Ժամանակից վախենում եմ.. Ծիծաղելի՞ է: Հնարավոր է: Բայց միևնույնն է` վախենում եմ…
Դեռ դպրոցում բնագիտության դասատուն մի օր շեշտեց. «Ժամանակն անհնար է ինչ-որ կերպ կանգնեցնել»: Այդ ժամանակ` նույնիսկ չիմանալով, որ ինչ-որ – ը գծիկով է գրվում, ես միևնույնն է` միտքը հասկացա ու ամբողջ օրը մտորումների մեջ էի. «Իսկ ի՞նչ կլինի, եթե բոլոր ժամացույցները կանգնեցնենք»: Գուցե դեռ այդ տարիքից եմ կարևորել ժամանակը:
Բոլորը տալիս են ժամանակի զգացողության դրական բնութագիրը: Իսկ արդյո՞ք նրանք իրավացի են: Դա նրանց պարզապես թվու՞մ է, թե … (այլընտրանք չունենալով օգտվեմ բազմակետերից):
Ո՞վ է ասել, թե ժամանակի զգացողություն ունեցող մարդն ուրախ է, թե նա զերծ է պահում իրեն խնդիրներից: Ավելի հաճախ այդ զգացողությունն ավելի սուր է ծակում մարդուն, քան` դրա բացակայությունը: Նախ, ժամանակի արագընթացության մասին մտածելով դու կրկին ժամանակ ես կորցում: Հետո, արդյո՞ք լավ է տեսնել, թե ինչպես են շուրջդ, իրերը, երևույթները, մարդիկ փոփոխում իրենց մշտական տեղերը կամ ընդհանրապես անհետանում: Դու ուսուցչի նման` սովորության համաձայն փնտրում ես սիրելի աշակերտիդ իր նստարանի մոտ, բայց նա փոխել է իր տեղը, կամ ընդհանրապես ավարտել է դպրոցն ու գնացել… իսկ դու դեռ քո տեղում ես, ոչինչ չի փոխվել: Ուսուցչի օրինակն, իհարկե, հեքիաթային է համեմատած կորուստների բազմատեսակ տարբերակների հետ, որ հանդիպում են յուրաքանչյուրիս: Գոյություն ունի կորստի էվոլյուցիոն սանդղակ, որը մատնահետքերի նման տարբերվում է մարդկանց մոտ: Արժեքները փոխվում են, փոխվում ենք մենք: Եթե տարիներ առաջ կվախենայի կորցնել շոկոլադե կոնֆետը, որը պինդ պահում էի ձեռքիս մեջ, այժմ ինձ վախեցնում է կորուստների այն չափը, որ մարդ կարող է ունենալ: Իսկ կորուստն ինքնին կոալիցիոն բնույթ է կրում` բերելով իր հետ ցավոտ լռություն, որին հաջորդում է խոսքերի մի կույտ, որոնք ասվում են, բայց` անիմաստ, ուղղված են` չգիտես թե ում, վիրավորում են` սխալ մարդուն, փոխանակվում են, կամ մնում օդում..
Չէ, եթե փոքր տարիքում ես գիտակցեի այս ամենը, համոզված եմ` կհամաձայնեի կորցնել 3 տուփ շոկոլադ (ներառյալ իմ ամենասիրելին), միայն թե բոլոր հարազատներս կողքիս լինեին թե՛ Այդ տարիքում, թե՛ Այսօր և թե՛ Վաղը:
Արժեքները փոխվում են, մենք էլ…
Տոմա Օհանջանյան` (mynews.am)