Նախընտրական քարոզարշավը գրեթե մոտենում է իր տրամաբանական ավարտին, (Պարույր Հայրիկյանի ականջը կանչի՝ նրա թեթեւ ձեռքով 10 օր սպասելուց հետո, վերջապես պարզեցինք, որ ընտրությունները չեն հետաձգելու), սակայն, այսօր անգամ կարող ենք արձանագրել, որ իշխանական թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի քարոզարշավը հստակ երկու մասի է բաժանվել։
Քարոզարշավի մի մասը այն է, ինչ տեսնում են այն մարդիկ, ովքեր համացանցից չեն օգտվում, եւ կատարվող իրադարձությունների մասին տեղեկանում են բացառապես հեռուստացույց դիտելով։ Երկրորդ մասը, այն է, ինչ դուրս է մնում հեռուստատեսային եթերից, եւ ինչը կարելի է գտնել միայն համացանցում, կամ էլ՝ եթե սեփական աչքով ականատես լինես Սարգսյանի նախընտրական հանդիպումներից գոնե մեկին։ Հենց այդ պատճառով էլ, Հայաստանն այսօր հստակ բաժանվել է նրանց, ովքեր «չեբուռաշկա», «թարս բուսնող խիյար», «կրակոտ տղա», «եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», «ինչքան ուզեք, էդքան կխփենք», «կարմիր ծովից եկող Մովսես» եւ նմանատիպ այլ արտահայտություններին ծանոթ են եւ միանգամից ասոցացնում են դրանք Սերժ Սարգսյանի հետ, եւ նրանց, ովքեր տեղյակ չեն, որ կա այդ արտահայտությունները միավորող մեկ հանգամանք։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ր արդեն ներկայացրել է ընտրությունների մոնիթորինգի երկրորդ՝ միջանկյալ զեկույցը։ Դա բավականին ուշագրավ է այն առումով, որ չնայած հեղինակները նշում են, որ խորհրդարանական երեք ուժերի՝ ընտրություններին թեկնածու չառաջադրելու որոշումը ազդել է նախընտրական մթնոլորտի վրա, նաեւ հավելում են, որ ոչ մեծ հետաքրքրության պայմաններում հեռուստաընկերությունները իրենց եթերում բոլոր թեկնածուների քարոզարշավի լուսաբանմանը մեծ տեղ են հատկացնում։ Այն, որ նման ոչ մրցակցային պայմաններում անցնող ընտրություններում Սարգսյանի քարոզչամեքենան ոչ միայն եթեր է տրամադրելու առաջադրված թեկնածուներին, այլեւ արհեստականորեն լուսաբանելու էր նրանց հետ կապված ցանկացած բան, ակնհայտ էր ի սկզբանե։
Սերժ Սարգսյանը պիտի լուրջ մրցակիցներ կերտեր իր հետ առաջադրված թեկնածուներից, եւ իր խնդիրը այս անգամ ոչ միայն, եւ երբեմն նաեւ ոչ այնքան իրեն քարոզելն է, որքան մյուսներին քարոզելը։ Սակայն, հենց այդ պատճառով էլ, Սարգսյանը ինքն էլ ըստ էության հասկանում է, որ ընտրություններին դե ֆակտո մասնակցում է մենակ, ու հենց այդ պատճառով էլ ձեռի հետ քարոզարշավ է անում՝ ընդամենը մեկ նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրությանը «պարգեւելով» ավելի շատ «թեւավոր խոսքեր», քան նախորդ 5 տարիների ընթացքում միասին վերցրած։
Եվ հենց այստեղ է, որ առավել «դժվարանում է» իշխանական քարոզչամելենայի, եւ հատկապես՝ հեռուստաընկերությունների աշխատանքը։ Մի կողմից նրանք փորձում են մյուս թեկնածուների զարթնել–հագնվել-քայլել-բարևել-քնել–լողանալը լուսաբանելով՝ մարդկանց ուշադրությունը շեղել Սերժ Սարգսյանի քարոզարշավից, մյուս կողմից էլ՝ նույն բանը անում են վերջինիս ելույթները, հանդիպումների կամ այլ առիթների ժամանակ չնախատեսված երկխոսությունները խնամքով թաքցնելով, խոսքերը սիրուն մոնտաժելով։ Ու արդյունքում, եթե մարդիկ միայն հեռուստացույց նայեն, կիմանան, թե Րաֆֆի Հովհաննիսյանը քանի մարդու բարևեց, որքան քայլեց, երբ լոգանք ընդունեց Անդրիաս Ղուկասյանը, քանի անգամ ժպտաց Պարույր Հայրիկյանը, քանի մեքենա ունի Վարդան Սեդրակյանը (որն ինքն իրեն էպոսագետ է կոչում), եւ այդ ամենի արանքում՝ լսում են Սերժ Սարգսյանի կցկտուր ելույթները, որոնք ի տարբերություն 2008 թվականի քարոզարշավի ոչ թե հանրահավաք հանդիպումների տեսք ունեն, այյ հիմնականում անցնում են ինչ-որ դահլիճներում, որտեղ անգամ լրագրողների համար դժվար է մուտք գործելը. ավելի ճիշտ, ոչ բոլոր լրագրողներն են կարողանում մուտք գործել այդ դահլիճներ։
Կարդացեք նաև
Այո, այս ընտրությունները աննախադեպ են նրանով, որ Սերժ Սարգսյանի թիմը ջանում է հնարավորինս քիչ լուսաբանել Սերժ Սարգսյանին, որովհետեւ այս անգամ Սարգսյանի կիքսերը այնքան շատ են, որ դրանք հետեւում են մեկը մյուսին։
Քրիստինե ԽԱՆՈՒՄՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»
Ամենահատկանշականը,՝ սս-ի 5 տարվա կործանարար և մարտի 1-ի՝ ով լինելն է: Իսկ երկրորդը՝ նրա
անկեղծությունն է, որ հաջորդ 5 տարում նույնպես ոչ մի լավ բան իրենից չսպասեք, քանի որ բացի
թալանից, որևէ բան չի առաջարկում, երկու բառ ասելով,՝ փոքր կամ միջին բիզնեսի մասին,
անմիջապես ասում է, որ օլիգարխին չենք կպնելու, և այլն: Բոլոր ելույթները հիմնված են դեմադոգ
ճառերի վրա, թե լսողը ինչ է հասկանում, դժվար է գուշակել; Բայց ազգի ստրկամիտ խավը, որի
միակ սրբությունը լիքը տաշտակից օգտվելն է, շատ լավ մոբիլիզացված է: