Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարեգին Նժդեհ» շարժանկարը ապականում է Գարեգին Նժդեհի կենսագրութիւնը եւ հայոց ռազմաքաղաքական մտքի պատմութիւնը

Փետրվար 12,2013 10:46

Ա.«Չկա‘յ, կեանքն ազգին ու հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկութիւն չկա‘յ աշխարհում» խօսքերի հեղինակ Գարեգին Նժդեհի համար հայրենասիրութիւնը ազգի եւ Հայրենիքի համար ամէն վայրկեան մեռնելու պատրաստակամութիւնն է: Մինչդեռ շարժանկարի հեղինակը հայրենասիրութիւնը դարձրել է հերոսների վրայ ողբալու լացուկոծ, որը հանդիսատեսին ցուցանելու համար մեծ Հայրենատիրոջ կենսագրութիւնը ապականել է սարքովի ու վարկաբեկիչ յօրինուածքներով: Դրանցից մէկով, երբ իբր թէ Երեւանում նրան ցոյց են տալիս իր մանուկ թոռնուհուն, կամքի վիթխարի ուժ ունեցող գերմարդը լացում է` այն էլ բոլշեւիկ բանտապահների առաջ: Նախ` Գարեգին Նժդեհին Վլադիմիրի բանտից Երեւանի բանտ էին տեղափոխել խիստ գաղտնի, որը նոյնիսկ Հայաստանի գաղտնի ոստիկանութեան(ԿաԳէԲէ) ղեկավարների մեծ մասը չգիտէր: Այնպէս որ ստախօսութիւն է , որ նրան տարել-հանդիպեցրել են թոռնուհուն, որի գոյութեան մասին նա , ի դէպ, չի էլ իմացել, քանի որ այդ երեխան Գ. Նժդեհի երիտասարդ ժամանակուայ սիրուհուց ծնուած դստեր երեխան էր: Երկրորդ` Նժդեհը եթէ հարազատներին հանդիպելու հնարաւորութիւն տային, ապա նա առաջին հերթին պիտի ուզենար տեսնել եղբօրը: Իրողութիւնը հետեւեալն է. Հայաստանի գաղտնի ոստիկանութեան ղեկավարները Մոսկուայի թոյլտուութեամբ Նժդեհին 1953 թ. ամռանը Երեւանից մինչեւ Էջմիածին տարել- ցոյց են տուել աւտոմեքենայով: Իսկ այդ օրը նա յուզուել է Արարատը լեռը տեսնելիս, երբ իր խնդրանքով իրեն ցոյց են տուել լեռը: Ահա քննիչ Վ.Մելքումովի վկայութիւնը. «Գարեգին Նժդեհին Երեւանը ցոյց տուողներից մէկը ես եմ եղել…Այդ պողպատեայ մարդը, որի համբերութիւնն ու զսպուածութիւնը, իրեն տիրապետելու մեծ կարողութիւնը զարմացնում էր բոլորիս, այդ պողպատեայ կամք ունեցող մարդը, երբ մոնումենտի բարձունքից նայում էր Արարատին, յուզուեց …Նա մեզ խնդրեց թոյլ տալ, որպէսզի մի քիչ հող վերցնի հետը: Այդ հողը նա թաշկինակի մէջ պահում էր ծոցում, բայց Վլադիմիրում ձեռքից խլել էին»: Ռ. Համբարձումեան, Գարեգին Նժդեհ, կենսագրական յաւելումներ, անտիպ գրութիւններ եու խորհրդածութիւններ, Երեւան, 2005 թ., էջ 22-22:

