրվող ապրանքի համար «չլչլոց» սարքելն էր: «Մենք կարող ենք Ռուսաստանից մեր արտադրած ապրանքը էստեղ բերել, Գյումրիում էլ շատ ցեխեր են եղել, մարդիկ քարից պլիտա են արտադրում, կարող ենք դա մեր մեքենաներով տանել Ռուսաստան, իրացնել, բայց գիտեմ, որ հենց հասանք մաքսատուն, պրոբլեմները կսկսվեն: Եթե մենք, ասենք, մեկ կուբամետրի վրա ծախսել ենք 5 հազար ռուբլի, դա կդառնա 15 հազար: Ինձ կոնկրետ պատասխանեք, ես ապրանքս բերում եմ բլած քաղաք, մատերիալը կէժանանա, հնարավորություն ունեմ երկաթ, արմատուրա բերելու, ինչո՞ւ ես չեմ կարող դրանք ներկրել»: Հրանտ Բագրատյանն ասաց. «Եթե դուք նայեք, մեր տնտեսական բարեփոխումները գրված են ռաստամոշկան ինվոյսով, եւ էլեկտրոնային, մաքսային ծառայողի հետ դու գործ չունես»: Մաքսայինից դաղված գյումրեցին, չբավարարվելով թեկնածուի պատասխանով, դարձյալ շարունակեց. «Չի՞ կարող Սերժը հրավիրի էդ մաքսատան պետին ու ասի՝ այ մարդ, էս ի՞նչ ես անում, դիմում գրի գնա»: Հրանտ Բագրատյանը ստիպված եղավ բացատրել, որ Սերժ Սարգսյանը ինքն է թույլատրում ու հովանավորում մոնոպոլիստներին, ինչպե՞ս կանչի մաքսայինի պետին ու նման բան ասի: «Առաջին որոշումս, որ կլինի փետրվարի 18-ին, մաքսային ծառայությունը կարգի բերելն է: Բացի դրանից, կասեմ՝ տղա ջան, օրենքով կաշխատես: Ի՞նչ ասեմ, Սերժ Սարգսյանը ինքն է մասնակցում նրան, որ փայտի գործը մեկինն ա, բանանի գործը երկրորդինն ա, շաքարի գործը երրորդինը: Հիմա Հայաստանում չեն ուզում նեղացնել մոնոպոլիստներին, եւ սրանով զբաղվում է հենց վարչապետը. հավաքում է Ազգային ժողովում լրագրողներին ու ասում է՝ կարծում եմ՝ էս հարցը դրական կլուծվի. ինչո՞ւ ես կարծում, եղբայր, էդ հարցը պետք է լուծվեր ու քեզ չհասներ, պիտի գրանցվեր ու աշխատեր էդ արտադրությունը»: Նախկին վարչապետը նաեւ ասաց, որ մաքսատունը կարգի բերելը շաբաթների հարց է:
Մեկ այլ գյումրեցի էլ հետաքրքրվեց, թե ինչո՞ւ կառավարությունը չեն լուծարում, ասենք՝ եռօղակից դարձնեն երկօղակ՝ նախագահ ու ԱԺ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ, բոլոր վարչապետներն էլ խոստովանում էին, որ կառավարությունը կոռուպցիայի բույն է: Հրանտ Բագրատյանը համբերատարությամբ բացատրեց, որ ՀՀ-ում պետք է լինի կառավարություն, նախագահը չպիտի զբաղվի գործադիր իշխանությամբ:
Կարդացեք նաև
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