Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Գրիգորյան. «Ինչ զարհուրելի բան է գերեզմանապաշտությունը»

Փետրվար 12,2013 11:19

Բանաստեղծին վերջին անգամ հանդիպեցի դեկտեմբերի 17-ին, Գրողների միության իր աշխատասենյակում, եւ մեր զրույցը ձայնագրեցի՝ բնավ էլ չիմանալով, որ վերջինն է։ Ձայնագրությունը հնչել է հունվարի 9-ին՝ Հանրային ռադիոյի «Գրական հանդիպում» հաղորդաշարով, իսկ հարցազրույցի թերթային տարբերակը հրապարակվում է այժմ։

– Ես 2013թ. սպասում եմ այն ամենը, ինչ ինձ է հասնում, ավելին չեմ ուզում, որովհետեւ ավելին միշտ ուրիշի հաշվին է լինում։ Դու քո չափի մեջ արա լավագույնը՝ տպագրելով թեկուզ 20 էջանոց գիրք։ Ես հույս ունեմ, որ փոքրիկ

գրքույկներ կավելացնեմ այս տարի թե արձակի, թե պոեզիայի ժանրով, եւ արձակն արդեն տպագրական ընթացքի մեջ է՝ «Գերեզմանիա» վեպն է։

Մեր բանավոր զրույցներում հաճախ եք անդրադարձել «Գերեզմանիա» վեպին, որ տարիներ շարունակ գրել եք։ Վերնագիրն արդեն տխուր թեմայի է տրամադրում։ Ի՞նչ տխրության մասին է վեպը։

– Չէի ասի, թե «Գերեզմանիան» տխուր, ողբալի թեմա է շոշափում, ընդհակառակը, դա նման է վիրաբույժի նշտարի բացած վերքին, մարմնի վրա վերք է բացում, բայց բուժելու նպատակով։ Իմ նպատակն է՝ հայելին դնել մեր ժողովրդի առաջ, որ տեսնի, թե ինչ զարհուրելի բան է գերեզմանապաշտությունը, երբ երեխայի բերանից խլում է հացի պատառը եւ տանում գերեզմանի քարի վրա ինչ-որ բան է ավելացնում։ Իբր ի՞նչ։

Ցավոք, այդ մեռելապաշտությունը, անցյալին տուրք տալը միայն մահացածներին հարգանքով վերաբերվելը չէ։ Մենք կամ անցյալում ենք, կամ ապագայի երազների մեջ։ Մի տեսակ խուսափում ենք մեր ներկայից։ Այսինքն, մենք խուսափո՞ւմ ենք մեզ ստույգ տեսնելուց։

– Խուսափում ենք ներկան տեսնել հատկապես մշակույթում, փոխարենը՝ անցյալը պաշտամունքի վերածել, ներկային վերաբերվել թշնամաբար։ Օրինակ բերենք երկու կազմակերպություն՝ Մատենադարանը եւ Գրողների միությունը։ Մատենադարանը դա մեռած գրողների միությունն է, մեր անցյալի հարստությունը, որտեղ իսկապես բարձր արժեքներ են, բայց Մատենադարանը մեր անցյալի գրականությունն է, որը մենք պաշտամունքի ենք վերածել, դրել ենք վերեւում՝ ինչպես քրմերի, հեթանոսական տաճարի։ Իսկ Գրողների միության հասցեին բերանից եկած հայհոյանքը տալիս են, բայց այդ նույն գրողը, որ վաղը մեռնի, տանելու-դնելու են Մատենադարանում եւ պաշտամունքի վերածեն, գնա մեռի, արի՝ սիրեմ։

Հուսիկ ԱՐԱ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728