Բ. Շարժանկարի հեղինակը հայոց բանակի եւ ամբողջ ազգի ռազմունակութիւնը մշտապէս զօրաւորող Գարեգին Նժդեհի Ցեղակրօնութիւն-Տարօնականութիւնն ու հայրենապաշտ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ  թշնամաբար նենգափոխել, դարձրել է ֆաշականութիւն: Իբր թէ ՀՅԴ Ընդհանուր ժողովում(ժողովին նա մասնակցել է 1932 թ.վերջին) Նժդեհի հետ ցեղակրօնութեան շուրջ վիճաբանութիւն է բորբոքուել եւ Յովհ. Դէւէճեանն ու իր կողմնակիցներն իբր ցեղակրօնութիւնը համարելով Ֆաշիզմ, դէմ են եղել շարժումը սկսելու Նժդեհի առաջարկին: Բացարձակ սուտ: Նախ, ինչպէս Գարեգին Նժդեհն էր 1930-ական թուերին գրում, Ցեղակրօնութիւնը բացառապէս հայկական շարժում էր, որը ինքը հիմնել է 1919-1920 թ. Զանգեզուրում, երբ Իտալիայում ծնուած ֆաշականութիւնը դեռեւս գոյութիւն չունէր: Երկրորդ, որը ամենակարեւորն է, ցեղակրօնութիւնը ժխտելու թէմա ընդհանրապէս ժողովը չի քննարկել: ՀՅԴ Ընդհանուր ժողովին ներկայացրած Նժդեհի Ցեղակրօնութեան ծրագիրը ժողովն ընդունել է միաձայն` մէկ առարկութեամբ միայն. Ցեղակրօնների երիտասարդական շարժումը հարկ է որ լինէր ՀՅԴ-ի կազմում, որը Նժդեհը ընդւնել է առանց վիճաբանութեան եւ այդ ժողովի որոշումով մեկնելով ԱՄՆ , 1933 թ. յունուարի 14-ին հիմնել է Ցեղակրօնութիւնը: Գ. Իբր թէ բոլշեւիկներին Տաթեւի ժայռից գցելու համար Նժդեհը յանդիմանում է իր սպայ Պօղոս Տէր-Դաւթեանին: Նորից վարկաբեկիչ սուտ: Այդ ժայռի մօտ եղած կռիւը եղել է թրքոբոլշեւիկների հետ, որոնց Նժդեհի զինւորները ջարդուփշուր են արել: Իսկ ժայռից իբր թէ բոլշեւիկներին ցած գլորելու կեղծիքը բոլշեւիկներն էին տարածել`սիւնեցիների մէջ Նժդեհի բացառիկ հեղինակութիւնը գցելու եւ նրան Զանգեզուրի հայերի աչքում վարկաբեկելու համար: Այդպիսի բան Նժդեհի կողմնակիցները չեն արել: Շարժանկարի հեղինակը այդ մասին խօսելով` միանում է բոլշեւիկներին` Նժդեհին մեղադրելով հայ բոլշեւիկներին ժայռից ցած գլորելու հրաման տալու մէջ:
Դ. Իբր թէ իր զինւորները Նժդեհին անակընկալ մատուցելու համար սեղան են գցել` նրան յայտնելու, որ աղջիկ է ունեցել, քանի որ աղջնա ծնունդի մասին նա չը գիտէր: Դարձեալ էժան յօրինուածք: Նժդեհն իր աղջկայ գոյութեան մասին ոչ թէ իմացել է նրա ծննդեան օրերին, այլ 1923 թ. Իրանից Բուլղարիա գնալուց յետոյ միայն, այսինքն` աղջկայ ծնունդից տարիներ յետոյ:
Ե. Շարժանկարի հեղինակը կեղծել է նաեւ մեծ Տարօնականին խոշտանգելու պատմութիւնը` դրա մէջ կենտրոնական դերը Ստալինից փոխանցելով Բերիային: Մինչդեռ Նժդեհի ամբողջ դատական գործում եւ հարցաքննութիւնների արձանագրութիւններում դրա անունն իսկ չը կայ, քանի որ Գարեգին Նժդեհին խաբել, Մոսկուայ են բերել Ստալինի անունից եւ տանջամահ անելու չափ չարչարել են նրա իսկ հրամանով:
