Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը՝ ընտրակաշառքների եւ վարչական ու կուսակցական ռեսուրսի միախառնման վերաբերյալ

Փետրվար 12,2013 11:05

Հատվածներ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հարցազրույցից:

Որպես սովորական քաղաքացի ինչպիսի խնդիրներ եք տեսել Հայաստանում, որոնք կցանկանայիք լուծված տեսնել:

– Հայաստանում շատ մարտահրավերներ կան, սակայն մի խնդիր կա, որ առնչվում է բազմաթիվ ոլորտների: Դա մրցակցությունն է: Կարծում եմՙ Հայաստանի նման երկրի համար, որ խորհրդային ժառանգություն ունի, կարեւոր է քաղաքական, տնտեսական, կոմերցիոն մրցակցություն ստեղծելը: Եվ մրցակցությունը կարող է շատ մեծ օգուտ բերել հայ ժողովրդին:

Պարոն դեսպան, մեկ շաբաթից Հայաստանում սպասվում են նախագահական ընտրություններ, ի՞նչ արդյունքներ եք ակնկալում եւ ինչպե՞ս եք գնահատում ընթացող նախընտրական քարոզարշավը:

– Մայիսին խորհրդարանական ընտրություններին ուշադրությամբ հետեւել ենք: Միջազգային հանրությունն էր ներկա, տեղական դիտորդներ կային, եւ ամբողջ երկրում գործընթացի նկատմամբ դիտարկում էր իրականացվում: Մայիսին երկու դրական առաջընթաց արձանագրվեց: Առաջինը լրատվամիջոցների հասանելիությունն էր, ընդդիմադիր ձայները հասանելի էին հանրությանը: Այս միտումը շարունակվում է նաեւ նախագահական ընտրություններում էլ: Ես հույս ունեմ, որ միտումը կպահպանվի նաեւ ընտրություններից հետո: Հաջորդ դրական տեղաշարժը քվեարկության օրը տեղամասերում ընտրության կազմակերպումն էր: Նոր ընտրական օրենսգրքի իրականացումը, օրենքների պահանջների բավարարումը տպավորիչ են:

Այժմ նշեմ երկու ոլորտ, որտեղ դեռ անելիք կա: Մայիսյան ընտրություններին եղան բազմաթիվ հաղորդումներ ընտրակաշառքների վերաբերյալ եւ վարչական ու կուսակցական ռեսուրսի միախառնումը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդներն այս երկուսը ներկայացրին, որպես լուրջ խնդիր: Նախագահը խոստացել է, որ այդ խնդիրները լուծում կստանան, եւ առաջիկա ընտրություններին դրանց լուծումը կարեւոր է: Ընտրակաշառքների հետ կապած համաժողով էինք կազմակերպել, որին մասնակցեցին բոլոր իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, նրանք խոստացան, որ բոլոր խախտումներով, նաեւ ընտրակաշառքների վերաբերյալ հաղորդումների հետ կապած, կլինեն քննություն եւ քրեական հետապնդում: Հատկանշանական է, որ հաղորդում տվող անձանց անունը պետք է մնա գաղտնի եւ ընտրողները կարող են խախտումների մասին հաղորդում ներկայացնել: Ես հույս ունեմ, որ ընտրողները դա կանեն: Վարչական ռեսուրսի հետ կապվածՙ կարծում եմ, կրթության նախարարը լավ քայլ է կատարելՙ հրապարակավ քննադատելով դպրոցի տնօրեններին, ովքեր դպրոցն ու քաղաքականությունը իրար են խառնում: Հույս ունեմՙ մյուս գերատեսչություններն էլ նման հայտարարություն կանեն, եւ դա հասարակությունը կընկալի: Այս ամենի նպատակն այն է, որ վերականգնվի հայ ժողովրդի վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ:

Դուք տեղեկություններ ունե՞ք, այս տարի ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւ կդրվի՞ եւ ինչպիսի՞ն կլինի գործադիր իշխանության վերաբերմունքը:

– Օրենսդիր իշխանությունը գործադիր իշխանությունից անկախ է եւ անում է այն, ինչ նպատակահարմար է գտնում: Ինչ վերաբերում է վարչակազմի հետ կապված դիրքորոշմանը, ես կարող եմ ասել, որ նախագահ Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը շատ ուժեղ հայտարարություն էր, փաստերի վիճարկում ընդհանրապես չկար, 20-րդ դարի վատթարագույն վայրագությունների հետեւանքով 1.5 միլիոն հայեր դարձել են տեղահանության եւ կոտորածների զոհ: Թե ի՞նչ եզր կօգտագործի նախագահն այս սարսափելի ողբերգությունը բնորոշելու համար, դա նախագահի որոշումն է, եւ ինչպիսին էլ լինի նախագահի որոշումը, ես հետեւելու եմ նրա հրահանգներին:

Նախորդ տարվա կեսերին, հատկապես Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց հետո Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչությունը առավելեւս համոզվեց, որ միակ ելքը ԼՂՀի ճանաչումն է, շատերն էլ կողմ են ԼՂՀի միացմանը Հայաստանին: Դա գուցե պայմանավորված էր նաեւ հանգամանքով, որ ԱՄՆի եւ եվրոպական երկրների արձագանքը համարժեք չէր: Ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ դիրքորոշումը, եթե Հայաստանը հայտարարի, որ ճանաչում է Ղարաբաղի անկախությունը:

– Սաֆարովին ազատ արձակելուց 24 ժամ չանցած ԱՄՆ-ն շատ խիստ հայտարարություն տարածեց: Թե՛ պետքարտուղար Քլինթոնը, թե՛ Սպիտակ տունը հայտարարությամբ հանդես եկան: Նախագահ Սարգսյանն ու արտգործնախարար Նալբանդյանը ողջունեցին այդ հայտարարությունները: Դա խիստ հայտարարություն էր, եւ իրերն իրենց անուններով էին կոչված: Սլաքը ուղղվում էր Բուդապեշտին եւ Բաքվին: Մեր հայտարարությանը հաջորդեցին խիստ հայտարարություններ եվրոպական տարբեր երկրներից, ՆԱՏՕ-ից եւ եվրոպական մի շարք կազմակերպություններից: Մասնավոր քննարկումներում այս հարցին անդրադարձ եղել է, եւ Բաքուն շատ լավ տեղյակ է, թե մենք ու ընդհանրապես միջազգային հանրությունն ի՞նչ դիրքորոշում ունի: Սրա հետ կապվածՙ ազդեցությունը բանակցային գործընթացի վերաբերյալ, կարող եմ ասել, մենք ողջունում ենք, որ Հայաստանը շարունակում է բանակցային գործընթացն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատանքը: Այս խնդիրը խաղաղ լուծումից բացի այլ լուծում չունի: Վերջնական կարգավիճակի հարցը կորոշեն կողմերը: Ցանկալի չեն լինի միակողմանի որոշումներն ու որեւէ այլ գործողություն, որը կապակայունացնի իրավիճակը:

Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ազգ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728