Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. «Ժողովրդին ժողովրդավարություն ենք խոստանում, բայց կառույցի ներսում բռնապետական մոտեցումնե՞ր կիրառում»

Փետրվար 12,2013 10:51

Հատված «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարներ Սոս Գիմիշյանի հետ հարցազրույցից:

– Կասե՞ք, թե ինչու եք նպատակահարմար համարում, որ ՀԱԿ դաշինքը պահպանվի։

– Միանշանակ նպատակահարմար եմ համարում եւ ես ինքս իմ կողմից ամեն ինչ անելու եմ, որ պահպանեմ, եւ դրա համար, կարծում եմ, լուրջ նախադրյալներ կան, անկախ նրանից, որ որոշ մարդիկ եւ քաղաքական ուժեր ուզում են, որ չպահպանվի։

ՀԱԿ դաշինքն իր առջեւ դրված հիմնական խնդիրները չլուծեց, որքանո՞վ է նպատակահարմար նման կառույցի պահպանումը։ Չէ՞ որ նույն մարդիկ են այնտեղ, որոնք այս հինգ տարիներին եղել են այդ կառույցում։

– Ճիշտ է, ՀԱԿ-ն իր առջեւ դրված կարեւորագույն  խնդիրները չլուծեց, ճիշտ է, մեծ ազդեցություն ունեցավ  հասարակական  պրոցեսների վրա, ակտիվացրեց ժողովրդին,  ազգի դիմադրողականությունը բարձրացրեց, բայց հիմնական խնդիրները՝ արտահերթ նախագահական եւ պառլամենտական ընտրություններով վերականգնել սահմանադրական կարգը, չկարողացավ։ Չի լուծել, փորձել է՝ չի ստացվել, հիմա մենք ուզում ենք մնացածով պահպանվենք, քանի որ պատասխանատու մարդիկ ենք, ուզում ենք այդ խնդիրը փորձել լուծել։ Ավելի ճիշտ կլիներ, որ չստացվեց՝ թողնեինք-փախնեինք տո՞ւն։ Պատասխանատու քաղաքական ուժը պիտի ընդունի, որ ինքը պարտվել է, բայց նաեւ վճռականություն ցուցաբերել՝ այդ խնդիրը փորձել լուծել։ Սխալ ուղի ենք վերցրել, ինչ-որ բաներ ճիշտ չենք արել, ի վերջո, պետք է վերլուծել եւ հասկանալ՝ ինչու այսպես եղավ, որտեղ սխալվեցինք, դրանից հետո որոշենք, որ մենք չենք հրաժարվում նպատակից։

Իսկ ինչո՞ւ ձեզ նորից պետք է հավատան, վստահեն

– Հասկանում ենք,  որ  ժողովուրդը զայրացած է, հիասթափված է, շատ դժվար է վերականգնել նախկին վստահությունը, բայց ավելի վատ է, որ ոչինչ չարվի, եւ ասենք, ոչինչ չստացվեց՝ տուն ենք գնում։

Մյուս  կողմից,  ինքը՝ ՀԱԿ առաջնորդը,Կոնգրեսը կուսակցականացնելու  պատճառներից համարեց քաղաքական օրակարգի  փոփոխությունը,  ինչո՞ւ  եք կարծում, որ այժմ դաշինքը գործուն կլինի։

– Այդ մարդիկ են այդպես կարծում։ Իսկ ինչո՞ւ են ՀԱԿ կուսակցություն ստեղծում, եթե ՀԱԿ-ը սխալ է։ …Նույն անունը, նոր գաղափարներո՞վ կուսակցություն։ Իսկ ինչո՞ւ մենք չենք կարող նույն անունով, նոր գաղափարներով կուսակցությունների միավորումով գործենք… Ինձ համար ակնհայտ են կուսակցություն ստեղծելու պատճառները, կային որոշ կուսակցություններ, որոնք, կոնսենսուսի  սկզբունքից  ելնելով, իրենց  դիրքորոշումներով խանգարում էին։ Մենք 3,5 տարի գործել ենք բացարձակ կոնսենսուսի պայմաններում, ու ոչ մի անգամ չի եղել, որ որոշումները ձախողվեն, բայց երբ որ սկսվում են խարդավանքներ,  որոշումներ, որոնք ընկալելի չեն, հիմնավորված չեն, իհարկե, պետք է դեմ լինեն…

Նրանք ուզում են վերեւից ներքեւ, այսպես ուղղահայաց՝ մի կուսակցության ներքո, եթե մեկն էլ առարկի,  բռնեն-հեռացնեն,  ինչ նախկինում էր ՀՀՇ-ն անում։ Երբ կարծիք էիր հայտնում, բռնում-հեռացնում էին, այդպես վարվեցին Եգորյան Էդիկի եւ մյուս տղաների, որոնց թվում իմ հետ։ Լուծարեցին Մաշտոց կազմակերպությունը, որովհետեւ այնտեղ բոլորն էին միակարծիք։ Վերեւից ներքեւ հրամայական սկզբունքներով, որը կոշտ կարգապահություն է կոչվում, բոլորը «հաստատում են», «կեցցե», «ուռռա», թող ստեղծեն։ Իսկ եթե գործընկեր ենք եւ տարբեր կարծիքներ ունենք, այդ ո՞վ է ասել, թե որն է ճիշտ, իսկ եթե դու ձգտում ես նրան, որ ոչ ոք իր կարծիքը չասի, ես չգիտեմ ….Կուսակցությունն իր ներսում էլ պետք է ժողովրդավարության սկզբունքներ կրի։ Ի վերջո, ժողովրդին ժողովրդավարություն ենք խոստանում, բայց կառույցի  ներսում բռնապետական մոտեցումնե՞ր կիրառում։

Կա՞ ռեալ խոչընդոտ, որը կխանգարի դաշինքի պահպանմանը։

– Ես չեմ տեսնում լուրջ պրոբլեմ, իհարկե, կան 2-3 կուսակցություն, որոնք կմտնեն կուսակցության շարքերը, բայց մնացածը կպահպանեն։ Ես երկու պրոցեսն էլ նորմալ եմ դիտարկում։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728