Զ. Շարժանկարում նշւում է, թէ իբի Գարեգին Նժդեհը Սիւնիքից հեռացել է 1920 թ.: Դարձեալ անիրազեկութիւն. Գարեգին Նժդեհը Սիւնիքից հեռացել է 1921 թ. յուլիսի 12-ի լոյս 13-ի գիշերը` Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորհրդի կողմից Լեռնահայաստանը Հայաստանի կազմում թողնելու պաշտօնական Յայտարարութիւնը մամուլում հրապարակեուելուց յետոյ:
Է.Մարդկանց վրայ Գարեգին Նժդեհի ազդեցութեան բացառիկ կարողութիւնը ցուցանելու եւ նրա հեղինակութիւնը իր կարծիքով բարձրացնելու համար բեմադրիչը մէկ ուրիշ վարկաբեկիչ սուտ էլ է բստրում. հայ-թուրք կռիւների այդ օրերին մի հայ երիտասարդ գիւղացու դարձնում է թուրքին եղբայր համարող, թուրքի վրայ կրակելը սխալ համարող շինծու կարծիքի տէր: Այս երիտասարդն իբր Գարեգին Նժդեհին լսելուց յետոյ դառնում է թուրքի դէմ կռւում կեանքը զոհաբերող հերոս: Դարձեալ Գարեգին Նժդեհին վարկաբեկող զեղծարար շահատակութիւն:
Ը. Շարժանկարը անընդհատ ցոյց է տալիս, որ Գարեգին Նժդեհն իբր թէ կռւում էր Թուրքիայի եւ թուրքական զօրքի դէմ: Դարձեալ կեղծարարութիւն: Զանգեզուրը կռւում էր ոչ թէ Թուրքիայի, այլ Զանգեզուրը բռնազաւթած սովետական-բոլշեւիկեան նուաճողների դէմ : Ընդ որում Գարեգին Նժդեհը բոլշեւիզմի դէմ կռուած ՄԻԱԿ ԶՕՐԱՎԱՐՆ էր Սովետ Ռուսաստանում, որը ոչ թէ Դեննիկինի, Կոլչակի եւ միւսների պէս մի քանի շաբաթուայ մէջ ջախջախիչ պարտութիւն կրեդց բոլշեւիզմից, այլ 1919-21 թթ. ջախջախելով սովետներին, 1921 թ. աւելի քան վեց ամսով վերականգնեց Հայաստանի ու Լեռնահայաստանի անկախութիւնը: Կրկնում եմ` բոլշեւիկեան Ռուսաստանի դէմ ապստամբած տասնեակ ազգերից եւ ոչ մէկին չի յաջողուել գօնէ մէկ ամսով վերականգնել իր անկախութիւնը:
Թ. Շարժանկարում ոչ մի խօսք չը կայ հայ ազգային մտաւորականութեան բացառիկ ու աննախադէպ գործողութեան` կայսրութեան երդուեալ թշնամի յայտարարուած Գարեգին Նժդեհի աճիւնը Վլադիմիրից գաղտնի Հայաստան բերելու եւ ս. Սպիտակաւոր եկեղեցու բակում գաղտնի վերաթաղելու մասին: Այդպիսի գործ երբեւէ ո‘չ հայ իրականութեան մէջ է կատարուել, ո‘չ ռուսական կայսրութեան ամբողջ տարածքում եւ ոչ էլ երեւի որեւէ երկրում…
Ժ. Շարժանկարում չի երեւում Անդրանիկի, Դրոյի եւ այլ հերոսների հետ միասին Գարեգին Նժդեհի փառաւոր ազատամարտերը Բուլղարիայում, Արեւմտահայաստանում եւ Այսրկովկասում:
