«Կար միասին հաջողության հասնելու տարբերակ, բայց երբ նկատեցի, որ մարդիկ ում հետ այդ պետք է քննարկեի, բայց որոնք շատ զբաղված էին, ես մտածեցի ինչու ոչ հրապարակային ուղերձով դիմեցի թեկնածուներին: Բայց խանդից, բարդույթից, թե չգիտեմ ինչից դրդված՝ իմ հրապարակային դիմումը որակեցին որպես գաղտնի հանդիպումների հրապարակում: Այ դու ո՞վ ես, որ ես քո հետ գաղտնի խոսակցություն ունենայի, դու գո՞ղ ես, թե՞ ավազակ, ինչի՞ց ես վախեցած: Էդ ի՞նչ ՀՀՇ-ական մոտեցում է»,- այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով իր հրապարակային դիմումի վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հայտարարությանը՝ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:
Նա նաեւ քննադատեց Բագրատյանի նախընտրական ծրագիրը՝ պնդելով, որ այն տնտեսական է ու սովխոզի նախագահի ծրագիր. «Դու պետության համակարգի վերաբերյալ ծրագիր պետք է ներկայացնես: Հրանտ Բագրատյանը սպասում է, որ Հայրիկյանը մի հատ հայտարարություն անի իր համար, շատ գեղեցիկ է: Ընտրարշավում երկու պաշտոն ունեցող մարդ կա՝ Հրանտ Բագրատյան ու Սերժ Սարգսյան: Եվ պաշտոն ունեցողը խոսում է պաշտոն չունեցողի մասին, խոսում է իշխանությունների հետ համագործակցության մեջ մտած մարդը: Բան ու գործ չունե՞ս Հրանտ: Ես նոր Հրանտ Բագրատյան բացահայտեցի եւ տխրեցի, ինքը ինձ հիշեցրեց, որ իր թիմակիցներին է դավաճանել, իրեն պառլամենտական աթոռ տված Լեւոն Տեր-Պետրոյանին չհարցրեց, ինչ կասե՞ս թեկնածություն եմ ուզում դնեմ: Պրիմիտիվ մարդիկ են քաղաքական դաշտը բաժանում իշխանության եւ ընդդիմության: Եթե իշխանությունը չարիք է՝ ուրեմն Բագրատյանը 4 տարի չարիք է եղել՝ լինելով վարչապետ: Խորհուրդ եմ տալիս մանկապարտեզային մակարդակից բարձրանալ»:
Հարցին կշնորհավորի՞ ՀՀԿ թեկնածուին հաղթանակի դեպքում, ասաց պրիմիտիվ հարց է. «Ում հետ էլ նարդի եմ խաղում եւ հաղթում է՝ շնորհավորում եմ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դե, հայ ենք էլի, էդքան էլ հազիվ: Դրա համար էլ ազգը այս օրին է: Պատահական ոչինչ չի լինում:
Անձնական հարաբերությունների պարզելու ժամանակ է գտել Հարմարվյանը…