Նա մարզպետին հորդորեց ազատ ընտրություններ անցկացնել
Փետրվարի 11-ին նախընտրական այցով Տավուշի մարզում էր գտնվում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, խորհրդարանի նախկին պատգամավոր, ծագումով Տավուշի մարզից Ստյոպա Սաֆարյանը: Առաջին հանդիպումը Իջեւան քաղաքի կենտրոնում` Շատրվանների հրապարակում էր: Իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այցելելու է Տավուշի մարզպետին, իր այցը «բարեկամական է» :
Ելույթից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը իջեւանցի մի քանի դեռատի աղջիկների եւ լրագրողների ուղեկցությամբ ոտքով այցելեց մարզպետարան, մտավ մարզպետի աշխատասենյակ: Նա մարզպետ Արմեն Ղուլարյանին հորդորեց, որ այս անգամ ընտրությունները ազատ անցկացվեն, դա Սահմանադրության պահանջն է: 14 տարի որպես մարզպետ պաշտոնավարող, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Արմեն Ղուլարյանն ասաց, որ իրենք միշտ էլ առաջնորդվել են ՀՀ Սահմանադրությամբ, որ երբեւէ Սահմանադրության եւ օրենքների խախտում թույլ չեն տվել: Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր մարդիկ սխալական են, մարզպետն էլ հակադարձեց,թե իրենք սխալներ թույլ չեն տալիս: Ր.Հովհաննիսյանն ասաց, որ նախորդ 20 տարիներին ընտրությունները խախտումներով են եղել: Ա. Ղուլարյանն առարկեց` դա ձեր կարծիքն է: «Դա իրականություն է»,-հակադարձեց մարզպետի աշխատասենյակում գտնվող Զարուհի Փոստանջյանը:«Ես կարծում եմ ձեր հանդիպման վայրն այլ տեղ է, տիկին, կարող եք այնտեղ միտինգ անել»,-Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին խորհուրդ տվեց մարզպետը:
Վերջում Ր. Հովհաննիսյանը, հիշեցնելով , որ մարզպետը ընտրությունների անցկացման համար օրենքի առաջ պատասխան է տալու, մարզպետին մաղթեց բարի ծառայություն եւ բարի ընտրություն:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