ԺԱ.Շարժանկարի հեղինակը նոյն աճպարարութեամբ ցուցադրում է նաեւ Նժդեհի զինւորների հերոսութիւնը, որը խաղ ու պար է: Սրանք գիշերը գալիս գլխատում են ահագին թշնամու, յետոյ թշնամու թիկունքում զօրաշարժ են անում, «յառաջ-յառաջ» գոռալով ռումբեր են պայթեցնում, որ թուրքը արթնանա, սպանեն: Այդ քաջութեան աղբիւրը հանդիսատեսն իմանում է երդմնակալութեան պահին, երբ Գարեգին Նժդեհի զօրամասը ոչ թէ աշխարհի բոլոր զօրամասերի նման մէկ երդում է տալիս, այլ տաս րոպէի ընթացքում տալիս է երկու երդում … Այս ամէնով շարժանկարը նորից է վարկաբեկում-արժէզրկում Գարեգին Նժդեհին եւ թշնամու համար առասպել դարձած նրա զօրամասը:

ԺԲ.Գարեգին Նժդեհին զօրեղ ցոյց տալու համար բեմադրիչը նրա դերակատարին անընդհատ ջղայնացնւմ-գոռգոռացնում է ու տեսէք թէ նաեւ ում վրայ` իրեն քննող ԿաԳէԲէ-ի գնդապետի վրայ: Բացարձակ անհեթէթութիւն, որը ապսուրդի է հասնում, երբ գնդապետի բանտապահներց մէկը, որը չես հասկանում ուղեկցո՞րդ էր, արձանագրո՞ղ էր թէ՞ հարցաքննող , դառնում է Նժդեհի համակիրը եւ նրան դիմում է սպարապետ: 1950-ական թթ. ԿաԳէԲէ-ի մասին ամենատարրական գիտելիքներն ունեցող մարդու համար իսկ պարզ է, որ նման բան բացառւում էր, իսկ եթէ հրաշքով պատահէր, ապա գնդապետը առանց մէկ վայրկեան իսկ մտածելու անմիջապէս պիտի բանտարկ նրան: Իսկ զուսպ, համբերատար, ինքնատիրապետումի առասպելական կարողութեան տէր Գարեգին Նժդեհին ներկայացնելով ջղային-ներվային, գոռգոռացող, շարժանկարը Գարեգին Նժդեհին դարձրել է Մեծ Հայրենատէրի ՃԻՇՏ ՀԱԿԱԴԱՐՁԸ ներկայացնող շարքային զինւորական:
ԺԳ.Շարժանկարի հեղինակը պատմական իրողութիւնները ճշտելու համար ո’չ ՀՀ Գիտութիւնների ակադեմիայի Պատմութեան հաստատութեանն է դիմել, ո’չ Արուեստի հաստատութեան կինոգէտներին, ո’չ էլ խորհրդատու է ընտրել Գարեգին Նժդեհի կենսագրականի հեղինակ որեւէ յայտնի մասնագէտի… Թէեւ շարժանկարի նկարահանման որակից խօսելը մասնագէտների գործն է, բայց մի քանի խոտան նշեմ նաեւ նկարահանման մէջ, որը տեսանելի է ցանկացած դիտողի համար: Գուցէ թէ միայն շարժանկար սարքողը գիտի, թէ ինչու՞ են մի քանի գործող անձինք, որոնց մէջ նաեւ գլխաւոր հերոսներից մէկը` Նժդեհի տիկին Գոհարը, մի քանի րոպէով մտնում-թառում այնտեղ, յետոյ անհետ կորչում: Հերոսուհիներից մէկը, կարծեմ Նելի անունով, խօսում էր հայերէնի թէ‘ արեւմտահայերէն եւ թէ‘ արեւելահայերէն տարբերակներով: Դիտողը գլխի չի ընկնում այդ կինը արեւմտահա՞յ էր թէ՞ արեւելահայ: Նոյնն է անում նաեւ Գարեգին Նժդեհի գրագիրը, այն տարբերութեամբ միայն, որ եթէ աղջիկը հաւասարաչախ խօսում էր գրական հայերէնի երկու տարբերակներով, ապա երիտասարդ տղան հաւասարաչափ տիրապետում էր մի քանի բարբառի… Բազմաթիւ ուրիշ խեղաթիւրումներ էլ կան, որոնք յիշատակելը սոյն գրութեան ծաւալը պիտի եռապատկէր: Գարեգին Նժդեհի խառնուածքի, բնաւորութեան որոշ գծերի ու սովորութիւնների, հաւանած գրողների ու հերոսների, սիրած