ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեցին 2012թ-ին համատեղ իրականացրած եւ համագործակցության շրջանակներում՝ 2013թ-ին նախատեսվող մշակութային ծրագրերը:
«Մշակույթի ոլորտում զարգացումների հիմնական գործոն էր այն հանգամանքը, որ մեզ միացան հովանավորները: Ամենաառաջին կազմակերպությունը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն էր: Այսօր նրանք հստակ ապահովում են որակյալ մշակութային դաշտի զարգացումը: Ամենադժվար պահերին մենք արժեքավորում ենք մշակույթը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Մշակույթին աջակցությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի կորպորատիվ պատասխանատվության մաս է կազմել ընկերության գործունեության առաջին իսկ օրվանից: 2013-ին մշակույթի նախարարությունը շարունակելու է հանդես գալ հետաքրքիր նախաձեռնություններով. Բազմաթիվ են երաժշտական, թատերական նախագծերն ու երիտասարդության համար նախատեսված պրեմիերաները եւ փառատոնները:
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքով ընդհանուր առմամբ, ընկերությունը մշակութային նախագծերի իրականացման համար հատկացրել է շուրջ 6,5 միլիարդ դրամ, որից 952,8 միլիոնը՝ 2012թ.-ին: Իսկ 2013-ին ամենատարբեր ծրագրերի իրականացման համար հատկացվելու է 1,204 միլիարդ ՀՀ դրամ.
Կարդացեք նաև
«Մեր մշակութային ճանապարհը սկսեց 2005 թ-ի վերջից: Մշակույթն իր ինքնության պատկանելությամբ կարեւոր հենասյուներից մեկն է: Հարուստ է մեր մշակույթն ու ինքնությունը, պետք է պահպանենք, զարգացնենք այն անկախ դժվարություններից եւ խնդիրներից»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