Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է ժողովրդավարություն հաստատել Ադրբեջանում

Փետրվար 12,2013 14:38

Կանադայում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը կարծում է, որ նախագահի թեկնածուների ծրագրերի արտաքին քաղաքականությանը վերաբերող հատվածները գրված չեն կարդալու համար, եւ դրանք որեւէ կերպ չեն ազդելու ընտրողների՝ այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու որոշման վրա: Իսկ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ նշում է, որ ցանկացած, անգամ լավագույն ծրագիր, ստերջ կլինի առանց համապատասխան դիվանագիտական ծառայության ապահովման: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ:

«Առավոտ»- ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում, բնականաբար, կարեւոր տեղ է հատկացված ղարաբաղյան հիմնախնդրին: Սերժ Սարգսյանի ծրագրում նշված է. «Լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու Արցախի եւ միջազգային հանրության շփումները սերտացնելու համար»՝ այդպիսով շեշտելով, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է միջազգայնորեն ճանաչվի: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ եւ առաջ կարեւորում է. «Արցախի ինքնիշխանության եւ ամբողջականության ճանաչումը կամ նրա միացումը Հայաստանի Հանրապետությանը՝ եթե այդպես որոշի Արցախի ժողովուրդը»: Անդրիաս Ղուկասյանը շեշտում է. «Հայաստանն իրավունք ունի եւ պարտավոր է օրինականացնել իր հարաբերությունները ԼՂՀ-ի հետ: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության միջեւ հարաբերությունների չօրինականացվածությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը»: Հրանտ Բագրատյանի համար «ԼՂ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ընդունելի է միայն Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում»: Իսկ Արման Մելիքյանը կարծում է, որ պետք է «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցություններին զուգընթաց բանակցություններ սկսել ԼՂՀ-ի հետ վերջինիս անկախությունը ներկա սահմաններում ճանաչելու հարցով»: Ձեր գնահատմամբ՝ ներկայացված տարբերակներից ո՞րն է ավելի համահունչ մեր ազգային շահերին:

Արա Պապյան- Այդ մոտեցումները տարբեր են եւ ունեն շատ բաց կողմեր: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում նշում է. «Արցախի հիմնախնդրի արդար եւ խաղաղ կարգավորումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա»: Ասել, որ պիտի ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ: Որովհետեւ այդ իրավունքը ԼՂ ժողովուրդն ունի, դա ամրագրված է որպես միջազգային նորմ, պարզապես խնդիրն այն է, որ այսօրվա քաղաքական շահից ելնելով՝ չկա այն ճնշումը Ադրբեջանի վրա, որը կար շատ այլ, մասնավորապես՝ Կոսովոյի դեպքում: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետին՝ ճանաչել Ղարաբաղի անկախությունը կամ միացնել Հայաստանին, եւ նաեւ՝ Հրանտ Բագրատյանի մոտեցմանը, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն ընդունելի է, եթե Ղարաբաղի կողմից լինի նման դիմում, ապա ես ուզում եմ հիշեցնել, որ ԼՂՀ իշխանությունները 89թ.-ին դիմել են Հայաստանին, եւ մենք էլ համաձայնությունը տվել ենք դեկտեմբերի 1-ին: Եվ դրա համար է այս ամբողջ պայքարը ստեղծվել, իսկ պայքարի ընթացքի ժամանակ խաղի կանոնները չեն փոխվում: Ի վերջո՝ ուզում եմ հիշեցնել, որ դեկտեմբերի 1-ի այդ որոշումն ամրագրված է Հայաստանի անկախության հռչակագրի մեջ, որն էլ մաս է կազմում ՀՀ Սահմանադրությանը: Եվ եթե մենք պիտի ճանաչենք Ղարաբաղի անկախությունը, ապա մեր անկախության հռչակագրից պիտի դեկտեմբերի 1-ի հղումը հանենք:

Առհասարակ, ծրագրերում հստակությունը շատ քիչ է: Օրինակ՝ ասվում է, որ պիտի հակամարտությունը լուծվի արդարության սկզբունքների վրա, իսկ արդարությունը շատ հարաբերական զգացողություն է: Ես կարծում եմ, որ՝ այո, ինքնորոշման իրավունքը պետք է լինի հիմնարար սկզբունքներից մեկը, բայց մենք նաեւ այլ միջազգային իրավունքների նորմեր ունենք, որոնք կարող ենք օգտագործել:

Արման Նավասարդյան- Իմ ընդհանուր դիտողությունն այն է, որ նախագահի բոլոր թեկնածուների ծրագրերը, չնայած անկեղծ եւ ազնիվ ցանկություններին, այդուհանդերձ՝ դեկլարատիվ բնույթ են կրում: Դրանք ավելի շատ հուզական եւ ցանկությունների մակարդակում են, որոնք շատ հեռու են քաղաքական իրականությունից: Միանգամայն համաձայն եմ դեկտեմբերի 1-ի մասով, եւ դա շրջանցել, նոր բաներ ասել պետք չէ: Ինքնորոշման մասին. սա պետք է լինի անկյունաքարը, սա դեռ Հելսինկյան համաձայնագրից եկող խնդիր է: Սակայն անցած քսան տարիների ընթացքում, դժբախտաբար, սկզբնապատճառների մասին շատ բաներ մոռացվել են: Ես նկատի ունեմ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների հավասարակշռման, ագրեսիայի հարցերը: Այդ ինչպե՞ս եղավ, որ մենք դարձանք ագրեսորներ: Ես անընդհատ այդ հարցը տալիս եմ: Ես Հայաստանի առաջին ներկայացուցիչն եմ եղել ԵԱՀԿ-ում, եւ այն ժամանակ գնահատականները բոլորովին այլ էին, այն ժամանակ խոսվում էր ազգային-ազատագրական շարժման մասին, այն ժամանակ նաեւ հիմնականում խոսվում էր հայ փախստականների մասին: Հիմա լրիվ շուռ եկավ սա: Եվ երբ ասվում է համապարփակ լուծում, ես կարծում եմ՝ առաջին հերթին պետք է շեշտադրել մեր բացթողումները քարոզչական դաշտում: Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, ապա դա շատ հեղհեղուկ հարց է: Ես ուսումնասիրել եմ կիպրական խնդիրը, եւ տեսեք՝ առայսօր միայն Թուրքիան է ճանաչել, եւ վերջ:

«Առավոտ- Նախագահի թեկնածուներն իրենց ծրագրերում նաեւ անդրադարձել են հակամարտության կարգավորման բանակցային ֆորմատին: Եվ այստեղ գրեթե բոլորի մոտ էլ առկա է այն միասնական մոտեցումը, որ Ղարաբաղը պետք է վերադարձվի բանակցային գործընթաց: Որքանո՞վ եք դա իրատեսական համարում:

Ա. Պ.- Մեզ ընդհանրապես ձեռք չի տալիս բանակցային ֆորմատի փոփոխությունը: Եվ ակնհայտ է, որ առանց Ղարաբաղի մասնակցության այդ հարցը լուծել չի լինի:

«Առավոտ»- Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկում է «Արցախյան հիմնախնդրի լուծման բանակցությունները վարել առանց որեւէ նախապայմանի՝ հաշվի առնելով խնդրի իրավական եւ քաղաքական հիմքերն ու իրական պայմանները», իսկ Հրանտ Բագրատյանը նշում է, որ «ԼՂ հարցի լուծումն այս փուլում իրական փոխզիջումային տարբերակի մշակումն է»: Դուք այստեղ զիջողականության տարրեր չե՞ք նկատում:

Ա. Ն.- Ինչքան էլ մենք հայրենասեր լիենք, առանց փոխզիջման Ղարաբաղի հարցը չի լուծվելու: Մի բան է մեր ցանկությունը, այլ բան՝ քաղաքական իրականությունը: Եվ եթե մենք դա չենք հասկանում, ապա չենք կարող ոչ Ղարաբաղի, ոչ էլ հայ-թուրքական հարաբերությունների հարցը լուծել: Բայց ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցով առանց նախապայմանների բանակցությունների մասին Րաֆֆի Հովհաննիսյանի ասածին, ապա ես դա չեմ հասկանում: Շատ հարգում եմ իրեն, բայց սա մշուշոտ է…

Ա. Պ.- Եթե բանակցություն է, ապա կողմերն իրենց դիրքորոշումները պիտի ունենան, ինչն ինքնին նախապայման է: Ասել է թե՝ եթե նախապայման չկա, չկա եւ բանակցություն:

«Առավոտ»- Իսկ ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի խոստումը՝ ժողովրդավարություն հաստատել ոչ միայն Հայաստանում եւ Ղարաբաղում, այլ նաեւ Ադրբեջանում:

Ա. Ն.- Րաֆֆին շատ ռոմանտիկ է:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Երկու բարձրաստիճան դիվանագետների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

 

OSI-NEW-ARM-copy3-1024x73

Սույն հաղորդման բովանդակությունը կարող է չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի տեսակետներին։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N17870։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728