երգերի եւ այլնի մասին գօնէ տարրական պատկերացում կազմելու համար բեմադրիչն ու դերակատարը պարտաւոր էին կարդալ Գ. Նժդեհի գիտական կենսագրականը, նաեւ` Երեւանի բանտում հարցաքննած բարձրաստիճան սպայի եւ բանտապահ ծառայողների վկայութիւնները նրա վարքի, խառնուածքի եւ մի քանի սովորութիւնների մասին: Երեքն էլ` Կոստանդին Աբովեանը(ծն. 1924 թ.), Վարդան Մելքումովը(1912-2003 թ.)եւ Վաչէ Յովսէփեանը(1919-2003 թ.)վկայում են, որ Գարեգին Նժդեհի բերանից ոչ միայն հայհոյանք, այլ նոյնիսկ որեւէ կոպիտ բառ չեն լսել, խիստ սակաւապետ էր, քչակեր, չը ծխող , խնդրել չէր սիրում, խօսում էր փաստերով յագեցած, տրամաբանուած, յամոզիչ: Շատ հանդարտ եւ զուսպ էր, ինքնատիրապետման բացառիկ ունակութիւն ունէր, միշտ հաւասարակշռուած էր, լուրջ էր, բայց ոչ մռայլ, խրոխտ քայլուածք ունէր, սովորական-կենցաղային խօսքը եւս շատ յամոզիչ էր եւ առիքնող, խօսում էր հանդարտ, չէր բռնկւում, չէր զայրանում: Նրա համբերութիւնն ու զսպուածութիւնը, իրեն տիրապետելու անզուգադիր կարողութիւնը խօսակցի համակրանքը շահող ազդեցութիւն ունէին եւ զարմացնում էին բոլորին`նրա նկատմամբ թելադրելով ներքին յարգանք: Չափից աւելի համբերատար էր լսելու մէջ եւ վճռական ու իմպերատիւ`իր սկզբունքներն ու կարծիքները դիմացինին ներկայացնելիս կամ դրանք պաշտպանելիս: Առինքնող եւ յամոզիչ ձայնի ինտոյացիան յիշեցնում էր Վահրամ Փափազեանի ձայնը, հարցաքննութիւնների ժամանակ սովորութիւն ունէր դէմքի մկանները կծկել, որով«լիցքաթափում էր ներքին լարումը»: Հարազատներին գրած 1954 թ. սեպտեմբերի 1-ի եւ 1955 թ. օգոստոսի 24-ի նամակներում իր բնաւորութեան մասին ուղղակի վկայութիւն ունի նաեւ Գարեգին Նժդեհը. «Դուք ինձ գրում էք. «հիպերտոնիկներին ջղայինանալ-ներվայնանալ չի կարելի»… Սիրելիներս, ես ջղային չեմ, ոչ էլ բռնկւող, ես էթիկապէս ծայրայեղ զգացական եմ. այն ամէնը,-կեանքում թէ փիլիսոփայութեան մէջ,-ինչ որ տրամաբանութեանը դէմ է, իմ մէջ վիրաւորում է ճշմարտութիւնը եւ առաջացնում հոգեկան ցաւ: Ահա թէ որտեղից են իմ հիւանդութիւններց երկուսը` հիպերտոնիան եւ սրտի արատը… Ես չէի կարծում, որ դուք իմ նամակների բովանդակութիւնից կարող էք եզրակացնել իմ ջղային-ներվային լարուածութեան մասին: Սխալւում էք, սիրելիներս, իմ աշխարհընկալման մարդը չի ջղայինանում: Ես ապրում եմ հին յեղափոխականի ու հայրենասէրի ողբերգութիւնը, որը խաբուել է իր ակնկալիքնորում»: Տես Ռ. Համբարձումեան, Գարեգին Նժդեհ, կենսագրական յաւելումներ, անտիպ գրութիւններ եու խորհրդածութիւններ, Երեւան, 2005 թ., էջ 16-24: Եզրակացութիւն.
