Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Նոր կուսակցությունը «մաքուր» լիբերալ կուսակցություն չէ»

Փետրվար 12,2013 12:18

Այսպիսով, ՀԱԿ դաշինքը,  որպես  այդպիսին, վերանում  է, ստեղծվում է համանուն կուսակցություն։ Ի՞նչ են անելու այն կուսակցությունները, որոնք կոնգրեսի կազմում էին։ Հատված ՀԱԿ խմբակցության անդամ և ՍԴՀԿ սւտենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հարցազրույցից:

– Նոր կուսակցության մասին Ձեզ ի՞նչ է հայտնի։

– Դա քաղաքական ուժերի և անհատների միջև պայմանագիր է, որոնք այդ կուսակցության մեջ են մտնում։ Իհարկե, այս ուժը կարող է որոշակի անհարմարություններ ստեղծել այնքան ժամանակ, քանի դեռ մենք նոր ձևաչափ չենք ստեղծել։

– Ի՞նչ ձևաչափով կցանկանայիք համագործակցել։

– Նոր դաշինքով։ Այն ուժերը, որոնք լուրջ հակասությունների մեջ չեն ՀԱԿ-ի հետ, կարող են արդյունավետ համագործակցել նոր ձևաչափով։ Ես կգերադասեի, որ ՀԱԿ կուսակցության հետ միայն այդ ուժերը համագործակցեին, իհարկե, հստակեցնելով բոլորի գործառույթները, իրավունքները։

– Ժամանակին, երբ կոնգրեսի կազմում հայտնվեցիք, այսպիսի «վերջաբան» կարո՞ղ էիք պատկերացնել։

– Երբ դուրս եկանք պայքարի, մեր նպատակը երկրում սահմանադրական կարգի վերականգնումն էր, ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորումը։ Հետո նպատակները ավելացան։

– Սակայն նպատակները չիրականացան, իսկ կոնգրեսն էլ փլուզվեց։

– Ես այդպես չէի ասի, որովհետև, ճիշտ է, արդյունքներ դեյուրե չենք գրանցել, բայց փաստացի ՀԱԿ-ը շատ լուրջ դերակատարություն ունեցավ քաղաքական դաշտի հստակեցման գործում։ Այսօր, եթե կան տարբեր շարժումներ, որոնք հանգիստ գործունեություն են ծավալում, դա նաև ՀԱԿ-ի ձեռքբերումն է, որը մեկ քայլ չընկրկեց։ Կարծում եմ՝ Հայաստանի նորագույն պատմության մեջ չի եղել մի քաղաքական ուժ, որը հինգ-վեց տարի նման միասնականությամբ և արդյունավետ պայքար ծավալի։ Վերջին շրջանում, իհարկե, որոշակի անհամաձայնություններ առաջացան, որը բխում էր այն հանգամանքից, որ արդեն առկա էին քաղաքական զարգացումների վերաբերյալ տարբեր մոտեցումներ։ Էլ չասեմ, որ իշխանություններն այս տարիներին համառ պայքար տարան, որպեսզի ՀԱԿ-ը թուլացնեն ու պառակտեն։ Եվ որոշ չափով դա նրանց հաջողվեց։

– Հաշվի առնելով ՀԱԿի փորձը, նոր դաշինքի դեպքում ի՞նչն իսպառ կբացառեիք։

– Նոր կուսակցությունը «մաքուր» լիբերալ կուսակցություն չէ, այնտեղ հաշվի են առնված բոլոր այն ուղղությունները, որոնք բավարարում են քաղաքական ուժերին, ովքեր կցանկանան նրա հետ համագործակցել։ Այսինքն, գաղափարական առումով մեծ հակասություններ չեն լինի։ Կցանկանայի՝ ովքեր մտնելու են այդ դաշինքի մեջ, նույն նպատակի շուրջ մինչև վերջ պայքարեն։ Այս անգամ կարողանանք մեր ժողովրդին հույս տալ, որ կա մի քաղաքական ուժ, որը չի նահանջելու։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Իրատես de facto»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728