Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններին հազիվ մեկ միլիոն մարդ մասնակցի

Փետրվար 12,2013 12:04

ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի շտաբն իր վերլուծությունը կհրապարակի

Երեկ իր նիստում ԿԸՀ-ն մերժել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի`ընտրակեղծարարությունը կանխելու դիմումը, համարելով, որ ԿԸՀ-ն նման տեղեկություններ հավաքագրելու եւ հրապարակելու պարտավորություն չունի: Հիշեցնենք, որ դա ենթադրում էր ՀՀ-ից հեռացած ընտրողների թվի հրապարակում: Խոսքը մեկ միլիոն ընտրողների մասին է: Սա նախագահի թեկնածուին հիմք է տալիս արձանագրել, որ քարոզարշավի ընթացքում այդպես էլ հնարավոր չեղավ կանխել ընտրակեղծարարությունը: Այս առիթով թեկնածուի շտաբը սեփական վերլուծությունն ունի, որը կհրապարակի այսօր-վաղը: Այդ մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Ըստ այդ վերլուծության, ամենալավատեսական կանխատեսումներով, ՀՀ-ում առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու է մեկ միլիոն երկու հարյուր հազար մարդ: «Մենք ունենք որոշակի վերլուծություններ, որ ՀՀ քաղաքացիների 76 տոկոսը ձայնի իրավունք ունի, իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ից հեռացածներից 1,5 միլիոնից ձայնի իրավունք ունի մոտ 1 միլիոն 150 հազարը: Այսինքն, վերին շեմն էլ ավելի է նվազում»,- ասաց Արման Մելիքյանը:

Թեկնածուի կարծիքով, իրենց ամբողջական վերլուծության հրապարակումը պարզաբանում կմտցնի, թե իրականում ՀՀ-ում քանի ընտրող կարող է մասնակցել ընտրություններին: Նկատի ունենալով նաեւ ՀՀ-ում ընտրությունների նկատմամբ անվստահությունը, Մելիքյանի համոզմամբ, այդ թիվը կարող է անգամ մեկ միլիոնի էլ չհասնել:

Հետաքրքրական է, որ ԿԸՀ-ն նաեւ ամրագրել է, որ թեկնածուի կողմից պահանջված տեղեկությունների չհրապարակումը չի կարող ապագայի վերաբերյալ հետեւությունների հիմք լինել. «Շատ պարզ, հստակ ձեւակերպում է: Ըստ էութան, բոլորս գիտենք, որ ընտրությունները կեղծվել են նախկինում: Այդ կեղծումներն այնքան աղաղակող են, որ հատուկ հետաքննությունների կարիք էլ չկա: ԿԸՀ-ն չի ցանկանում, ըստ էության, այս ուղղությամբ որեւէ քայլ ձեռնարկել եւ կրկին անգամ վերահաստատում է այն, որ սա քաղաքական մակարդակում լուծվելիք խնդիր է: Այն մարդիկ, ովքեր այսօր բռնազավթել են իշխանությունը Հայաստանում, չեն ցանկանում, ընտրական գործընթացները վերադարձնել օրինականության դաշտ: Սա արդեն նշանակում է, որ ընտրությունները օրինական չեն կարող լինել»:

Մելիքյանի համոզմամբ, ԿԸՀ-ն չի ցանկացել անգամ հետաքննել իր շտաբի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որ քաղաքացիների վրա ճնշում է գործադրվում Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելու համար, համարելով, որ բավարար տեղեկատվություն ներկայացված չէ: Թեեւ, թեկնածուն նկատում է, որ չկա որեւէ փաստ, որի մասին ինքը խոսել եւ եւ որեւէ մեկի կողմից դա մերժվել է: Մելիքյանը գտնում է, որ ԿԸՀ-ն այս դեպքում պարզապես հրաժարվել է իր լիազորություններն իրականացնել. «Սա ուղիղ արտացոլումն է ՀՀ-ի ներքաղաքական խեղված իրականության»:

Այսօր-վաղը Մելիքյանն առաջրկով հանդես կգա`ուղղված եւ թեկնածուներին եւ հանրությանը, որի արձագանքներից կախված, իր կարծիքով հնարավոր կլինի դաշտում պարզություն մտցնել. «Պետք է պատրաստվել ավելի տեւական գործընթացի, որը հնարավոր է ավելի ծանր կլինի: Հիմա, կորցրեցինք պահը, առավել քիչ կորուստներով այս իրավիճակից դուրս գալու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728