Մենք մեր բոլոր սերունդներին դարեր շարունակ թշնամու դէմ մարտնչել ենք սովորեցրել մեր ազգայինի սրբութիւններ Հայկ Նահապետի, սուրբ Վարդան Մամիկոնեանի-Վարդանանց, Լեւոն Մեծագործի եւ նմանների սխրանքներով: Մեր երկիրը թէեւ ոչ ռազմադաշտում, բայց պատերազմի մէջ է: Այսպիսի դէպքերում կռւող կողմերի գերխնդիրը դառնում է թշնամու թիկունքում հակառակորդի ռազմական ոգին եւ դիմակայութիւնը ջլատել-կազմալուծելը: Եւ ահա միջինից ցածր իմացականութեան տէր կինոբեմադրիչը իր նմանների հետ մեր երկրում հրապարակ է հանել մի անորակ եւ պարզունակ շարժանկար,որով հայոց ազգային 4500-ամեայ գաղափարաբանութիւնը վերականգնած, 1912-1921 թթ. թուրք-թաթարներին ամենաշատ խորտակիչ հարուածները հասցրած ազգային գաղափարախօսին եւ առասպելական զօրավարին դարձրել է լացակումած կռվարար` վարկաբեկելով ու զօրազրկելով հայ ազգի բոլոր ժամանակների մեր յաւերժարդի մարգարէներից մէկին: Եթէ բեմադրիչը լինէր գօնէ նուազագոյն բարոյականի տէր մէկը, առանց այդպիսի մեծութեան վարքը եւ աշխատութիւնները գօնէ թռուցիկ ուսումնասիրելու, նրա մասին շարժանկար ստեղծել չէր յանդգնի: Սակայն մեր դէմ կանգնած է իմացականութիւնից զուրկ մի վաշխառու, որը առանց Գարեգին Նժդեհի կեանքի եւ գործի մասին տարրական գիտելիքների, նրա մասին սարքել է մի շարժանկար, որը առնուազն յիսուն տարով յետ է մնում արդի կինոարուստի մակարդակից: Իրօք, այդ շարժանկարը սովետական 1950-60 ական թթ. եւ ռուսական վերջին շարժանկարների ապաշնորհ կրկնութիւնն է, որն ի դէպ իր էութեամբ, մտածողութեամբ ու յատկապէս հոգեբանութեամբ ոչ մի հայկական բան չունի մէջը: Բեմադրիչի հասել է այնտեղ, որ խմբագրել-շինծու յօրինումներով արատաւորել է նաեւ ազգային սրբութեան կենսագրականը: Միայն դրամաշորթ լկտի արկածախնդիրը կը յանդգնէր ԱՅՍՊԷ’Ս մերձենալ անբաղդատելի գաղափարատու ռազմաքաղաքական հանճարին, որը 1918-1921 թթ. կռուելով իր ուժերն ու ռազմապաշարը ՅԻՍՈՒՆԻՑ ՀԱՐԻՒՐ անգամ գերազանցող` իր բառով ասած` թրքոբոլշեւիկ բռնակալութեան դէմ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿԵՑ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅԱԹԱՓՈՒՄ-ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԻՑ, որը ԹՐՔՈԲՈԼՇԵՒԻԿ ԴԱՇԻՆՔԻ ԳԵՐԱԳՈՅՆ ԽՆԴԻՐՆ ԷՐ: Եւ ահա մեր դարաւոր թշնամու դէմ դարձեալ պատերազմի մէջ գտնւող Հայաստանում, իրեն արուեստագէտ ներկայացնող դրամաշորթը եօթ միլիոն դոլլար մխսելով`սարքել-հայութեանն է ներկայացրել մի շարժանկար, որը Գարեգին Նժդեհի կենսագրականը պղծում է նրա հետ որեւէ առնչութիւն չունեցող վարկաբեկիչ բազմաթիւ դրուագներով, իսկ իր մակարդակի դերակատարի ՀԱԿԱՆԺԴԵՀ խաղով էլ չէզոքացնում մեր մի քանի սերունդներին զօրաւորող գաղափարատուի վիթխարի հեղինակութիւնն ու ազդեցութիւնը: Հայոց