ԱրՔա պրոցեսինգային կենտրոնը խոստացել էր համակարգի կայքը վերագործարկել փետրվարի 11-ին, ժ. 22:00-ին։ Սակայն առ այսօր այն հասանելի չէ։ «Արմենիան Քարտ» ընկերությունում Սիվիլնեթ-ին ասացին, որ վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ կայքն անհասանելի կլինի նաև փետրվարի 12-13-ին։
Նշենք, որ ԱրՔա համակարգի կայքը մոտ մեկ տարի աշխատում էր ծանրաբեռնված և խափանումներով, ինչը պայմանավորված էր նրանով, որ պրոցեսինգային կենտրոնի տեխնիկական լուծումների հզորությունները չէին բավարարում առկա բազայի սպասարկման համար։
Վերջին շաբաթներին «Արմենիան Քարտ» ընկերության պրոցեսինգային կենտրոնում տեղադրվել են նոր սերվերային հզորություններ, վերազինվել և համալրվել են ենթակառուցվածքային համակարգերը։ Այս տարվա փետրվարի 8-ի լույս 9-ի գիշերը նախատեսված էր անջատել համակարգը և իրականացնել միգրացիա հին համակարգից դեպի նորը։
Թե որքանով է «Արմենիան Քարտը» կարողացել իրականացնել միգրացիան, դեռևս պարզ չէ, սակայն կայքի վերագործարկման ժամկետի ձգձգումը հուշում է, որ համակարգում ամեն ինչ այդքան էլ հաջող չի ընթացել։