Այսօր Հանրային խորհրդում ՀՀ նախագահի թեկնածուների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը ներկայացրեց իրենց առաջարկը՝ ուղղված ՀՀ նախագահի թեկնածուներին. «Նախագահի թեկնածուներ, եթե հինգ տարով լինեք նախագահ, դուք նպատակահարմար գտնո՞ւմ եք, որ համացանցն օգտագործելով՝ համախմբել հայության ներուժը, այսինքն`ի մի բերել: Մենք առաջարկել էինք, որ պետք է ստեղծել աշխարհով մեկ ազգ կազմակերպություն, հանրապետություն, դուք ի՞նչ պլաններ ունեք, եթե ընտրվեք, այս առումով ի՞նչ կանեք»:
Սադոյանի խոսքով`իրենց առաջարկին ՀՀԿ-ն արդեն իր «դաբրոն տվել է», նրա ներկայացուցիչն ասել է, որ իրենք կողմ են. «Ցավոք, գործող նախագահը, որը նաեւ թեկնածու է, եւ իր ներկայացուցիչն այսօր չեն լինի, բայց Սերժ Սարգսյանի դիրքորոշումը մեզ պարզ է, ինչպես նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանինը»:
Անդրիաս Ղուկասյանի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի խոսքով էլ` հարցը ակտուալ է, աշխարհը շատ է փոխվում ու տեսնում ենք, թե ցանցերն ինչ դեր ունեն կյանքում, իսկ դրանք հնարավորինս պետք է օգտագործել ի նպաստ ժողովրդի, Հայաստանի հզորացմանը. «Այս առումով կարեւոր դեր են խաղում նաեւ լրատվամիջոցները: Հայության ինքնության պահպանման համար հայաստանակենտրոն լրատվամիջոցները իրենց ցանցերը ստեղծելով կարող են կապ հաստատել սփյուռքի հետ, իսկ այդպես հնարավոր կլինի շատ հարցեր լուծել»:
Պարույր Հայրիկյանի շտաբից, Սամսոն Սարդարյանն էլ գտնում է, որ հարցն արդիական է, ու իրենք եւս կարեւորում են Սադոյանի առաջարկն ու մտահոգությունները եւ ըստ նրա, ամեն ինչ պետք է անել, որ հեռահաղորդակցության հարցը լուծվի. «Սա կարեւոր նշանակություն ունի նաեւ բիզնեսի համար, պետք է ողջ աշխարհի հետ կապ ստեղծել, կազմակերպված ձեւով համացանցն աշխատեցնել մեր ազգի խնդիրների լուծմանը: Կարծում եմ՝ այս աշխատանքները իրականացնելու համար պետք է հաճախակի քննարկումներ կազմակերպել, որպեսզի ճիշտ լուծումները գտնել»:
Կարդացեք նաև
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ հավելեց, որ իրենք ծանոթ են առաջարկին, գաղափարը հետաքրքիր է հատկապես սփյուռքի ներուժն օգտագործելու առումով, ու իրենք հատկապես այս կետին բավականին մեծ կարեւորություն են տալիս. «Եթե ուշադիր լինեք, կնկատեք,որ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրում էլ կարեւորվում են ներդրումները: Մեր երկիրն այլ ելք չունի, եթե ներդրումների առումով չներգրավվի դրսի ներուժը, բայց այս առումով շատ կարեւոր է հայկական կապիտալը»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