ազգային սրբութեան եղծուած կենսագրականը եկամտաբեր գովազդ դարձնելու համար շարժանկարի պղծագործ հեղինակը եւ գողականի դեր խաղացող նրա ընտրած դերակատարը նկարահանման ծախսերի մէկ մասը վճարած Հայաստանի պետական կառոյցի խաժամուժ ղեկավարութեան հետ միասին պէտք է ենթարկուեն հանրութեան համատարած պարսաաւանքին ու արհամարհանքին, որովհետեւ. Մօտ երկսուկէս ժամ տեւողութեան շարժանկարը ոչ այլ ինչ է, եթէ ոչ Գարեգին Նժդեհի կենսագրականի եւ նրա ասոյթների`իրար խանգարող-ժխտող-բովանդակազրկող
շահատակութիւններ: Գարեգին Նժդեհի ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ դարձելով ֆաշականութիւն, վարկաբեկել են նրա ազգային հայրենապաշտ գաղափարաբանութիւնը: ՀՀ քաղաքացիների ազգային արժանապատւութիւնը ոտնահարելն ու երկրի ռազմաքաղաքական պատմութիւնը խեղաթիւրելը եւ պետական բանակի ռազմունակութիւնը քայքայելը պատերազմի մէջ գտնւող երկրներում համարւում է պետական դաւաճանութիւն: Որպէսզի յետագայում որեւէ մէկ այլ արկածախնդիր յանդգնութիւն չունենա մրոտելու մեր ազգային սրբութիւններին եւ հայոց պատմութիւնը, ՀՀ բնակչութիւնը, սփիւռքահայութիւնը, յատկապէս հայոց բանակի եւ ոստիկանութեան սպայակազմն ու շարքայինները, նաեւ դպրոցականները եւ ուսանողութիւնը, ընդհանրապէս համայն հայութիւնը, պէտք է պատերազմի մէջ գտնւող մեր երկրի պաշտպանութիւնը կազմալուծող եւ հայերիս արժանապատւութիւնը խոշտանգող այդ շարժանկարը յայտարարեն մեր հայրենիքում կազմակերպուած ամօթալի դիւերսիա:
ՀՀ սահմաններում եւ ամէնուր գործող հայոց հեռուստաընկերութիւններին ու ձայնակայաններին յորդորում եմ իրենց հեղինակութիւնը այս ամօթալի շարժանկարը հեռարձակելով չարատաւորեն:
Ռաֆաել Համբարձումյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Arman says:

    Մի քանի բառ ՙԳարեգին Նժդեհՙ ֆիլմի մասին: Քննադատական հոդվածները հիմնականում վերաբերում են պատմական անհամապատասխանությանն ու Նժդեհի կորպարի մանրացմանը: Ու ոչ մի ռեցենզիայում նույնիսկ խոսք անգամ չկա այս ֆիլմ կոչվածի գեղարվեստական կողմի մասին. միանգամից պարզ է դառնում, որ եւ քննադատողները, եւ գովաբանողները ընդհանրապես ոչ մի կապ չունեն կինոյի հետ եւ կինոյի մասին պատկերացումները նրանց սահմանափակվում են հայկական սերիալներով ու ռուսական ՙբրիգադաներովՙ: Ինչեւիցե. քննադատողները պետք է հասկանան, որ կինոն հեղինակային արվեստա է, եւ հեղինակը իրավունք ունի թույլ տալ իր հերոսների հետ ՑԱՆԿԱՑԱԾ ազատություն, տալ նրանց հատկություններ եւ ստեղծել իրադարձություններ, որոնք պատմական իրականության հետ ոչ մի կապ չունեն: Այս առումով Նժդեհի մասին պատմող այս ֆիլմի քննադատությունն անիմաստ է ու անհիմն: Այլ բան, որ այստեղ ՚կինոՙ ընդհանրապես չկա. չկա ռեժիսուրա, չկա դինամիկա, իսպառ բացակայում են հեղինակային հայացքը, մոնտաժը, դերասանական խաղը եւ այլն: օպերատորը փորձում է հոլիվուդյան ֆիլմերից թխած մի քանի տրյուկ իրականացնել, որոնք օտար են նայվում նման անտաղանդ ֆիլմում: Այնպես որ, եթե իսկապես հասկացել եք ֆիլմի թերությունները, ապա առաջին հերթին մատնանշեք նրա գեղարվեստական եւ տեխնիկական խոտանները:
