Նախագահը գովեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը
ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպում ունեցավ նաեւ Երեւանի Էրեբունի վարչական համայնքում:
Այստեղ Սերժ Սարգսյանին բավական շատ հարցեր տվեցին` սկսած Երեւանի փողոցներում տեղադրված տեսախցիկներին մինչեւ հանգիստը կազմակերպելուն վերաբերվող: Շատ դեպքերում հարցը տվողն ինքը թերեւս չէր պատկերացնում ինչի մասին է խոսքը, քանի որ կցկտուր, կիսատ-պռատ, կմկմալով արտաբերում էին, հավանաբար նախապես գրված ու չսերտված տեքստերը:
Տեսախցիկների վերաբերյալ հարց տվողին Սերժ Սարգսյանն անգամ ոգեւորեց, քաջալերեց` առաջարկելով չլարվել, հանգիստ ասել ասելիքը, անգամ եթե ցանկանում է ռուսերենով շարադրել միտքը: Ի դեպ, այս հարցին պատասխանելիս, Սերժ Սարգսյանն ասաց, որ Երեւանի փողոցներում տեղադրված տեսախցիկներն օժանդակեցին անգամ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված հանցագործության բացահայտմանը եւ, օրինակ բերելով միջազգային փորձը, հարցրեց. «Ի՞նչն ա խանգարում, վարորդները նեղանում ե՞ն, արագ ե՞ ն ուզում քշել: Ոչինչ, կլարվեն, կլարվեն, հետո կհարմարվեն»:
Կարդացեք նաև
Մշակույթի ոլորտին վերաբերվող հարցին պատասխանելով՝ Սերժ Սարգսյանն այստեղ եւս խոսեց չարչրկված սերիալներից ու «Գարեգին Նժդեհ» ֆիլմից: «Հասկանում եմ, որ որակյալ չի, բայց ետ գնանք մի 7-10 տարի առաջ. ավելի լավ է բրազիլական սերիալնե՞րը նայեն, թե՞ մերը: Մարդիկ փորձ են ձեռք բերում: Էդ կինո հանելը հեշտ բան չի, էսօր աշխարհի մեկ-երկու երկրներ են կարողանում նորմալ կինո հանել: Օրինակ, իմ կարծիքով, «Գարեգին Նժդեհ» ֆիլմը շատ հաջողված ֆիլմ է, եւ դա արդյունք է, որ այդ դերասանները բազմաթիվ սերիալներում դերակատարություն են ունեցել»: Հարցը բարձրացնողը չհամաձայնեց Սերժ Սարգսյանի հետ, ասելով, որ եւ սերիալների, եւ «Գարեգին Նժդեհի» մասին ինքը իր մոտեցումն ունի`պրոֆեսիոնալ տեսակետից: Նախագահը համաձայնեց. «Հասկանում եմ, դրա համար էլ տարբերվում ենք էլի, դու մշակույթում ես աշխատում, ես ուրիշ տեղ եմ աշխատում»:
Պատասխանելով մեկ այլ հարցի էլ՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ երկու պաշտոն կա, որոնցից կամավոր չի հրաժարվի` շախմատի ֆեդերացիայի նախագահի եւ ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահի:
Այստեղ եւս հարց եղավ աշխատատեղերի մասին ու ի տարբերություն նախորդ անգամների, երբ Սերժ Սարգսյանը պնդում էր քաղաքապետարանում առկա 150 աշխատատեղերի մասին` 150 հազար դրամ աշխատավարձով, այս անգամ այդ աշխատատեղերի մասին չխոսեց եւ ասաց 70-80 հազար դրամ աշխատավարձերի մասին:
Ի դեպ, Aravot.am-ը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին խնդրեց, որպեսզի հանդիպումից հետո պարզաբանումներ տա այդ առիթով որոշ հարցերի: Քաղաքապետը թեեւ համաձայնեց, բայց հետո խոստումը չպահեց եւ արագ հեռացավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ինչ սարսափելի խայտառակություն: Տեսեք մուսուլմանական երկրները ինչպես են պայքարում
իրենց իրավունքների համար,՝ այ՛ առաջին քրիստոնյա երկրի ժողովուրդ: