Լրահոս
Օրվա լրահոսը

80 տարեկան մի գյումրեցի զայրացավ ու իր հերթին զայրացրեց Հրանտ Բագրատյանին

Փետրվար 11,2013 21:20

OLYMPUS DIGITAL CAMERAԱյսօր Շիրակի մարզի գյուղեր, ինչպես նաև Գյումրի էր այցելել ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:  Ի տարբերություն Սերժ Սարգսյանի հանրահավաքի, որտեղ ներկա-բացակա անելու սպառնալիքով բոլոր պետական կառույցների աշխատակիցներին հարկադրել էին  գալ Գյումրու  թատերական հրապարակ,  և տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, ում լսելու համար թատրոնի դահլիճում  մի ոտքի տեղ անգամ չէր մնացել, Հրանտ Բագրատյանի հետ զրուցելու էին եկել մի քանի տարեց գյումերցիներ:

Նրա հանդիպումը «Հոկտեմբեր» կինոթատրոնի միջանցքում էր, որտեղ նա հարզացրույց տվեց լրագրողներին, այնուհետ սկսեց պատասխանել երկրի տնտեսությամբ հետաքրքրված բողոքավոր մի քանի տարեցների հարցերին: Նրան ուղղված հարցերը  բազմազան էին, օրինակ` ինչո՞ւ են այդքան մեծ քանակությամբ պատգամավորների  պահում, ինչո՞ւ ընտրողը չի կարող  հետ կանչել մատը մատին չխփող պատգամավորին, ինչո՞ւ  նախարարությունների թիվը չեն կրճատում, ի՞նչ է անելու մարզպետարանը, այն ավելորդ , փող ուտող կառույց է: Կային բողոքներ ուղղված նաև մաքսայինի դեմ, օրինակ` ինչո՞ւ շանս չեն տալիս իրենց արտադրանքը Ռուսաստանից  ներկրելու:

Եվ մինչ Հրանտ Բագրատյանը իրեն ուղեկցող  տղային կանչում էր, ասելով` տղա ջան,  մի հատ ծրագիրս բեր ու այն հրամցնում էր մարդկանց, մի ծերունի զայրացած  մոտեցավ ու մեղադրանքներ հնչեցրեց  վարչապետ Բագրատյանի հասցեին: Նա  ասաց, թե երկրաշարժից հետո փլված տան դիմաց ստացած փոխհատուցումը` փողի տեսքով  գցել են բանկը ու հիմա չի  կարողանում  բանկից ստանալ այդ գումարը: «Հարգելի Բագրատյան, գոնե էդ բանկի փողերը ձեռքներիցս չառնեիք, կորցրած տների փողերը գոնե չտանեիք, հիմի դու գուզես պրեզիդենտ էղնիս, նորից էղածը  դաբավկա էնես վրեն», – ասաց ծերունին ու ձեռքը թափ տալով ` փորձեց  հեռանալ: Հրանտ Բագրատյանն  ի սրտե զայրացավ ` կանչելով . «Արի էստեղ, մի գնա, ի՞նչ իրավունք ունես ինձ էդպես բան ասելու»: Թեկնածուն այնուհետ շարունակեց.« Հիմա լսի, 91 թվի դեկտեմբերի  4-ին Ելցինը հայտարարեց, որ Խնայբանկի հետ գործ չունեք. Ռուսաստանը  փող չի տալիս: Բայց էնքան թասիբ ենք ունեցել պատերազմի մեջ գտնվելով, որ 91 թվին վարչապետ Բագրատյանն ասում  է` ես էդ պարտքը ընդունում եմ, գրում եմ պետական պարտք ու հետ եմ տալու: Դրանից հետո պարտքը մի անգամ ինդեքսացնում են: Հիմա եկել եմ,  ասում եմ` պետությունը հիմա կոպեկներ է տալիս, քո խոսքը խնաբանկի ավանդների մասին է , չէ՞: 50 անգամ պակասացրեց,  հիմա հետ է տալիս , ասում եմ` կդարձնեմ աբլիգացիա, որ փող էլ չունենամ, կթողնեմ քո ժառանգորդին,  մինչև կես միլիարդ դոլար կվերադարձնեմ:  56-րդ կետը նայի ծրագրիս, Էստոնիան օրինակ ասեց` ես թքած ունեմ,  էդ սովետի փողերն է, չենք տալիս, իսկ մենք էդքան թասիբ ենք ունեցել, որ 93 թվին դա համարել ենք պետական պարտք, ավանդների թղթերը արխիվացրել ու պահել են »:

Հրանտ Բագրատյանի  պարզաբանումը չգոհացրեց պապիկին, ով նորից դժգոհեց,  որ ինքը 80 տարեկան է, ասենք ժառանգ էլ չունի, ո՞վ պիտի ստանա իր գումարը: «Ոչ Ձեր կառավարությունն էր մի բան, ոչ էլ թազա եկացողն է մի բան , գործ անող չեք էլի»,-զայրացած ասաց պապիկը ու հեռացավ:

Ի դեպ, Հրանտ  Բագրատյանը բնակիչների հետ հանդիպման  ժամանակ անդրադարձավ նաև Պարույր Հայրիկյանի հետ միավորվել-չմիավորվելու խնդիրն` նշելով, որ Սահմանադրական դատարանին դիմում ներկայացնելը,  այնուհետ հետ վերցնելը,  դա թամաշություն է , իսկ թամաշությունով զբաղվելու փոխարեն գերադասում է քարոզարշով զբաղվել: Լրագրողների հետ զրույցում էլ նշեց, որ նախ պիտի համոզվի, որ նրանք, ում սեղան է նստում, ընդդիմություն են, այնուհետ մտածի միավորվելու մասին:

Հրանտ Բագրատյանի ու գյումրեցիների հարց ու պատասխանի  մասին առավել մանրամասն ընթերցեք վաղվա «Առավոտ» օրաթերթում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. քաղաքացի says:

    Առավոտի րաֆֆիապաշտությունն ու հրանտատյացությունն օրեցօր ավելի արտահայտված է դառնում:

  2. Galust says:

    հաճույք եք ստանում Բագրատյանին կծելուց?

  3. Vaginak says:

    Այս անգամ ընդդիմադիրներին՝ Ռաֆիին և Բագրատյանին ժողովուրդը շատ լավ է ընդունում ու մեծ հույսեր է կապում մանավանդ Ռաֆֆիի հետ էսպես որ գնա Սերժը ընտրակեղծիքներովվ էլ չի հաղթի:

    Վրաստանի պատմությունը Հայաստանում էլ կկրկնվի:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728