Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը խոստովանում է, թե ինքն է որոշելու՝ իր անվան դիմաց քանի տոկոս ձայն գրել (Տեսանյութ)

Փետրվար 12,2013 11:34

Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը գնալով կորցնում է ինքնատիրապետումը. «Գալա» հեռուստաընկերության թղթակիցը շաբաթ օրը նախընտրական այցով Գյումրի ժամանած Սարգսյանին հարցրել է, թե որքան է գնահատում նախագահական ընտրություններում իր շանսը։ «Շանսը ո՞րն ա, իմ շանսը… 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, 70 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք»,- զայրացած տոնով ասել է Սերժ Սարգսյանը։

Փաստորեն, երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն այսպես բարձրաձայն խոստովանում է, որ Հայաստանում ընտրությունների ելքը ոչ միայն կանխորոշված է, այլեւ ինքն է որոշելու՝ իր անվան դիմաց քանի տոկոս ձայն գրել։ Ու սրանից հետո խոսել ազատ եւ արդար ընտրությունների մասին, ու ընդհանրապես ընտրական համակարգի մասին, մեղմ ասած, միամտություն է։

Սերժ Սարգսյանին այս խոսքերի համար միայն մի հարցում պետք է շնորհակալություն հայտնել, որ նա անկեղծորեն նկարագրել է Հայաստանում առկա իրավիճակը՝ առանց սեթեւեթանքների։ Հետաքրքիր է, թե ինչ ռեակցիա են տվել նրա այս պահվածքին ՀՀ նախագահի նստավայրում եւ դրա շուրջ աշխատող երիտասարդները, որոնք Սերժ Սարգսյանից ջանում են գերինտելեկտուալ կերպար կերտել։

Այսպիսով՝ «Թարս բուսնող խիյարի» եւ «Եկել ես ստեդ որ ի՞նչ անես»-ի մասին Սերժ Սարգսյանի հայտնի գոհարենին համալրեց անցած շաբաթ «Ինչքան ուզես՝ էնքան խփենք»-ը։ Եվ հիմա, թվեր խփելուց խոսող (ի դեպ, նման բառապաշարով են արտահայտվում մոլախաղերի սիրահարները) նախագահի թեկնածուն ի՞նչ բարոյական իրավունք ունի մյուս թեկնածուներին կոռեկտության կոչ անելու եւ կասկածի տակ դնելու՝ թե այս իրավիճակում ով է չարը, եւ ով՝ բարին։ Եվ հետո՝ եթե Սերժ Սարգսյանն իրականում հանդես է գալիս հանդուրժողականության դիրքերից եւ որպես «հանուն» գաղափարախոսության կրող, ինչո՞ւ է իր ընդդիմախոսի առաջին իսկ սուր քննադատությանն այդքան թունոտ արձագանքում։ Ընդ որում, որպես պատրվակ ներկայացնելով «չարի ու բարու» պայքարի մասին Րաֆֆու մտքերը՝ Սերժ Սարգսյանը միանգամից անցում է կատարում Րաֆֆու մասնագիտական կարողություններին եւ կասկածի տակ դնում նրա հայրենասիրությունը. «Ոնց որ թե Ղարաբաղի համար է պռոշը ճաքում», «Եվ խոսում է մարդը, ով իրեն ներկայացնում է որպես արտաքին քաղաքականության մեծ մասնագետ»։

Սերժ Սարգսյանի խոսքերով ասած՝ տեղ հասանք։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ նույն Րաֆֆին Սերժ Սարգսյանի գնահատմամբ՝ «անընդունելի երեւույթների դեմ պայքարող հայրենասերի խորհրդանիշ» էր, իսկ այսօր արդեն մի մարդ, որը «մեծ-մեծ խոսում է» եւ «լուրջ որոշումներ կայացնել չգիտի»։

Մի խոսքով, եթե Գագիկ Ծառուկյանի խոսքն ու գործը չեն համապատասխանում իրար, ապա Սերժ Սարգսյանի դեպքում՝ արտասանած խոսքերը։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728