Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Մանասերյան. «Բագրատյանի 100 քայլը» իր մեջ հակասություններ ունի» (Տեսանյութ)

Փետրվար 12,2013 14:10

 Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` նախագահի 8 թեկնածուներից միայն 3-ն ունեն տնտեսական ծրագրեր:

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով` նախագահի այն երեք թեկնածուները, ովքեր ակտիվ քարոզարշավ են իրականացնում, ունեն հստակ տնտեսական ծրագրեր, սակայն, տնտեսագետը թեկնածուների կողմից իրականացված քարոզարշավի ակտիվությունը չի կապում նրանց տնտեսական ծրագրերի հետ:

Տնտեսագետի խոսքով` այդ երեք թեկնածուները իրենց նախընտրական ծրագրերի տնտեսական հատվածում հատկապես ուշադրություն են դարձրել երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, գյուղատնտեսությանը, ինչպես նաեւ ստվերային տնտեսության դեմ պայքարին:

«Հրանտ Բագրատյանի ծրագիրն ավելի մանրամասն է, գործող նախագահի ծրագրի մեջ ներառված են թիրախներ եւ խնդիրների լուծման ուղիներ: Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրն ավելի ամփոփ է, չնայած այնտեղ  ավելի քիչ են թվերը, քան Հրանտ Բագրատյանի ծրագրի մեջ: Ընդդիմադիր թեկնածուներն ավելի շատ են խոսում ստվերային տնտեսության դեմ պայքարից»,- այսօր, Տեսակետ» ակումբում անդրադառնալով նախագահի թեկնածուների տնտեսական ծրագրերին, նշեց մասնագետը:

Թ. Մանասերյանը, մեջբերեց Հրանտ Բագրատյանի ծրագրի 66-րդ կետը`

«Բանկերի կողմից ներդրումների դադարեցում, դրամի ուժեղացում: Պետք է արգելվի ներդրումային նորմատիվների գործունեությունը (բանկային կարգավորման տնտեսական նորմատիվների 4-րդ խումբ): Դրամի կայունությունն ապահովելու նպատակով վարկերը պետք է տրվեն միայն ազգային արժույթով, ազգային արժույթով ընդունվեն ավանդները» ու նկատեց.

«Բագրատյանի ծրագրում հակասություններ կան: Նրա ծրագրի այս կետը հակասում է նույն ծրագրի 57 եւ 58-րդ կետերին: Դրամի ուժեղացումը, մասնավորապես, հակասում է 57-րդ կետի «դրամի արհեստական արժևորման արգելմանը», իսկ վարկերի` միայն ազգային դրամով տալու գաղափարը հակասում է 58-րդ կետի տրանսֆերների հաշվին հիմնադրամ ստեղծելու եւ դրա միջոցների հաշվին տնտեսությունը վարկավորելու մտքին»:

Aravot.am-ի այն հարցին, թե որքանով են իրատեսական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահության առաջին տարում 180 հազար նոր աշխատատեղեր բացելու, կենսաթոշակները, կրթության, գիտության, առողջապահության, ինպես նաեւ պաշտպանության ծախսերը 50%-ով բարձրացնելու նախընտրական ծրագրի դրույթները, տնտեսագետը պատասխանեց.

«Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը համարում եմ իրատեսական: Նրա տնտեսական ծրագիրը շատ ավելի իրատեսական է, քան մյուս թեկնածուների ծրագրերը: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է, որ բյուջե կվերադարձնի 300 մլրդ. դրամ, դա նույնպես իրատեսական է, սակայն, մի քիչ դժվար կլինի: Եթե ընդդիմադիր թեկնածուները պիտի միավորվեն, ապա ավելի խելամիտ կլինի, որ նրանք միավորվեն Րաֆֆի Հովհաննիսյանի տնտեսական ծրագրի շուրջ»:

Ասուլիսի ընթացքում բանախոսը նշեց. «Մի բան է՝ խոստումներ տալ, մի այլ բան է՝ դրանք կատարել:

 Աշոտ ԱԹԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728