Լրահոս
Օրվա լրահոսը

Հետընտրական գործընթացները կարող են ակտիվ լինել

Փետրվար 12,2013 12:34

Հատված քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ հետ հարցազրույցից:

-Նախագահի թեկնածուներից մեկն անհույս հացադուլի մեջ է, մյուսը կարծես անձի երկվությամբ է տառապում` ժամերի ընթացքում փոփոխելով կայացրած որոշումները. քաղաքագիտական տեսանկյունից` նախընտրական ինչպիսի՞ գործընթացների ականատեսն ենք:

-Ի տարբերություն նախորդների, այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ ընթանում է ապաքաղաքականացված քարոզարշավ։ Ընտրությունների քաղաքականացվածության աստիճանը չափում ենք քաղաքական ուժերի մասնակցությամբ. այսօր այդ մասնակցության մակարդակը 1,5 աստիճան է գնահատվում:
Այսինքն՝ քաղաքական ուժերից ակտիվ մասնակցում են միայն Հանրապետականն ու փոքրաթիվ «Ժառանգությունը»: Եվ «մաքուր դաշտ» տեսնելով՝ պայքարի մեջ մտան անհատ գործիչները, որոնց թիկունքում չկան հզոր քաղաքական ուժեր: Բնականաբար նման մասնակիցներով ծավալվող ընտրապայքարը պետք է նաեւ նման անկանխատեսելի ընթացք ունենար. որոշ թեկնածուների չկայացածությունը հանգեցրել է նրան, որ նախընտրական քարոզարշավը կարծես վերածվել է տրագիկոմեդիայի:
Սակայն ուզում եմ մեկ այլ կարեւոր բան ասել: Նախընտրական գործընթացները միայն քարոզարշավի 2-3 շաբաթով չէ, որ բնութագրվում են, եւ դրանց պետք է հետեւել խորհրդարանական ընտրությունների հետընթացից սկսած: Անցած ամբողջ տարվա ընթացքում ես որպես քաղաքագետ խիստ անհանգստացած էի, ուսանողների հետ փորձում էինք վերլուծել մեր քաղաքական դաշտը, բայց այդպես էլ քննարկման նյութ չունեցանք։ Ինչո՞ւ, որովհետեւ կուսակցություններից ոչ մեկը չէր խոսում այն մասին, թե ի՞նչ ծրագրերով է ընդառաջ գնալու նախագահական ընտրություններին, ի՞նչ պլատֆորմ ունի, ի՞նչ ռեալ լուծումներ է առաջարկում:
-Ասացին՝ չձեւավորվեց միասնական ճակատ, հետեւաբար անիրատեսական էր դառնում գործող նախագահին հաղթելը:
-Դա հիմնավոր պատճառաբանություն չէր, թող մասնակցեին, օգտագործեին քարոզարշավը, ներկայացնեին իրենց ծրագրերը: Եթե ԱԺ-ում ունես խմբակցություն, ժողովրդին ունես ասելիք, բայց չես ասում, չես առաջարկում լուծումներ, մանավանդ երբ երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական, նաեւ տարածաշրջանային առումով բարդ իրավիճակում, ուրեմն կորցնում ես քաղաքական ուժին բնորոշ հատկանիշներդ:
-Այն ուժերը, որոնք չմասնակցեցին ընտրություններին ու հայտնվել են դիտորդի դերում, թերեւս կաշխուժանան փետրվարի 18-ից հետո: Ի՞նչ հետընտրական գործընթացներ են կանխատեսվում:
-Ընտրությունները պետք է լինեն հասարակության ներսում կուտակված հակասությունների հանգուցալուծումը: Նրանց միջոցով հասարակությունը պետք է լիցքաթափվի ու անցնի բնականոն գործունեության: Եթե այդ լիցքաթափումը տեղի չի ունենում, եւ հակասությունները մնում են հասարակության ներսում, դա կարող է հետընտրական շրջանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել: Այս իմաստով, հետընտրական գործընթացները գուցեեւ շատ ավելի ակտիվ լինեն, քան ընտրականը:
Կարծում եմ, հետընտրական ընթացքում անհրաժեշտ է իրականացնել սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական լուրջ միջոցառումներ, որպեսզի հասարակության ներսում կուտակված լարվածությունը, հակասությունները պարպվեն, որպեսզի դրանք չժայթքեն ու մեզ չկանգնեցնեն նոր քաղաքացիական առճակատումների առաջ:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728