Աժ պատգամավորը Հայաստանի արդի վիճակը մշուշոտ համարեց
Փետրվարի 11-ին Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական այցով Տավուշի մարզում էր: Նրան ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Աժ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Իջեւան քաղաքի մերձակա Գետահովիտի գյուղամիջում ելույթ ունենալով՝ Զարուհի Փոստանջյանը մատնացույց արեց իրենց դիմաց գտնվող, չգործող երկհարկանի խանութը (որտեղ տեղակայված է Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը) եւ ասաց.«Տեսնում ենք այս դիմացի պատկերը, կեղտոտ ապակիների հետեւից Սերժ Սարգսյանի նկարն է՝ դեպի իբրեւ թե ապահով Հայաստան: Կեղտոտ այդ ապակիների հետեւից մենք այդ ապահով Հայաստանը չենք տեսնում, մենք տեսնում ենք ուղղակի մշուշի մեջ, խավարի մեջ Հայաստան, որն այսօր, ցավոք սրտի, մեր ներկայիս Հայաստանն է: Բոլորս երեւի մեր մեղքի բաժինն ունենք, որ այսօր այս վիճակում ենք հայտնվել: Բայց նաեւ պիտի ասեմ, որ մենք ունենք նաեւ հնարավորություն մեր սխալներն ուղղելու՝ճիշտ ընտրություն կատարելու եւ գնալու դեպի այն հայրենիքը, այն մեր երազած հայրենիքը, որը պատկանելու է մեզ՝ յուրաքանչյուրիս: Փետրվարի 18-ին մենք ունենք այդ հնարավորությունը՝ բեկում մտցնելու մեր պատմության մեջ»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