    Եթե Քեշիշյանի այս տեսապատկերը լիներ ոչ թե տեսապատկեր, այլ կինո՝ բառիս ամենաիսկական իմաստով, ապա կարելի էր աչք փակել պատմական անճշտությունների վրա: Այդ դեպքում ես կկանգնեի ֆիլմի ստեղծողների կողքին: Բայց եթե մի մարդ իրեն դնում է ռեժիսորի տեղ՝ իրականում չունենալով կադրի զգացում, չունենալով այդ մասնագիտության համար պարտադիր հոտառություն, ապա նրա ստեղծածն էլ կինո չի լինի:
    Իսկ արտահայտությունը, թե ,սկզբում դու արա, հետո քննադատիրՙ խոսում է արտահայտությունն անողի սահմանափակ լինելու մասին. ոչ մի կինոքննադատ կյանքում ինքը կինո չի ստեղծել:

  2. Պ-ն Ռ.Համբարձումյան, ես չկաեկացա ֆիլմր մինջւ ավարտ դիտել,
    Լալիս էի կատաղից … թքեցին իմ պատվին …
    Մ. Գորկին գրել է սողուն չի կարող թռչել.
    էշէշյանը այո էշէշյան թրթուր ինչպես համրձակվեցիր …
    ԱՐԾԻՎ ԳԱԵԳԻՆ ՆԺԴԵՀ
    վերջին հազար տարում ամենա զորավար,փիլիսփա և մեց հաը
    ներիր

  3. Ramela says:

    Մենք հայերս նախանձ ու եսասեր մարդիկ ենք : Մի թերագնհատեք , երբ դեռ լավը ձեր ձեռքի տակ չունեք: Ֆիլմը մնում է ֆիլմ և նա ոչ միշտ է լինում իրական դեմքերով :Այսօր ազգս հայոց չի կարող ծնել Գարեգին Նժդեհ, որին և շատ կսպասենք: Ֆիլմի կերպարին էլ կարող ենք համակերպվել ,չէ որ դա ֆիլմ է:

  4. Փիրուզ says:

    Բնական է, որ աշխարհում կան մնայուն և անցողիկ արժեքներ: Կան նաև իրական և արհեստական գեղեցկությունը գնահատող մարդիկ: Նույնքան բնական է, որ իրական գրականությունը ճանաչել ցանկացող մարդը գետնանցումում չի հարցնի “կոմիքսների գիրք”, իրական երաժշտությանը առնչվել ցանկացողը` չի դիմի համակարգչի միջոցով կազմած երաժշտությանը, իրական գեղեցկությունը գնահատողը չի գովերգի պլաստիկ վիրաբույժների համառ միջամտության հետևանքով գոյացած “գեղեցկությունը”: Գարեգին Նժդեհի կերպարին ծանոթանալ ցանկացողը կդիմի արխիվային նյութերին, իրական փաստերի վրա հրատարակված գիտական աշխատություններին: Եթե այս ֆիլմի միջոցով Նժդեհի կերպարի մասին գաղափար պիտի կազմեն, ապա դա նույնն է, ինչ ասենք սիրո մասին պատկերացում կազմել սերիալների միջոցով…Կան մնայուն և անցողիկ արժեքներ, կա լույս և խավար…Ժամանակը լավագույն դատավորն է:

  5. Քրիստ Մանարյան says:

    Ամենից շատ ինձ զվարճացրեց այն, որ Ամենայն Հայոց Նժդեհագետռը մեջբերումներ անելիս հղումներ է անում ինքն իրեն….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728