Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը ոչ մի երիտասարդ չի դրել

Փետրվար 12,2013 12:29

Նախագահի թեկնածուներից ոչ ոք երիտասարդ չէ։ Թեև, անկեղծ ասած, հայաստանյան չափանիշներով՝ երիտասարդությունը խիստ առաձգական հասկացություն է։ Կարող ես երիտասարդ վիճակում անդամակցել, դիցուք, Հանրապետական կուսակցության երիտասարդական թևին, ու պարզվի, որ մինչև խոր ծերություն ի պաշտոնե կարող ես ներկայացնել տվյալ կուսակցության երիտասարդությանը։ Ամեն դեպքում, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի և Էդուարդ Շարմազանովի պարագան ցույց է տալիս, որ այս տեսակետը գոյության իրավունք ունի։

Ինչո՞ւ նախագահական ընտրություններին իր թեկնածությունը ոչ մի երիտասարդ չի դրել։ Երիտասարդության սահմանումը խիստ դաժան է՝ ըստ առողջապահական սանդղակի, երիտասարդության վերին շեմը 35 տարեկանն է։ Այս տրամաբանությամբ՝ քաղաքական ասպարեզում չկա երիտասարդ, ով կարող է հավակնել երկրի ղեկավարի պաշտոնին։ (Ի դեպ, պատահական չէ, որ իր առավելություններից մեկը Հրանտ Բագրատյանը համարում է այն, որ Հայաստանի վարչապետ է եղել 33 տարեկանում): Ամեն դեպքում, Հովհաննես Թումանյանն իր հայտնի «Վայրէջքը» գրեց քառասունից հետո։

Հաշվի առնենք, որ մարդն իր կյանքի ամենակարևոր ընտրությունը՝ մասնագիտության և կողակցի ընտրությունը, կատարում է 17-27 տարեկանում։ Այդ շատ տարիներ անց է թվում, թե 27 տարեկանում մարդը դեռ ինքնուրույն վճիռ կայացնելու համար հասուն չէ, դեռ երեխա է։

Սակայն դա միայն թվում է։ Ամեն դեպքում, եթե դիտարկենք աշխարհի ամենահայտնի օրինակները, պարզ կդառնա հակառակը։ Ալեքսանդր Մակեդոնացին (մ.թ.ա. 356-323), օրինակ, արդեն 25 տարեկանում իրեն հայտարարեց Աքեմենյանների օրինական հետևորդ։ Գուցե ձևակերպումս այնքան էլ տեղին չէ, սակայն 33 տարեկանում Մակեդոնացին արդեն հասցրել էր մահանալ մալարիայից։ Քանի՞ տարեկան էր Յուրի Գագարինը, երբ կատարեց իր առաջին և պատմական պտույտը Երկրագնդի շուրջ։ Քսանյո՛թ։

Իսկ որտե՞ղ են մաքսիմալիստ, հավակնոտ, աշխարհը շրջել ցանկացող մեր երիտասարդները։ Ինչո՞ւ չկա մեկը, ով կփորձի հայտ ներկայացնել նախագահական ընտրություններին, ձեռնոց նետել իրենց քաղաքական դարն ապրած գործիչներին։ Առավել ևս, որ նախագահի թեկնածուների գործողություններն ու մտքերն առավելապես բժիշկների, քան ընտրողների մեկնաբանության անհրաժեշտություն են զգում։

Գործող իշխանությունների ամենից վտանգավոր ու ոչ գրագետ քայլը երիտասարդների հնարավորությունները սահմանափակելն է, նրանց ինքնագնահատականը նվազեցնելը։ Դա ձեզ համար այն տաղանդավոր երիտասարդները չեն, որոնք այս կամ այն հիմնադրամի միջոցով գնում են արտասահմանյան լավագույն ուսումնական հաստատություններ՝ կրթությունը շարունակելու։ Եվ, որպես կանոն, չեն վերադառնում։ Խոսքն այն երիտասարդների մասին է, որոնց տեսանք Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակում։ Նրանք, որոնք ստանձնում են խաղալ այն ծովի դերը, որը պատրաստ է երկու մասի բաժանվել գործող նախագահի առաջ։ Այդ երիտասարդներին ստիպել հնարավորինս բարձր և լավ տրամադրությամբ հրճվանք արտահայտել, բղավել՝ տեսնելով գործող նախագահին, ազնիվ չէ։ Այս երիտասարդները տարիներ անց ևս հանդես են գալու զանգվածային նման տեսարաններում, պատմելու են ասք՝ հաջորդ նախագահների «կրակոտ» երիտասարդության մասին։

Բոլոր կուսակցություններն ունեն իրենց երիտասարդական կառույցները։ Սակայն ո՞ւր են վառ, իրենց անհատականությամբ, սկզբունքայնությամբ, ապագայի հանդեպ թող որ անիրականանալի երազանքներ ունեցող երիտասարդներ։ Տեսնում ենք հակառակը, մասնավորապես ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն աճեցնում են կուսակցության առաջնորդի առաջ հուզմունքից շիկնող ու շնչահեղձ լինող երիտասարդներ։ Իսկ առաջին պլանում, արդեն 20 տարի շարունակ, նույն կուսակցականներն են՝ ժամանակի հետ ճերմակող մազերով, կորացող մեջքով, հին հիշողություններով ապրող…

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

«168 ժամ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728