Լրահոս
Օրվա լրահոսը

Հին ընկերները չեն դավաճանում

Փետրվար 12,2013 13:38

Հայաստանի նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակիցը լինելու մասին հայտարարող նախագահի թեկնածուներից որևէ մեկը որևէ կերպ չի արձագանքել Գյումրիում նրա հայտարարությանը, թե «100-ից ինչքան ուզեմ, այնքան էլ կխփեմ՝ 90, 80, 60…»: Կարծես այդ հայտարարությունը ոչ թե նախագահական ընտրության, այլ ասենք` որսի մասին էր արված: 

Կամ էլ` նախագահի թեկնածուներ Հրանտ Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Պարույր Հայրիկյանը համաձայն են Էդուարդ Շարմազանովի հետ և կարծում են, որ Սերժ Սարգսյանը հումոր կամ կատակ է արել: Այդ դեպքում, իհարկե, կամ թեկնածուների հումորի զգացումը նախանձելի չէ, կամ էլ նրանց քաղաքական մեղսունակության հարցն է դրված սեղանին: Սերժ Սարգսյանը կատակ չի արել, այլ գուցե ընդամենը կատակի ձևով ասել է մի բան, որը երևի թե ամբողջ նախագահական ընտրարշավում նրա թույլ տված ամենալուրջ, ամենաանկեղծ հայտարարությունն է: Նա իր այդ հայտարարությամբ նախագահական ընտրության ամբողջ գործընթացը փաստացի դրել է սեղանին՝ ինչքան տոկոս ուզեմ, այնքան տոկոս էլ ինձ կգրեմ: Եվ դա, միևնույն ժամանակ, նշանակում է, որ քանի տոկոս ուզեմ, այնքան կգրեմ մյուսներին:

Եվ հենց այստեղ է, որ մյուսները լռում են, թեև կարծես թե կա գոնե միասնական հայտարարության առիթ: Սակայն նրանք լռում են, կարծես համաձայնելով, որ իսկապես՝ Սերժ Սարգսյանը քանի տոկոս ուզի, իրեն կգրի և քանի տոկոս որ ուզի, կգրի իրենց: Ավելին` Բագրատյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հայրիկյանը միմյանց միջև են ինչ-որ հարաբերություններ պարզում, միմյանց կասկածում են ընդդիմադիր չլինելու, գործարքների գնալու մեջ, մեկը մյուսին է մեղադրում իշխանության հետ գաղտնի քննարկումների կամ պայմանավորվածությունների համար, մեղադրում են իրար միմյանց հետ մասնավոր զրույցները հրապարակելու կամ հասարակությունից թաքուն գործելու համար: Մի խոսքով, Բագրատյան-Հովհաննիսյան-Հայրիկյան եռյակը ոչ միայն Սերժ Սարգսյանի հայտարարությունը թողեց, ըստ էության, անարձագանք, այլ նույնիսկ իր վարքով գրեթե 100 տոկոսով հաստատեց այդ հայտարարությունը` կարծես թե ցույց տալով, որ ընդամենը պայքարում է Սերժ Սարգսյանի մտքով անցած ամենաբարձր տոկոսին արժանանալու համար:

Այսինքն` այդ իմաստով էլ երևի համաձայն են Շարմազանովի հետ, որ պայքարը պատվավոր երկրորդ տեղի համար է: Հիմա նրանք պայքարում են այդ պատվավոր երկրորդ տեղի համար: Հակառակ պարագայում, եթե պայքարն այլ, ավելի լուրջ բանի համար է, ապա Սերժ Սարգսյանի Գյումրիի հայտարարությունը պետք է շրջադարձային լիներ այդ պայքարում, և «եռյակը» պարզապես այլ բան չուներ անելու, քան միասնաբար խնդիրներ առաջադրել Սերժ Սարգսյանին: Առանց դրա` Հայաստանի նախագահի ընտրությունը Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո այլևս կարելի է համարել ավարտված, հատկապես ՍԴ-ից Հայրիկյանի դիմումը հետ վերցնելուց հետո:

Բացարձակապես պատահական չէ, որ այդ հայտարարությունը արվել է Գյումրիում: Որևէ մեկի մտքով կարո՞ղ է անցնել, որ եթե լրագրողը հարց չտար, Սերժ Սարգսյանը չէր խոսի: Սակայն լրագրողի հարցը, ըստ ամենայնի, ընդամենը առիթ էր Սերժ Սարգսյանի հայտարարության համար: Չլիներ այդ հարցը, Սերժ Սարգսյանը անպայման մի որևէ այլ առիթ կգտներ այդ հայտարարության համար: Շիրակը, Գյումրին այդ առումով «խորհրդանշական», «տոտեմային» նշանակություն ունի Սերժ Սարգսյանի համար, հանդիսանում է նրա իշխանության խորհրդանիշը. նա Շիրակում, Գյումրիում է, ըստ էության, հոգեբանորեն և քաղաքականապես ջախջախել իր իշխանության գլխավոր մրցակից հռչակված ԲՀԿ-ին` ի դեմս Սամվել Բալասանյանի քաղաքապետացման խոսուն գործընթացի, որում «Բարգավաճ Հայաստանը» հայտնվել էր դիտորդի կարգավիճակում:

Եվ հենց այդ խորհրդանշական գոտում Սերժ Սարգսյանը ըստ ամենայնի պետք է հնչեցներ իր «հաղթական» ակորդը, այդ գոտուց պետք է ցույց տար, որ ամեն ինչ ենթարկվում է իրեն: Հենց այդ իմաստով Գյումրիի հայտարարությունը պատահական չէր և երևի թե չէր էլ կարող լինել: Հետևաբար` չէր կարելի այդ հայտարարությունը աչքաթող անել, եթե նրա դեմ իրապես կան մրցակիցներ: Բայց նրանք անգամ դրանից հետո անվրդով շարունակում են իրենց ավանդական քարոզարշավը՝ մեկը բարևելով, մյուսը իր քայլերը հերթական անգամ շարադրելով, երրորդը դիմումները ՍԴ տանել-բերելով, իսկ բոլորը միասին՝ իրար կասկածելով և մեղադրելով: Հիրավի նախընտրական իդիլիա, որտեղ Սերժ Սարգսյանը կարող է ոչ թե 60, 80 կամ 90, այլ միգուցե 110 էլ խփել:

Վերջին հաշվով, քաղաքականությունն էլ ինչ-որ առումով ֆուտբոլային հայտնի ճշմարտության տրամաբանությանն է ենթակա, և ամեն մի մրցակից խաղում է այնքան, որքանով նրան թույլ է տալիս դիմացինը: Սերժ Սարգսյանի մրցակիցները, ընդ որում ոչ միայն նախագահական ներկայիս ընտրության գործընթացում, այլ առնվազն վերջին 3-4 տարվա ընթացքում, նրան թույլ են տալիս խաղալ բավական ազատ և համարձակ, ինչից էլ Սարգսյանն օգտվում է: Բայց, խոշոր հաշվով, օգտվողն, իհարկե, միայն նա չէ, այլ նաև մրցակիցները` թեկուզ ակամա, որովհետև այդ պայմաններում Սարգսյանը կենսականորեն շահագրգռված է վերջին 3-4 տարվա իր բոլոր մրցակիցների պահպանմամբ, որովհետև եթե նրանք չլինեն, հանկարծ կարող են ձևավորվել առավել լուրջ ուժեր: Այդ պայմաններում հարկավոր է համատեղ ուժերով՝ ամբողջ ռեսուրսով, բոլոր խողովակներով արգելափակել ցանկացած նոր բան, անգամ ամենասաղմնային վիճակում, քանի որ հին ընկերները չեն դավաճանում:

Արամ Ամատունի

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի անձից՝, որից բացի զազրախոսությունից ուրիշ ոչինչ չլսել, ինչպես կարող է ևս 5 տարի լոկ հիմար դոգմաներով կերակրել ժողովրդին, առանց հասկանալու իր գավառական, հետամնաց,
    առաջադիմության հետ կապ չունեցող մտածողությամբ երկիրը բացահայտ կործանել: Միակ զենքը՝
    իր քարանձավային հնարքներով հանցավոր վարչախումբը պաշտպանել: Պատասխան պետք է տան
    ոչ միայն երկու գավառական հանցագործները, և նրանց շաշիկ մաշիկը, այլ նաև մինչև թոխմախի
    յալլան, որից այն կողմ Սաֆարովն է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728